Մատչելիության հղումներ

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է նոր չափանիշներով ստեղծել պատերազմը քննող հանձնաժողով


Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյան («Հայաստան»)
Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյան («Հայաստան»)

Նախագծով այնպիսի չափանիշներ են սահմանված, որ հանձնաժողովի կազմը լինի ապակուսակցական ու քննի անաչառ

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է 44-օրյա պատերազմը քննող նոր հանձնաժողով ստեղծել նոր օրենքի հիման վրա։ Օրենսդրական նախաձեռնությունն այս շաբաթ շրջանառության մեջ կդնի։

Նախագծով այնպիսի չափանիշներ են սահմանված, որ հանձնաժողովի կազմը լինի ապակուսակցական ու քննի անաչառ, մանրամասնեց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը. - «Սկզբունքային հարցը հենց էստեղ է։ Որ եթե մենք ուզում ենք անկողմնակալ քննություն, բացահայտում, մեր առաջարկած մոդելը լավագույն մոդելներից մեկն է»։

Պատերազմը քննող հանձնաժողով իշխանությունն արդեն ստեղծել է՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի պահանջով։ Այն ձևավորվել է Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի հիման վրա։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները հրաժարվում են մասնակցել, քանի որ իշխանությունն այստեղ մեծամասնություն է և, ըստ նրանց, այս կազմով չի կարող օբյեկտիվ քննություն կատարել։

«Այս քննիչ հանձնաժողովի հիմնական պրոբլեմներից մեկը հենց դա է, որ կա շահերի բախում», - ասում է Մինասյանը։

Ընդդիմության առաջարկում է ինը հոգանոց հանձնաժողով ստեղծել, որում չորս թեկնածու կառաջարկի ընդդիմությունը, չորսը՝ իշխանությունը, իսկ մեկը՝ Մարդու իրավունքների պաշտպանը։ Առաջարկվող թեկնածուներն, ըստ նախագծի, չպետք է լինեն պատգամավորներ կամ կուսակցականներ։

«Այս չորսից առնվազմ մեկը պետք է առաջադրվի Արցախի խորհրդարանական ուժերի կողմից տրված թեկնածուներից։ Ինչո՞ւ։ Շատ պարզ, որովհետև պատերազմը տեղի է ունեցել Արցախում», - նշեց Մինասյանը։

Իշխանությունն ու ընդդիմությունը մեկական թեկնածու ընտրելու իրավունք ունեն, երկուական թեկնածուներ ընտրում են գերիների ու անհայտ կորածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ու արտախորհրդարանական ուժերի առաջարկով։ Թեկնածուներն ու աշխատանքի կարգը հաստատվում են Ազգային ժողովի նիստով։

«Ընդ որում, պահանջները հետևյալն են. այս մարդիկ ոչ միայն չպետք է որևէ այլ գործով զբաղվեն, այլ նաև այս անձինք և իրենց մերձավորները որևէ ձևով չպետք է պաշտոններ զբաղեցրած լինեն պատերազմի ժամանակահատվածում», - ներկայացրեց Մինասյանը։

Եթե այսպիսի չափանիշներով են ընտրվում թեկնածուները, այլևս միևնույն է հանձնաժողովի նախագահը իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության թեկնածուներից է, ընդգծեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, թե նրանք պետք է անձեռնմխելի լինեն, աշխատեն էթեկայի խիստ կանոններով, որ ինֆորմացիայի արտահոսք չլինի. - «Պատգամավորը չի կարող ձեռի հետ զբաղվի այդ գործով։ Ուղղակի չի կարող։ Այստեղ պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջվում՝ զերծ նաև ընթացիք քաղաքական թոհ ու բոհից»։

Ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունը կդրվի հանրային քննարկման։

Ընդդիմության ներկայացուցիչը համոզված է, որ նոր հանձնաժողով ստեղծելու հարցը փակված է

Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ է, կմասնակցի քննարկմանը, բայց համոզված է, որ նոր օրենքի հիման վրա հանձնաժողով ստեղծելու հարցը փակված է. - «Ինչ-որ նոր հանձնաժողով ստեղծելու, նոր հեծանիվ ստեղծելու պատմություններ, կարծում եմ, այսօր լուրջ չէ և տեղին չէ»։

Armen Khachatrian
Armen Khachatrian

Ըստ իշխանության ներկայացուցչի, Ազգային ժողովի կանոնակարգով անաչառությունը երաշխավորված է։ Արդեն ստեղծված հանձնաժողովի դռները բաց են, ընդդիմությունը կարող է միանալ պատերազմի քննությանը։ Այս հանձնաժողովում իշխանականները 7 հոգի են, ընդդիամդիր պատգամավորները, եթե միանան՝ չորսն են։

Ըստ Խաչատրյանի, այս կազմով էլ կարող են օբյեկտիվ քննել. - «Օբյեկտիվության վերահսկման ամենաարդյունավետ մեթոդը դա նրանց ներկայություն կլինի այդ հանձնաժողովի աշխատանքներին։ Չորս հոգով կարող են մասնակցել, և նույն լիազորությունները ունեն, ինչպես բոլոր պատգամավորները»։

Ընդդիմության նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ է խորհրդարանի մեծամասնության քվեն։ Իսկ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասին չունեն այդքան ձայն։ Եթե իշխանությունը չմիանա, կտապալվի նախաձեռնությունը։

«Եվ եթե իշխանությունը, օրինակ, փորձի առարկել այս մոտեցմանը, ստացվում է, որ իշխանության նպատակը իրականում ոչ թե իրականությունը բացահայտելն է պրոֆեսիոնալ հենքի վրա, այլ քողարկել իրենց սխալները, իրենց բացթողումները, առերևույթ հանցագործությունները», - պնդեց Արծվիկ Մինասյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը դեռ դիրքորոշում չի հայտնել՝ միանալու են, թե ոչ։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որ պաշտպանության հանձնաժողովի անդամ է, փոխանցեց, որ Արցախում է ու այս թեմայով քննարկման առիթ դեռ չի ունեցել։

XS
SM
MD
LG