Մատչելիության հղումներ

Անդրանիկ Քոչարյանն արձագանքում է Լևոն Տեր-Պետրոսյանի կոչին


Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյան («Քաղաքացիական պայմանագիր»)

«Եթե նույն տրամաբանությամբ գնանք, պետք ա Տեր-Պետրոսյանը նաև կոչ աներ Մարտի 1-ի փաստահավաք խումբ էլ չստեղծվեր, որովհետև կարող էին քաղաքական սրացումներ լինեին», - ասում է ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը։

«Հանձնաժողովը ստեղծված է և շարունակելու է գործունեությունը», -այսպես է արձագանքում ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե անհրաժեշտ է ժամանակավորապես դադարեցնել 44-օրյա պատերազմի հանգամանքների քննությամբ զբաղվող հանձնաժողովի գործունեությունը և հարցին անդրադառնալ ավելի բարենպաստ և հանդարտ իրավիճակում։

«Եթե նույն տրամաբանությամբ գնանք, պետք ա Տեր-Պետրոսյանը նաև կոչ աներ Մարտի 1-ի փաստահավաք խումբ էլ չստեղծվեր, որովհետև կարող էին քաղաքական սրացումներ լինեին։ Պետք ա չգնալ էդ ճանապարհով, պետք ա գնալ հարցի լուծման ճանապարհով», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Տեր-Պետրոսյանը կարծում է, որ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծումը ոչ միայն չի նպաստում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափմանը, այլև ընդհակառակը, ավելի է սրում այն, ըստ էության՝ «ծառայելով բացառապես մեր հակառակորդների շահերին». - «Որքան սրվում է ներքաղաքական իրավիճակը, այնքան թուլանում են Հայաստանի դիրքերը հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, առանց այդ էլ չափազանց բարդ, առաջիկա բանակցություններում»։

Խորհրդարանական ընդդիմությունը, որ բոյկոտում է հանձնաժողովի աշխատանքերը, համակարծիք է, որ այն իր նպատակին չի ծառայի, բայց այլ հիմնավորումներ է ներկայացնում՝ առանց մեկնաբանելու առաջին նախագահի վերապահումները։

Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության մեծամասնությամբ հանձնաժողովը չէր կարող նման ֆունկցիա իր վրա վերցնել, և դրա համար էլ մեր խմբակցությունը պատրաստում է առաջարկ օրենսդրական նախաձեռնության տեսքով, որը շատ շուտով արդեն հանրությանը կներկայացնենք», - ասաց «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը։

Ընդդիադիր պատգամավորը մանրամասնեց, որ խոսքը օրենսդրական փոփոխությունների փաթեթի մասին է, որը ընդդիադիրներին հնարավորություն կտա ստեղծել, իրենց ձևակերպմամբ՝ անկախ ու ամբողջական քննություն իրականացնող հանձնաժողով։

44-օրյա պատերազմի հանգամանքերը քննող այլընտրաքային այս հանձնաժողովի հետ կապված այլ փակագծեր ընդդիմությունը դեռ չի բացում։

Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց. - «Ձևաչափը պետք է հասկանալ, թե ինչպես կարելի է իրականացնել։ Միգուցե կարող է լինել փաստահավաք խումբ, այսօր կհավաքի փաստերը և պատեհ պահին կվերածի զեկույցի և գործընթացի։ Բայց նրբություններ ևս այստեղ կա և' պահի, և' իրավիճակի առումով»։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 2020 թվականի ապրիլին նույնպես առաջարկել էր սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որը «ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում»։ Իշխանությունները այն ժամանակ ևս համակարծիք չէին առաջին նախագահի հետ։ Հանձնաժողովը կրկին Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ շարունակեց և ավարտեց իր աշխատանքը, բայց հանրությունից գաղտնի պահվեց զեկույցը։

Իշխանականները ժամանակ առ ժամանակ միայն կարճ դրվագներ են գաղտնազերծում հանձնաժողովի ուսումնասիրություններից։

«Հինգ ժամ Սեյրան Օհանյանին ինչի՞ էիք հարցաքննում, հենա էդ վերլուծությունը հերիք էր էլի։ Էնտեղ բոլորը մեղավոր էին, բացի իրենից։ Երբ որ իրեն հարցնում ենք բա դո՞ւ ինչ ես արել որպես մինիստր, ասում ա Խաչատուրովն ա մեղավոր», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Ինչո՞ւ չեք ուզում գնալ նիստերին, հնչեցնել ձեզ հուզող հարցերը, օգտագործել հանձնաժողովի գործիքակազմը. այս հարցերին ընդդիմադիրները հակադարձում են, թե իրենց մասնակցությամբ միայն կլեգիտիացնեն գործընթացը։ Ասում են՝ հիմա ո՞վ է հիշում, որ ժամանակին ընդդիադիր պատգաավոր Գևորգ Գորգիսյանը հատուկ կարծիք էր թողել, իսկ իշխանական Քրիստինե Պողոսյանը ընդհանրպես չէր ստորագրել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի եզարակցության տակ։

Պողոսյանը այսօր էլ հրաժարվեց խոսել չստորագրելու պատճառների մասին։

XS
SM
MD
LG