Մատչելիության հղումներ

Կառավարությունում հույս ունեն մոտ ապագայում Ադրբեջանի ու Իրանի հետ ստորագրել երկաթուղու վերագործակմանն առնչվող փաստաթղթեր 


Արխիվային լուսանկար

Հայաստանի կառավարությունում հույս ունեն դեպի Ադրբեջան ու Իրան ձգվող երկաթուղու վերագործարկման շուրջ ներկայիս բանակցությունների արդյունքում` մոտ ապագայում Բաքվի ու Թեհրանի հետ ստորագրել մաքսային և սահմանային հսկողությանն առնչվող փաստաթղթեր։

Կառավարության այս փետրվարի 17-ի նիստում, հայտարարելով, թե գործադիրը վերաձևակերպել է «Հյուսիս-Հարավ» նախագիծը՝ դարձնելով «Հյուսիս-Հարավ/Արևելք-Արևմուտք» կամ «Հայկական խաչմերուկ», և հույս ունի այն մեծ տեմպերով իրականացնել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միաժամանկ նշեց՝ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերագործարկման վերաբերյալ առաջիկայում սպասվում է փաստաթղթի ստորագրում։

Ի պատասխան «Ազատության» հարցման, թե ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից այսօր մանրամասնել են. - «Երբ խոսք է գնում տարածաշրջանային նշանակություն ունեցող ենթակառուցվածքի մասին, ակնհայտ է, որ պետք է նաև հարաբերություններ կարգավորվեն դրա հետագա շահագործման հետ կապված այն հարևան երկրների հետ, որոնք իրենց հերթին, իրենց ենթակառուցվածքներով, միանում են այդ ենթակառուցվածքին: Տվյալ դեպքում դա Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունն է: Համապատասխանաբար, մաքսային և սահմանային հսկողության հետ կապված բոլոր այն հարցերը, որոնք այս պահին կարգավորված չեն կողմերի միջև, պետք է կարգավորվեն: Բնականաբար, պետք է կարգավորվեն նաև ենթակառուցվածքի լիարժեք շահագործման նպատակով կողմերի՝ շինարարական աշխատանքների զուգահեռ անելիքները և դրանց ժամանակացույցը: Այս պահին որևէ փաստաթուղթ դեռ չի ստորագրվել, բայց հույս ունենք, որ մոտ ապագայում կհամաձայնեցվի և կստորագրվի»:

Երկաթուղու վերականգնման դաշտային հետազոտությունն ավարտված է

Փոխվարչապետի գրասենյակից նաև մանրամասնել են, թե ցայսօր ինչ աշխատանքներ են իրականացվել հայաստանյան կողմում՝ հայ-ադրբեջանական երկաթուղային և ավոտոմոբիլային հաղորդակցությունը վերականգնելու համար։

«Վարչապետի 2022 թվականի հունվարի 14-ի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ-Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանի գլխավորությամբ: Վերոնշյալ աշխատանքային խմբի առաջարկության հիման վրա «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամը նշված երկաթուղային ենթակառուցվածքի հայաստանյան հատվածների ինժեներական, գեոդեզիական և գործիքային հետազոտություններ է իրականացրել։ Այս պահին Հիմադրամի կողմից դաշտային և լաբորատոր աշխատանքներն ավարտված են, պատրաստվել են համապատասխան հաշվետվություններ, որոնք ներկայացվել են աշխատանքային խմբին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը»,- ասված է պատասխանում։

Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերագործարկման նպատակով ստեղծված եռակողմ հանձնաժողովի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի ու Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը կայացավ անցած տարվա հունվարին Մոսկվայում:

Կառավարությունից ամփոփել են, թե ինչ է արվել նախորդ մեկուկես տարում. «Փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների շրջանակներում ստեղծվել են երկու ենթախմբեր, որոնք տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում փորձագիտական մակարդակով ուսումնասիրել են միջազգային փոխադրումների հետ կապված տեխնիկական և ենթակառուցվածքային հնարավորությունները, սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության իրականացման հարցերը՝ ԱՊՀ նորմատիվ իրավական բազայի, ինչպես նաև այլ բազմակողմ միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների կարգավորումների շրջանակներում, որոնց Հայաստանի Հանրապետությունը միացած է կամ կողմ է հանդիսանում: Նույն համատեքստում գնահատվել են նաև տարածաշրջանի այլ երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների և ուղիների հետ հնարավոր կապերի տնտեսական ու լոգիստիկ էֆեկտները»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG