Մատչելիության հղումներ

Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու աշխատանքների իրականացման համար հատուկ խումբ է ստեղծվել


Կառավարությունը երեկ հատուկ խումբ է ստեղծել՝ Հայաստանն Ադրբեջանին կապող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման համար:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, 10 անձից կազմված խումբը եռամսյա պարբերականությամբ պետք է վարչապետին տեղեկացնի կատարված աշխատանքի մասին։ Թե երբ կմեկնարկեն շինարարական աշխատանքները, դեռ հայտնի չէ։

Աշխատանքային խումբը կղեկավարի Իրանում Հայաստանի նախկին դեսպան, այժմ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, նա մեր հեռախոսազանգերն այսօր անպատասխան թողեց։ Երկաթուղու վերականգնման համար ստեղծված խմբում ներառված են ինչպես պաշտոնյաներ, այնպես էլ ոլորտային մասնագետներ՝ շինարարներ, պրոֆեսորներ։

Սա ապաշրջափկման ուղղությամբ հայկական կողմի առաջին առարկայական քայլն է՝ 44-օրյա պատերազմից հետո ավելի քան մեկ տարի տևած բանակցություններից հետո:

2021-ի ավարտին՝ երկու երկրների առաջնորդների նախ Սոչիում, ապա՝ Բրյուսելում կայացած հանդիպումներից հետո հայտարարվեց՝ կողմերը համաձայնել են գործարկել Հայաստանն ու Ադրբեջանն իրար կապող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը: Ըստ այդմ, Ադրբեջանի հետ կապը վերականգնելու համար Հայաստանը Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցի, կառավարության հաշվարկով սա մոտ 200 միլիոն դոլար կարժենա, շինարարությունը կտևի շուրջ երեք տարի, թե կոնկրետ երբ կմեկնարկի երկաթգծի կառուցումը, դեռ հայտնի չէ։

Ադրբեջանն իր կողմում շինարարությունը դեռ անցած տարվա փետրվարին է սկսել, Բաքուն նախատեսում է աշխատանքներն ավարտին հասցնել հաջորդ տարվա առաջին եռամսյակում։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեկտեմբերին «Ազատության» հետ հարցազրույցում հայտնել էր՝ մինչ երկաթգծի Մեղրիի հատվածի կառուցումը քննարկվում է Երասխը ադրբեջանական Սադարակին կապող երկաթուղու մի քանի հարյուր մետրի վերագործարկումը, ինչը թույլ կտա Հայաստանը երկաթգծով կապել Իրանին:

«Անկեղծ ասած` մենք նման ցանկություն ունենք, և իհարկե, ցանկացած հնարավորություն ապաշրջափակման, որը հնարավոր է իրականացնել այսօր գործող ենթակառուցվածքների շնորհիվ, իհարկե, ցանկալի է, որպեսզի տեղի ունենա, բայց անկեղծ ասած` բնականաբար, դա բանակցությունների առարկա է, և ասել միանշանակ, որ դա տեղի կունենա, կամ նույն Վրաստանի հատվածը տեղի կունենա անմիջապես, ես հիմա չեմ կարող ասել», - նշել է Գրիգորյանը։

Ըստ Տնտեսագետի, պարզ չէ, թե երկաթգծի գործարկումը կոնկրետ ինչ տնտեսական օգուտներ կտա Հայաստանին

«Երկաթուղու ապաշրջափակման ամենաքիչ ծախսատար ու աշխատատար փուլը կամ գործընթացը Երասխ-Նախիջրան-Իրան երկաթգծի վերականգնում է, քանի որ այստեղ հիմնականում պահպանվել է երկաթգծային ցանցը», - ասաց Տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետի գնահատմամբ՝ դեռ պարզ չէ, թե երկաթգծի գործարկումը կոնկրետ ինչ տնտեսական օգուտներ կտա Հայաստանին։ Ըստ Պարսյանի, Ադրբեջանի հետ երկաթուղային կապի վերականգնումն ու կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացն առաջին հերթին քաղաքական են։

«Այսինքն՝ մենք գերագնահատում ենք շատ հաճախ այս ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Այո, Հայաստանը պետք է ունենա բաց ճանապարհներ, այլընտրանքային հնարավորություններ, բայց սա չպետք է որպես հրաշք ներկայացնել, սա օբյեկտիվ գործընթաց պետք է դիտարկել», - ընդգծեց տնտեսագետը։

Հայաստանի իշխանությունները հայտարարում են՝ մտադիր են օր առաջ ունենալ այդ երկաթուղին, դա էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, քաղաքական և անվտանգային միջավայրը։ Կառավարությունն ընդգծում է՝ Ադրբեջանին կապող երկաթուղին գործելու է սահմանային և մաքսային միջազգային կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով և երկրների ինքնիշխանության ներքո։

Խորհրդային տարիներին Հայաստանն ու Ադրբեջանը երկաթուղային երկու կապ ունեին. մեկը Երասխ-Նախիջևան-Մեղրի-Հորադիզ-Բաքուն էր, մյուսը՝ Իջևան-Ղազախը։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ երկու ուղղությունն էլ փակվեցին։

XS
SM
MD
LG