Մատչելիության հղումներ

10 օրից հետազոտություններ կսկսվեն երկաթուղու վերականգնվող երկու հատվածներում․ Թումանյան


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Շուրջ տասն օրից Հայաստան-Ադրբեջան երկաթուղու հայկական կողմի վերականգնվող երկու հատվածներում մասնագետները կսկսեն տեղում ուսումնասիրություններ իրականացնել, ինչի հիման վրա էլ հետագայում նախագիծ կմշակվի։ Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Արտաշես Թումանյանը:

«Ընդ որում, այդ խմբի աշխատանքներին կմասնակցեն ոչ միայն մեր աշխատանքային խմբի անդամները, այլև ռուսական երկաթուղու մասնագետները», - ասաց Թումանյանը։

Խորհրդային միության փլուզումից հետո չգործող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածության մասին կողմերը հստակ հայտարարեցին նախորդ տարեվերջին Սոչիում, ապա Բրյուսելում՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումներից հետո։

Ըստ այդմ, Ադրբեջանի հետ կապը վերականգնելու համար Հայաստանը Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցի։ Կառավարությունը մեկ ամիս առաջ վերականգնման աշխատանքների համար 10 հոգուց կազմված հատուկ խումբ ստեղծեց, որն էլ ղեկավարում է վարչապետի խորհրդական, Իրանում Հայաստանի նախկին դեսպան Արտաշես Թումանյանը։

Թե հայկական կողմում, երբ կսկսվի շինարարությունը, դեռ հայտնի չէ։ Վարչապետի խորհրդականի խոսքով՝ այդ աշխատանքները սկսելու համար Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է ամրագրվեն փաստաթղթով։

«Էսպիսի ծավալի աշխատանքներ սկսել հայկական կողմի համար ընդունելի է, եթե ամրագրվեն դրանք փաստաթղթային որևէ ֆորմատով։ Երկկողմանի կամ երրորդ կողմն էլ կարող է լինել, բայց առնվազն երկու կողմերը պետք է պարտավորվեն անել, որովհետև էդ ենթակառուցվածքները պետք է միանան, միասին պետք է աշխատեն։ Այսինքն՝ համատեղ աշխատանքի տիրույթներ էլ կան», - ասաց աշխատանքային խմբի ղեկավարը։

Արտաշես Թումանյանը նախնական գնահատականներ ներկայացրեց. Հայաստան- Ադրբեջան երկաթուղու Երասխի հատվածը վերականգնելու համար ամիսներ են պետք, իսկ Մեղրիի հատվածում, որտեղ 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցվի, անհրաժեշտ կլինի երեք տարի։ Թե որքան կարժենան այս աշխատանքները Հայաստանի համար և գումարը որտեղից է ներգրավվելու, վարչապետի խորհրդականի խոսքով, դեռ հստակ չէ։

«Դեռ դետալիզացիայի կարիք կա։ Ես տարբեր թվեր եմ տեսել տարբեր տեղեկանքների մեջ՝ 220, 250, 278 և այլն, նույնիսկ ավելին, բայց միայն դրանով չի ավարտվում, որովհետև կան նաև հարակից կառույցներ, օրինակ, մաքսակետեր։ Դա երկաթուղին չի, բայց էդ բոլոր ենթակառուցվածքները եթե չունենանք մենք, աշխատող ենթակառուցվածք չենք ունենա», - եզրափակեց Թումանյանը։

«Ազատության» հարցին, կա՞ն խոսակցություններ այն մասին, թե գումարը որտեղից, Թումանյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, աշխատանքային խումբը դրանով չի զբաղվել, որոշ տեսակետներ կան. կարելի է օտարերկրյա վարկեր ներգրավել, և կարծում եմ, բավականաչափ մեծ է հավանականությունը, որ էդպիսի դրական արձագանք կլինի, հենց ռուսական կողմից էլ կա պատրաստակամություն՝ քննարկել այդ հարցը, որ իրենք ներդրում անեն»:

Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսել էր մոտ 200 միլիոն դոլարի մասին։

Թումանյանի ղեկավարած աշխատանքային խմբի անդամ, անկախ Հայաստանի տրանսպորտի առաջին նախարար Հենրիկ Քոչինյանն «Ազատությանը» փոխանցեց՝ իրենց առաջին հետազոտությունները կտևեն շուրջ երկու շաբաթ, ինչից հետո մասնագետները տեխնիկական առաջադրանքը կհստակեցնեն։

«Էդ աշխատանքների հիման վրա կազմվում է սովորաբար տեխնիկական առաջադրանք, թե ինչ ենք ուզում, ինչպիսին ենք ուզում, ինչ արագությամբ և այլն, նոր դրա հիման վրա կազմվում է նախագիծ: Գործիքային ուսումնասիրություն պետք է լինի: Բացի էդ նախկինից մնացած ինժեներական կառույցներ կան, դրաց վիճակի ուսումնասիրություն կկատարվի», - ասաց Քոչինյանը:

Ադրբեջանը Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու իր կողմում գտնվող հատվածներում շինարարությունը դեռ մեկ տարի առաջ է սկսել, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն օրերս հայտարարեց՝ կատարվել է շինարարական աշխատանքների 24 տոկոսը և նախատեսվում է այն ամբողջությամբ ավարտել 2023 թվականին։ Բայրամովը պնդել է՝ Ադրբեջանում աշխատանքների ընթացքը ցույց է տալիս, թե Բաքուն որքան է կարևորում իր ստանձնած պարտավորություններն ու ինչ վերաբերմունք ունի, իսկ հայկական կողմն, ըստ Ադրբեջանի արտգործնախարարի, ոչինչ չի արել հակասական հայտարարություններից բացի։

Հայաստանի իշխանությունները, սակայն, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացի մասին խոսելիս մշտապես ընդգծում են՝ սա Երևանի առաջնահերթություններից է։

XS
SM
MD
LG