Մատչելիության հղումներ

Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթ է հայտարարվել. վարչապետ


Այսօր Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթ է հայտարարվել, կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով՝ նախագիծը ռազմավարական նշանակություն ունի։

Նախաորակավորման փուլը տևելու է 70 օր։ Մրցույթի առաջին փուլում հրավիրվել են այն կազմակերպություններն, որոնք կարող են հայտ ներկայացնել՝ իրականացնելու ճանապարհի շինարարությունը, ասաց Փաշինյանը՝ շարունակելով՝ որակավորված ընկերությունները կմասնակցեն շինարարության համար հայտարարված մրցույթին․ - «Պետք է ամեն ինչ անենք, որ այս պրոցեսը մինչև տարեվերջ ամբողջությամբ ավարտենք և արդեն գործնականում մնա միայն իրագործման փուլը»։

Նախագծի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է, տեղեկացրեց գործադիրի ղեկավարը՝ շեշտելով․ - «Այս մասշտաբի ներդրումային ծրագիր, ըստ էության, Հայաստանի անկախության պատմության մեջ չի իրականացվել»։

Ըստ Փաշինյանի, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեմայի քննարկումների արդյունքում Հյուսիս-հարավ նախագիծը վերաձևակերպել են և դարձրել են Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք նախագիծ՝ հույս հայտնելով, որ այս նախագիծը կիրականացնեն մեծ տեմպերով։

«Սա նշանակում է, որ այդ ճանապարհի ճյուղերից մեկը, նկատի ունեմ Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք, կամ եթե, կարճ ասենք, հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը կլինի Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրան Իսլամական Հանրապետություն, մյուս ճյուղը՝ Ադրբեջան-Հայաստան և հետագայում դեպի Նախիջևան-Թուրքիա, և մենք այս նախագիծը տեղավորում ենք այս ընդհանուր կոնտեքստում։ Հույս ունենք, որ մինչև տարեվերջ շինարարական ընկերություն կունենանք, որը կիրականացնի աշխատանքը։ Արևելք-արևմուտքի նախագծային հատվածը արված չէ, բայց հընթացս, քաղաքական համաձայնությունների ձեռբերման համատեքստում, մենք շատ արագ կիրականացնենք նաև այդ հատվածը», - ասաց վարչապետը։

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ հիմա կոնկրետ աշխատանքներ են իրականացնում Երասխ- Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար՝ հույս հայտնելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով, և արդեն դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի:

Խորհրդային միության փլուզումից հետո չգործող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածության մասին կողմերը հստակ հայտարարեցին նախորդ տարեվերջին Սոչիում, ապա Բրյուսելում՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումներից հետո։

XS
SM
MD
LG