Մատչելիության հղումներ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերն անցկացրել են աշխատանքային խմբի նիստ


Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը Մոսկվայում, 30-ը հունվարի, 2021թ․

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկն ու Շահին Մուստաֆաևը այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ նիստը, հայտնում են կառավարությունից:

Նիստի ընթացքում քննարկվել է համատեղ աշխատանքի ընթացքը, որը բխում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի (տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը), ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարության 2, 3, 4 կետերի իրականացումից:

Նոյեմբերի 9-ի եռակոմ հայտարարության 9-րդ կետով պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև, որ ՀՀ-ն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով:

«Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը», - ասված էր հայտարարությունում:

Հունվարի 11-ի հայտարարության 2, 3, և 4, կետերով, հիշեցնենք, սահմանվում էր հետևյալը.

2. Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի Հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

3. Գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։ Փորձագիտական ենթախմբերը, աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում կներկայացնեն նախագծերի ցանկ, որում կներկայացնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները` դրանց իրականացման և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար:

4. Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները»:

Այսօրվա տեսակոնֆերանսին համաձայնեցվել է հետագա աշխատանքի ժամանակացույցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG