Մատչելիության հղումներ

Վարչապետը հայտարարում է «Հայկական խաչմերուկ» նախագծի մասին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը։

Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը հույս ունի մեծ տեմպերով իրականացնել այդ նախագիծը։

Հայաստանի կառավարությունը վերաձևակերպել է «Հյուսիս-Հարավ» նախագիծը՝ դարձնելով «Հյուսիս-Հարավ/Արևելք-Արևմուտք» կամ «Հայկական խաչմերուկ», և հույս ունի այն մեծ տեմպերով իրականացնել՝ այսօր կառավարության նիստում հայտատարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գործադիրի նիստում, սակայն, ոչ ոք չբարձրաձայնեց, որ ավելի քան 12 տարիների ընթացքում Հայաստանի կառավարություններին հաջողվել է կյանքի կոչել Վրաստանն Իրանին կապող «Հյուսիս-Հարավ» 556 կիլոմետրանոց մայրուղու ընդամենը 5 տոկոսը՝ այն էլ անորակ մի ավտոճանապարհի տեսքով։

«Այդ ճանապարհի ճյուղերից մեկը, նկատի ունեմ Հյուսիս-hարավ, արևելք-արևմուտք, կամ եթե կարճ ասենք՝ հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը, կկապի հյուսիսը հարավին, այսինքն, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս ճյուղը, ըստ էության, Ադրբեջան, Հայաստան և հետագայում՝ դեպի Նախիջևան, Թուրքիա», - ներկայացրեց վարչապետը:

Երկաթուղու վերագործարկման վերաբերյալ առաջիկայում սպասվում է փաստաթղթի ստորագրում

Պակաս ուշագրավ չէր վարչապետի հաջորդ հայտարարությունը, թե Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերագործարկման վերաբերյալ առաջիկայում սպասվում է փաստաթղթի ստորագրում։

Փաշինյանը, սակայն, մանրամասներ չհայտնեց. օրինակ՝ արդյո՞ք այն վերջակետ է դնելու ամիսներ շարունակ Երևանի ու Բաքվի միջև հրապարակային բանավեճին, թե ինչ իրավազորության ներքո են գործելու Ադրբեջանը Նախիջևանին կապող երկաթուղային և ավոտոմոբիլային ճանապարհները։ Կամ արդյո՞ք փաստաթուղթը ստորագրվելու է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, թե՞ այն լինելու է եռակողմ՝ նաև Ռուսաստանի ներգրավվածությամբ, քանի որ երկաթուղու վերագործարկման բանակցություններին նախորդ շաբաթներին մասնակցում էին «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչները։

«Իհարկե, Արևելք-արևմուտքի նախագծային հատվածն արված չէ, բայց հընթացս քաղաքական պայմանավորվածությունների և համաձայնությունների ձեռքբերման համատեքստում մենք շատ արագ կիրականացնենք նաև այդ հատվածը: Գիտեք նաև, որ մենք հիմա կոնկրետ աշխատանքներ ենք իրականացնում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար: Ըստ էության, չնայած տեխնիկական և նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել ենք, առաջիկայում հույս ունենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով և արդեն նաև դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի», - նշեց Փաշինյանը:

Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, ով երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավարն է, նախորդ շաբաթ «Ազատությանը» փոխանցել էր, թե Հայաստան - Ադրբեջան երկաթուղու հայկական կողմի վերականգնվող երկու հատվածներում մինչև ամսվա վերջ մասնագետները կսկսեն տեղում ուսումնասիրություններ իրականացնել, ինչի հիման վրա էլ հետագայում նախագիծ կմշակվի։

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց. - «Հյուսիս-հարավ հատվածում մենք բնականոն գործող ճանապարահներ ունենք, արևելք-արևմուտք հատվածում բնականոն գործող ճանապարհներ չունենք: Իհարկե, հույս ունենք նաև Արևելք-արևմուտք հատվածով հնարավորինս արագ հասնել լուծումների և, ըստ անհրաժեշտության, ունենալ ժամանակավոր գործող ճանապարհ և հետագայում՝ այս նախագծի ամբողջացման կոնտեքստում ունենալ նաև հիմնական, արդեն վերջնական, այս նախագծի համատեքստում գործող ճանապարհ»:

Փաշինյանն առավոտյան անդրադարձավ ճանապարհներին, որովհետև այսօր կառավարությունը հայտարարել է «Հյուսիս-Հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան 60 կիլոմետրանոց հատվածի կառուցման նախաորակավորման մրցույթի մեկնարկի մասին։ Առաջիկա 70 օրվա ընթացքում ընկերությունները հայտեր են ներկայացնելու, որից հետո որոշվելու է, թե որ ընկերություններն են համապատասխանում պահանջներին։ Այս փուլից հետո էլ արդեն որակավորված ընկերությունները կմասնակցեն ճանապարհահատվածի շինարարության մրցույթին։

Վարչապետը հույս հայտնեց, որ ողջ գործընթացը կավարտվի մինչև տարվա վերջ, որից հետո կսկսվի ճանապարհի կառուցումը։

Գնել Սանոսյան
Գնել Սանոսյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով, այսօր Սիսիանից Քաջարան կարելի է երթևեկել միջինը ժամում 50 կիլոմետր արագությամբ, նոր ճանապարհի կառուցման արդյունքում արագությունը կմեծանա մինչև ժամում 100 կիլոմետր, ինչը թույլ կտա Սիսիանից Քաջարան երթևեկությունը կրճատել երկու ժամով. - «6 տարի ժամկետ է նշվում ծրագրի իրականացման համար: Ամբողջովին նոր ճանապարհային հատված է, որտեղ կան շուրջ 4,7 կմ միայն կամուրջներ, որոնք ընդհանուր առմամբ 27 կամուրջներ են: Կան 12 կմ-ից ավելի թունելային հատվածներ, դրանք 5 թունելներ են, որոնցից մեկը միայն 8,6 կմ երկարություն կունենա»։

Թե որքան կարժենա է «Հյուսիս-Հարավ» մայրուղու թերևս ամենաբարդ՝ Սիսիան-Քաջարան 60 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը, կառավարության այսօրվա նիստում ոչ ոք նշեց։ Վարչապետն ասաց՝ մի քանի հարյուր միլիոն դոլար։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանն անցած տարվա նոյեմբերին «Ազատությանը» հայտնել էր՝ 920 միլիոն դոլար։

2021-ի հուլիսին Եվրամիությունը հայտարարեց Հայաստանին 2,6 միլիարդ եվրո աջակցության փաթեթի մասին, նշված գումարից 600 միլիոնը նախատեսված է հենց Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG