Մատչելիության հղումներ

Պուտինը հրամայել է չեղարկել «Ազովստալ» գործարանի գրոհը


Այս օրերին որոշվում է գրեթե երկու ամիս ռուսական բանակին դիմադրող Մարիուպոլի վերջին պաշտպանների ճակատագիրը։

Ռուսաստանի նախագահն այսօր հրամայել է չեղարկել Մարիուպուլի «Ազովստալ» գործարանի գրոհը։

«Արդյունաբերական գոտու գրոհն աննպատակահարմար եմ համարում։ Հրամայում եմ այն չեղարկել։ Սա այն դեպքն է, երբ մենք պետք է մտածենք, այսինքն՝ միշտ պետք է մտածենք, բայց այս դեպքում՝ առավել ևս, մեր զինվորների ու սպաների կյանքն ու առողջությունը պահպանելու մասին։ Կարիք չկա մտնել այդ կատակոմբների մեջ, սողալ գետնի տակ։ Շրջափակեք այդ արդյունաբերական տարածքն այնպես, որ ճանճն անգամ չանցնի», - հայտարարել է Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուհի հետ անձնական հանդիպման ժամանակ։

Երկար դադարից հետո Պուտինի ոչ միայն հանդիպել է Շոյգուի հետ, այլ նույնիսկ նստել նրա հետ անսովոր փոքր սեղանի շուրջ։

Շոյգուն Պուտինին զեկուցել է Մարիուպուլը «ազատագրելու» մասին, բացառությամբ «Ազովստալ» գործարանի տարածքի, որտեղ «ապահով շրջափակված են ուկարիանացի զինվորներն ու օտարերկրյա վարձկանները»։

«Ազովստալ» ձեռնարկությունը զբաղեցնում է 11 քառակուսի կիլոմետր տարածք, այն ստորգետնյա հաղորդակցություններով քաղաք է քաղաքի մեջ, որտեղ այս պահին պատսպարվում են մի քանի հազար ուկրաինացի զինվորականներ և, ուկրաինական կողմի հաղորդմամբ, շուրջ հազար քաղաքացիական անձինք։

Պուտին ու Շոյգուն գործարանի տարածքում գտնվող քաղաքացիական անձանց մասին ոչինչ չեն ասել այսօր։

Ապրիլի 19-ին ռուսական կողմը հայտարարեց «Ազովստալի» գրոհի մասին: Գործարանի տարածքի վրա սկսեցին գերծանր ռումբեր նետել։ Նույն օրը երեկոյան ուկարիանկան կողմը հայտնել էր, որ գործարանը «գրեթե ամբողջությամբ ավերվել է»։

Մի քանի օր շարունակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հորդորում էր «Ազովստալում» գտնվող ուկրաինացի զինվորականներին վայր դնել զենքն ու հանձնվել։

«Ազովի» մարտիկներն էլ հայտնում են, որ պատրաստ են տարհանվել Մարիուպոլից, սակայն չեն ցանկանում հանձնվել։

Չորեքշաբթի երեկոյան Ուկրաինայի Ազգային գվարդիայի «Ազով» գնդի փոխհրամանատար Սվյատոսլավ Պալամարը տեսաուղերձում ասել էր, որ գնդի մարտիկները պատրաստ են լքել Մարիուպոլը, սակայն չեն համաձայնվում հանձնվել և թողնել մահացածների մարմինները, վիրավորներին և զենքը։

Հետաքրքիքր է, որ այսօր գիշերը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, թե «Ազովստալ» գործարանը ռուսները կվերցնեն մինչև օրվա ավարտը։ Եվ սա առաջին անգամը չէ, երբ Կադիրովը պատերազմական գործողությունների հետ կապված մի բան է հայատարում, իսկ Կրեմլը քիչ անց փաստացի հերքում է՝ հակառակը հայատարելով։

Ռուս վերլուծաբաննները նկատում են, որ Պուտինի և Շոյգուի այս օրերի համար անսովոր դեմ առ դեմ հանդիպումը փոքր սեղանի շուրջ, գրոհը դադարեցնելու համար Պուտինը հրամանը վկայում են Կրեմլի ռազմավարության փոփոխության մասին։

Կալանավորված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շտաբերի նախկին ղեկավար Լեոնիդ Վոլկովը մասնավորապես գրել է, թե պատերազմի սկզբից ի վեր երկու ամսվա ընթացքում առաջին անգամ Պուտինը տեսախցիկների առջև հայտնվեց որպես գլխավոր հրամանատար, և տեսանյութի ուղերձը ակնայտ է՝ մի' հարձակվեք, մի' գրոհեք, փրկե'ք մարդկանց կյանքեր։

Լեոնիդ Վոլկով
Լեոնիդ Վոլկով

«Երբ Պուտինը հրապարակավ ինչ-որ բան է ասում, դա գրեթե միշտ արդյունք է այն բանի, որ նախագահի աշխատակազմը հասարակական կարծիքի հարցումներ է անցկացրել և եկել եզրակացության, որ այժմ պետք է խոսել քաղաքական միավորներ վաստակելու համար։ Ես միանգամայն վստահ եմ, որ «Ազովստալի» գրոհից հրաժարվելու Պուտինի այսօրվա անսպասելի հրամանը ապացույցն է այն բանի, որ պատերազմին զանգվածային աջակցություն ռուսաստանյան հասարակության կողմից չկա», - գրել է Վոլկովը։

Միաժամանակ, և' Վոլկովը, և' փորձագետները կարծում են, որ սա ամենևին էլ չի նշանակում, թե «Ազովստալի» ռմբակոծությունները չեն վերսկսվի մի քանի ժամ կամ օր անց։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG