Մատչելիության հղումներ

Բայդեն. Պուտինը չէր մտածում, որ ՆԱՏՕ-ն այսչափ միասնական կլինի Ուկրաինայի հարցում


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը, ԱՄՆ-ի ԶՈւ գլխավոր շտաբերի միացյալ կոմիտեի պետ, գեներալ Մարք Միլլին և բարձրաստիճան այլ զինվորականներ, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 20 ապրիլի, 2022թ.
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը, ԱՄՆ-ի ԶՈւ գլխավոր շտաբերի միացյալ կոմիտեի պետ, գեներալ Մարք Միլլին և բարձրաստիճան այլ զինվորականներ, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 20 ապրիլի, 2022թ.

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ ասել է, թե Վլադիմիր Պուտինը, հավանաբար, չի ենթադրել, որ ՆԱՏՕ-ն այսչափ միասնական կլինի Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը դատապարտելու և դրան դիմակայելու հարցում:

«Չեմ կարծում, որ նա մտածում էր, թե մենք միասնական ենք», - ասել է Բայդենը Սպիտակ տանը բարձրաստիճան ամերիկացի զինվորականների հետ հանդիպման ընթացքում:

Պատերազմի առաջին օրվանից սկսած Արևմուտքը, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն քաղաքական, ֆինանսական և ռազմական հսկայածավալ օգնություն են տրամադրել Ուկրաինային և Ռուսաստանի նկատմամբ ծանրագույն պատժամիջոցներ են սահմանել:

Պատերազմի ընթացքում Ուկրաինայից փախուստի է դիմել ավելի քան 5 միլիոն բնակիչ, դա Եվրոպայում միգրացիոն ամենամեծ ճգնաժամն է Երկրորդ աշխարհամարտից հետո:

Նախագահ Ջո Բայդենը գովեստով է խոսել ռուսների ագրեսիային դիմադրող ուկրաինացիների խիզախության մասին:

«Ես գիտեի, որ նրանք [ուկրաինացիները] պինդ են ու հպարտ, բայց որ այդչափ պինդ ու հպարտ են՝ չէի պատկերացնում»,- ասել է Բայդենը:

Նա նշել է, որ ուկրաինացի զինծառայողները շատ լավ տիրապետում դրսից ստացված զենքին:

Բայդենի խոսքով՝ Միացյալ Նահանգները և դաշնակիցներն ամեն օր են զենք ուղարկում Ուկրաինա:

«ՆԱՏՕ-ն միասնական է, կենտրոնացած և եռանդուն, այդպես միշտ է եղել»,- ասել է Ջո Բայդենը:

XS
SM
MD
LG