Մատչելիության հղումներ

Հնարավոր է` մեզ հաշված օրեր են մնացել, եթե ոչ ժամեր․ Մարիուպոլում շրջափակված ուկրաինացիների հրամանատարը օգնություն է խնդրում


Ռուսները վերջնաժամկետ են տվել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում շրջափակված ուկրաինական ուժերին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 14-ին վայր դնել զենքը և հանձնվել։ Մետալուրգիական այդ հսկա գործարանի տարածքում շրջափակման մեջ են «Ազով» գումարտակի և ծովային հետևակի մի մասը։

Ուկրաինայի ծովային հետևակի բրիգադի հրամանատար, մայոր Սերգեյ Վոլինը հուսահատ կոչով դիմել է ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Թուրքիայի և Ուկրաինայի առաջնորդներին՝ փրկելու իր մարտիկներին:

«Սա հնարավոր է` մեր վերջին դիմումն է, հնարավոր է` մեզ հաշված օրեր են մնացել, եթե ոչ ժամեր», - անցած գիշեր Ֆեյսբուքում տեղադրված տեսաուղերձում Մարիուպոլից ասել է Սերգեյ Վոլինը, նշելով, որ ռուսական ուժերը տասնապատիկ գերազանցում են իրենց, 500 վիրավոր ունեն ու հարյուրավոր խաղաղ բնակիչներ, որոնք ռուսական հրետակոծություններից թաքնվել էին «Ազովստալի» տարածքում։ Նա խնդրել է կազմակերպել բոլորի տարհանումը երրորդ երկիր։

Նախկինում ևս ռուսական ուժերը Մարիպուլում մնացած ուկրաինական ջոկատներին հանձնվելու առաջարկ էին արել, բայց նրանք մերժել էին` իրենց կողմից առաջարկելով մարդասիրական միջանցքներ բացել խաղաղ բնակիչներին տարհանելու համար։ Ավելի քան 50 օր պաշարված քաղաքում, ըստ ուկրաինական կողմի հայտնած տվյալների, դեռ ավելի քան 100 հազար խաղաղ բնակիչ կա։

Այսօր նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել միջանցքներ բացելու համար։ Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն քաղաքացիներին կոչ է արել օգտվել այդ հնարավորությունից։

«Մի՛ վախեցեք և տարհանվեք Զապորոժիե, որտեղ կստանաք ողջ անհրաժեշտ օգնությունը` սննդամթերք, դեղորայք, առաջին անհրաժեշտության ապրանքներ, իսկ գլխավորը՝ անվտանգության մեջ կլինեք»,- նշված է քաղաքի վարչակազմի Տելեգրամի էջում տեղադրված հայտարարությունում։

Ավելի վաղ նա ասել էր, որ նախնական պայմանավորվածություն կա 90 ավտոբուսներով մոտավորապես 6 հազար քաղաքացիների դուրս բերել Մարիուպոլից։

Ուկրաինայի իշխանությունները Դոնբասի բնակիչներին ևս կոչ են անում տարհանվել, քանի որ ռուսական կողմը պատերազմի նոր փուլի մասին հայտարարություններ է անում, որի նպատակն է ամբողջովին գրավել Դոնբասի տարածաշրջանը։

Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը այսօր ասել է, որ իրավիճակը յուրաքանչյուր ժամ վատթարանում է, և բնակիչներին կոչ է արել դուրս գալ, նշելով, որ հետո հնարավոր է` ուշ լինի։

Ռուսական կողմը չնայած հայտարարել է մարտական գործողությունների նոր փուլի մասին, բայց այս պահի դրությամբ Դոնբասի ռազմաճակատի երկայնքով լայնածավալ հարձակում չի նկատվում։ Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ ռուսները փորձում են ճակատային գծում թույլ տեղեր գտնել` միաժամանակ շարունակելով հրթիռակոծել երկրի տարբեր շրջաններում գտնվող ռազմական օբյեկտներն ու բնակավայրերը։

«Անցած մեկ օրվա ընթացքում Դոնեցկի և Լուգանսկի շրջանում հետ է մղվել ռուսական ուժերի մի քանի գրոհ։ Ոչնչացվել է 12 տանկ, 28 զրահամեքենա», - այսօր առավոտյան հայտնել է Զինված ուժերի մամուլի խոսնակ Ալեքսանդր Շպուտունը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովն ասել է, որ անցած օրվա ընթացքում հրթիռային զորքերը հարվածել են ուկրաինական բանակի 1053 ռազմական ենթակառուցվածքների, ոչնչացվել է 31 հրամանատարական կետ, վառելիքի 6 պահուստարան, 910 հենակետ և հակառակորդի կենդանի ուժի կուտակումներ։

Նշենք, որ պատերազմական գործողությունների պայմաններում թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական կողմի հայտնած թվային տվյալները անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG