Մատչելիության հղումներ

Միջազգային հանրությունը պատշաճ և հասցեական արձագանք պետք է տա ադրբեջանական գործողություններին. Միրզոյանը` Իտալիայի ԱԳ նախարարին


Միջազգային հանրությունը պատշաճ և հասցեական արձագանք պետք է տա ադրբեջանական կողմի գործողություններին և աջակցի Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերին: Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երևանում աշխատանքային այցով գտնվող Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ համատեղ ասուլիսին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները արդեն իսկ հստակ և հասցեական արձագանքել են ԼՂ-ում իրադրության վերջին սրմանը` փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի», - ասաց Միրզոյանը:

Ըստ Միրզոյանի` իր իտալացի գործընկերոջ հետ զրույցում վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակել խաղաղ բանակցությունները և խաղաղության պայմանագիր կնքել արդյունքում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո և շրջանակներում:

Իրադրությունը Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ գյուղերում կտրուկ սրվել է նախորդ հինգշաբթի օրվանից, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխի ուղղությամբ։ Անցած կիրակի երեկոյան Ռուսաստանի ՊՆ-ն հայտնեց, որ Ադրբեջանը հետ է քաշել զորքերը Փառուխ բնակավայրից։ Ստեփանակերտը հայտարարում է, որ Քարագլխի հիմնական բարձունքը` ամենաբարձր կետը գտնվում է հայկական կողմի վերահսկողության տակ, սակայն որոշ կարևոր բարձունքներ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ:

Արտգործնախարարների հանդիպմանը անդրադարձ է եղել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին, նշեց իտալացի պաշտոնյան` հավելելով, որ Հռոմը դատապարտում է Ռուսաստանի անընդունելի ագրեսիան և աջակցություն է հայտնում Կիևին:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային զարգացումներին, նա շեշտեց. «Իտալիան տեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամանակ հետևանքների և խաղաղ բնակչության կրած տառապանքների մասին, որպես Իտալիա` մենք չենք զլանա աջակցել խաղաղ բնակչությանը: Մենք դրական ենք վերաբերվում Բաքվի հետ բարձր մակարդակի ուղիղ շփումներին և վճռականորեն աջակցելու ենք խաղաղ, ընդհանուր ու կայուն լուծմանը, որը երաշխավորում է խաղաղության ու կայունության հեռանկարին ողջ կովկասյան տարածաշրջանի համար»:

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խաղաղության բանակցություններին Հայաստանը պատրաստ է լրացրած առաջարկների հիմքի վրա։ Փաշինյանի խոսքերը Ալիևը «լավ ուղերձ» էր որակել, միաժամանակ կրկին ընդգծել՝ Բաքուն արդեն կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը։ Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ըստ Երևանի, խաղաղության օրակարգի հայկական լրացումներից է, որ ուղարկել են Բաքվին, բայց մինչև հիմա, ըստ պաշտոնական աղբյուրների, չեն ստացել պատասխան։

XS
SM
MD
LG