Մատչելիության հղումներ

Փաշինյանը Ալիևի հետ պատրաստվում է քննարկել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների մեկնարկին վերաբերող հարցեր


Հաջորդ չորեքշաբթի՝ Բրյուսելում՝ Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպման օրակարգը պաշտոնապես չի հրապարակվել, բայց կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը հայտարարեց՝ Ալիևի հետ պատրաստվում է քննարկել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների մեկնարկին վերաբերող հարցեր։ Ընդ որում, շեշտեց, Հայաստանը, պատրաստ է դրանց անհապաղ։

Այս հայտարարությունը հնչում է Արցախում մի քանի օր շարունակվող աննախադեպ լարվածության ֆոնին. Ադրբեջանական զինուժի ներխուժման հետևանքով հայկական կողմը ունի երեք զոհ, մեկ տասնյակից ավելի վիրավորներ։

Ադրբեջանից առաջարկներ են ստացվել, պատասխանի մեջ հայկական կողմն էլ իր լրացումներն է արել, որոնց մեխերից, ըստ նախարարի, Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց՝ խաղաղության բանակցություններին Հայաստանը պատրաստ է լրացրած առաջարկների հիմքի վրա։ Այն, որ խաղաղության պայմանագրի համար առաջ քաշված ադրբեջանական 5 առաջարկները Հայաստանի համար ընդունելի են, պաշտոնապես մի քանի օր է՝ հայտարարվում է։ Բայց այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնացրեց դրանցից մեկը՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն ու հատուկ շեշտեց. «Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը»:

Ադրբեջանի նախագահն այսօր «լավ նորություն» է որակել Երևանից հնչող այս հայտարարությունները։ Միաժամանակ կրկին ընդգծել՝ Բաքուն արդեն կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը։ Բրյուսելում նախատեսված հանդիպումից առաջ Ալիևը պնդել է՝ հիմա Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու ժամանակն է։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ից, ԱԺ-ի պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը որևէ լավ սպասելիք չունի բրյուսելյան հանդիպումից:

Կարծում է՝ Ադրբեջանն ուզում է վերջնականապես ծնկի բերել և ստիպել ,որ հայկական կողմն ընդունի զիջումներ, որոնք, ըստ ընդդիմադիր պատգամավորի, անգամ պատերազմի ավարտից հետո կախված չէին Հայաստանի գլխին։

«Կառավարության վերջին երկու նիստերին, Անվտանգության խորհրդի նիստին հնչեցվող հայտարարություններով նաև փորձ է արվում հանրությանը նախապատրաստել մեր համար բավականին չարաբաստիկ կորուստներին, որի գինը ոչ միայն Արցախն է կամ Արցախի հարցի կարգավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, բայց շատ ավելի մեծ և շատ ավելի ընդլայնված մեզ համար կորուստներ է սահմանում: Առ այս պահը դեռևս հայտնի չէ, թե ադրբեջանական ներխուժումները նաև Հայաստանի Հանրապետության տարածք Սյունիքի, Գեղարքունիքի հարվածներում, ինչ է ենթադրում այդ պայմանավորվածություններով և այլն», - նշեց նա:

Աբրահամյանի խոսքով՝ ադրբեջանական առաջարկները շոշափում են միայն ադրբեջանական շահը, իսկ Հայաստանի բարձրաձայնած լրացումները, նրա մտահոգություններն ավելի են խորացրել. «Եթե Հայաստանի համար ինքնորոշման իրավունքի սկզբունքը և դրա իրավունքը սկզբունքային լիներ, ապա դա ուղիղ տեքստով արտահայտված կլիներ, բայց Հայաստանի արտգործնախարարը խոսում է կարգավիճակի, խոսում է Արցախում ապրող մեր հայրենակիցների իրավունքների և ազատությունների մասին, իսկ այդ ձևակերպումը նաև տեղավորվում է ադրբեջանական այդ դիրքորոշման մեջ, որ մենք համարում ենք Արցախում ապրողներին մեր քաղաքացիներ, մենք պատրաստ ենք ապահովել նրանց իրավունքներն ու ազատությունները, ավելին, ասում են նաև անվտանգությունը: Իսկ կարգավիճակը, որտեղ չկա սահմանված ինքնորոշման իրավունքը որպես սկզբունք, նաև որպես ՄԱԿ-ում սահմանված նպատակ, այս պայմաններում կարգավիճակը կարող է հասկացվել՝ կարգավիճակ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, օրինակ, ինքնավարության կարգավիճակ, մշակութային կարգավիճակ և այլն», - ընդգծեց Աբրահամյանը:

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ից Վաղարշակ Հակոբյանը ընդդիմության ձևակերպումների հետ կտրականապես համաձայն չէ, ասում է՝ կառավարության քայլերը Հայաստանի ու Արցախի քաղաքացիների շահերից են բխում։ Բրյուսելի հանդիպում էլ, ըստ նրա, կոնկրետ նպատակով է:

«Ես այդ հանդիպումը և զրույցներն այդ թեմայով դիտարկում եմ հենց այս կոնտեքստում՝ անել ամեն ինչ, որպեսզի լարվածությունը և ստեղծված իրավիճակը չվերաճի ռազմական բախման», - ասաց Հակոբյանը:

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները վերջին անգամ բանակցել են մոտ մեկ ամիս առաջ՝ Եվրոպական խորհրդի ղեկավարի և Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ` հեռավար ձևաչափով: Այդ բանակցություններից հետո ադրբեջանական կողմը վերադարձրել էր ևս 8 հայ գերիների։

Ավելի ուշ Հայաստանի վարչապետը խորհրդարանում հայտարարել էր, թե ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգծի վերականգնման մասին։ Անանուն մնալու պայմանով՝ եվրոպացի դիվանագետներից մեկը «Ազատությանը» փոխանցել էր, որ բրյուսելյան առաջիկա հանդիպման ուշադրության կենտրոնում ևս լինելու է հաղորդակցությունների բացման հարցը։

Չնայած հատկապես երկաթուղու բացման համաձայնությունների մասին ամիսներ շարունակ հնչող հայտարարություններին, Հայաստանի վարչապետն այսօր երկրորդ անգամ՝ վերջին երկու շաբաթվա մեջ հայտարարեց՝ Ադրբեջանը կասկածի տակ է դնում նաև այդ հարցը։

Ի դեպ, բրյուսելյան հանդիպումից առաջ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահը, քննարկել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Ընդգծվել է եռակողմ համաձայնության բոլոր կետերի հետևողական կատարման կարևորությունը, նշում է ռուսական պետական լրատվամիջոցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG