Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ նախագահը Երևանին և Բաքվին կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցություններին

ԵԱՀԿ գործող նախագահը ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին, Երևան
ԵԱՀԿ գործող նախագահը ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին, Երևան

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն կոչ է արել Բաքվին և Երևանին բարեխղճորեն մասնակցել բանակցություններին՝ հասնելու համար բոլոր չլուծված խնդիրների համապարփակ կարգավորմանը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ հայտարարությունում, որը հաջորդել է Ռաուի հարավկովկասյան այցին։

«Լեհաստանը` որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, վճռականորեն աջակցում է երկխոսությունը հեշտացնելուն ուղղված նախաձեռնություններին, որոնք անհրաժեշտ են տեղում լարվածությունը թուլացնելու համար», - ասված է նրա հայտարարության մեջ:

Ըստ Ռաուի` ԵԱՀԿ-ն ակնկալում է առաջընթաց հրատապ հումանիտար հարցերում, ինչպիսիք են կալանավորների ազատ արձակումը, անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը, ականազերծումը և պատմամշակութային վայրերի պաշտպանությունը:

Կազմակերպության գործող ղեկավարն ընդգծել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դերը՝ առաջարկելով ընդլայնել նրա մասնակցությունը առկա խնդիրների լուծմանը։

Նա նաև ողջունել է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունն՝ ընդգծելով, որ այս գործընթացը կարող է նպաստել կայունության բարելավմանը տարածաշրջանում:

Մարտի 29-ից ապրիլի 1-ն ընկած այցի ընթացքում նախարար Ռաուն նշել է, թե ինչ ազդեցություն է ունեցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան տարածաշրջանում անվտանգության իրավիճակի վրա։ Բոլոր երեք մայրաքաղաքներում նա առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հակամարտությունից տուժած բնակչության իրավիճակին։

ԵԱՀԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Զբիգնև Ռաուի ուղևորությունը կենտրոնացած էր անվտանգության առկա մարտահրավերների և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերի վրա, ինչպես նաև ԵԱՀԿ-ի և հարավկովկասյան տարածաշրջանի երեք պետությունների միջև համագործակցության ամրապնդման վրա:

Երևանում եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը վստահեցրել էր՝ ԵԱՀԿ-ն հանձնառու է նպաստել Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը: Այստեղ նրան ընդունել էին նախագահը, վարչապետը, արտգործնախարարը: Ադրբեջանում պաշտոնյան հանդիպումներ է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է խաղաղության բանակցություններին Հայաստանը պատրաստ է լրացրած առաջարկների հիմքի վրա։ Փաշինյանի խոսքերը Ալիևը «լավ ուղերձ» էր որակել, միաժամանակ կրկին ընդգծել՝ Բաքուն արդեն կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը։ Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ըստ Երևանի, խաղաղության օրակարգի հայկական լրացումներից է, որ ուղարկել են Բաքվին, բայց մինչև հիմա, ըստ պաշտոնական աղբյուրների, չեն ստացել պատասխան։

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG