Մատչելիության հղումներ

Բաքվից Երևանին փոխանցված առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա. Միրզոյան


Բաքվից Երևանին փոխանցված առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա, այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Ադրբեջանը, մասնավորապես, առաջարկում է ճանաչել միմյանց ամբողջականությունը, իրար տարածքային պահանջներ չներկայացնել, սահմանազատում իրականացնել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու բացել տրանսպորտային ուղիները։

Թեև Հայաստանի արտաքին գերատեսչությունը իր պատասխանը չի հրապարակել, բայց Բաքվի առաջարկների մասին հայտնի դառնալու հաջորդ օրը Միրզոյանը հարցազրույց էր տվել ու հայտարարել՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների։

«Մեր ընկալումն այն է, որ, ըստ էության, մարտի 10-ին մեզ փոխանցված ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ հարցերը, այդ առաջարկները ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության հնարավոր օրակարգը, և մեր պատասխանները եկել են լրացնելու, ամբողջացնելու այս օրակարգը: Մենք դիմել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, կարող եմ բառացի ասել՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, քաղաքական ու քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը», - նշեց արտգործնախարարը։

Խաղաղության պայմանագրի հարցը ԵԱՀԿ Մինսկի խումբ տանելու իշխանության նախաձեռնությունը քննադատում է խորհրդարանական ընդդիմությունը, կարծում են, որ այդպես ձևախեղվում է ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի ֆորմատը։ Խաղաղության պայմանագիրը ղարաբաղյան հակամարտության հետ փոխկապակցելու ռիսկերի մասին Միրզոյանին հարցրեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Մինսկի խումբը ստեղծվել էր Արցախի ժողովրդի, Արցախի ու Ադրբեջանի միջև խնդիրների լուծման համար, այսինքն՝ ինչո՞վ է պայմանավորված Մինսկի խմբի առաքելության փոփոխությունը», - հարցրեց Խաչատրյանը:

«Անշուշտ պայմանագիրը չէր Մինսկի խմբի մանդատը, Մինսկի խմբի մանդատը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորում տալն էր, գտնել, առաջարկելը կողմերին: Քաղաքական կարգավորումը, կարծում եմ, այդտեղ պատճառահետևանքային տրամաբանական կապերը շատ ուղիղ են աշխատում, երբ որ այդ քաղաքական կարգավորումը կողմերի համար ընդունելի գտնվի, այն պետք է հանձնվի թղթին և ամրագրվի որևէ պայմանագրով», - արձագանքեց Միրզոյանը:

Մինսկի խմբի համանախագահությունից Երևանի դիմումին չկա պաշտոնական արձագանք։ Դիմումից հետո, սակայն միջնորդ երկրներից Միացյալ Նահանգների պետքարտուղարն էր զրուցել և՛ Հայաստանի վարչապետի, և՛ Ադրբեջանի նախագահի հետ, անցած շաբաթավերջին Ֆրանսիայի արտգործնախարարը, այսօր էլ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն է հեռախոսազրույց ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ։

Ի՞նչ արձագանք կա Մինսկի խմբից, պատգամավորի հարցին Միրզոյանը խոստացավ պատասխանել միայն դռնփակ նիստում։ Ընդդիմադիր պատգամավորների հարցերի գերակշիռ մասը վերաբերում էր Արցախի կարգավիճակին։

Պատգամավորները տարբեր ձևակերպումներով փորձում էին արտաքին գերատեսչության ղեկավարից հավաստիացումներ ստանալ, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի և որ դա կարմիր գիծ է Հայաստանի համար։ Միրզոյանը այս հարցերին պատասխանեց իրեն նախընտրելի ձևակերպումներով։

«Դուք կարո՞ղ եք հստակ հայտարարել, որ մենք բանակցությունների մեջ մտել ենք բացառելու Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում, երկրորդ, բացառելու Արցախի անկլավային վիճակը և վերականգնելու Հայաստանի հանձնառությունը լինելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացնող», - հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Պետք է կրկնեմ այն, ինչ քիչ առաջ ասացի, Արցախի հայության բոլոր իրավունքները և Արցախի կարգավիճակը մեզ համար մնում են սկզբունքային», - պատասխանեց արտգործնախարարը:

Պատգամավոր Ագնեսա Խամոյանը հիշեցրեց միջազգային հարթակներում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ Հայաստանի քվեարկություններն ու շարունակեց՝ հասկանալի է, որ Հայաստանը փորձում է չեզոք դիրք զբաղեցնել, բայց վարչապետի ապրիլին Ռուսաստանի կատարելիք այցին արդեն մանևրել անհնար կլինի:

«Կառաջարկեի չլինել Հռոմի պապից ավելի կաթոլիկ: Ես մեր ռուս և ռուսաստանցի գործընկերների հետ մշտապես կապի մեջ եմ, այդ թվում՝ այսօր հերթական հեռախոսազրույցն եմ ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ և ուզում եմ հավաստիացնել, չգիտեմ դա ձեզ կհիասթափեցնի, թե կոգևորի, բայց մենք չունենք խնդիրներ այս համատեքստում», - նշեց Միրզոյանը:

«Ամենևին, ես տպավորություն ստացա, որ այդ քվեարկությունները ռուսական կողմի հետ, ըստ էության, համաձայնեցված են եղել, որովհեև ասում եք՝ որևէ առարկություն ռուսական կողմը մեր քվեարկությունների մասով չի ունեցել», - ընդգծեց Խամոյանը:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո արտգործնախարարը խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG