Մատչելիության հղումներ

Մարտական գործողությունները Ուկրաինայում շարունակվում են, որոշ շրջաններում ավելի են ակտիվացել


Պատերազմի 38-րդ օրը մարտական գործողությունները շարունակվում են, որոշ շրջաններում դրանք ավելի են ակտիվացել: Բացի այդ Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետությունում տեղակայված ռուսական զորքերը բերվել են մարտական պատրաստականության։

Ուկրաինական կողմը հայտնում է նաև, որ ռուսական զորքերը լուրջ կորուստներ են կրում Լուգանսկի մարզում։ Ռուսական կողմն իր հերթին ինտենսիվ ռմբակոծում և հրթիռակոծում է Խարկով քաղաքն ու Պոլտավայի մարզը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն այսօր հայտարարել է, թե 1-2 օրում ուկրաինական ուժերը ամբողջովին կազատագրեն Կիևի մարզի մինչև Բելառուսի սահմանը։

Սրա հետ մեկտեղ՝ ռազմական գործողությունների պատճառով հումանիտար աղետը Ուկրաինայում շարունակվում է: Ապրիլի 2-ի դրությամբ Ուկրաինայում համաձայնեցված են տարհանման յոթ երթուղիներ։ Երեկ Դոնեցկի, Լուգանսկի և Զապորոժիեի մարզերում գործող երեք հումանիտար միջանցքների աշխատանքի շնորհիվ Ուկրաինայի իշխանություններին հաջողվել է փրկել 6266 մարդու, այդ թվում՝ Մարիուպոլի 3071 բնակիչների։ Ինչի մասին հայտնել է նախագահ Զելենսկին՝ հավելելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ զրույցում քննարկել է հումանիտար իրավիճակը ուկրաինական քաղաքներում, որոնք գնդակոծվում են ռուսական զորքերի կողմից։

«Մենք առանձին-առանձին խոսեցինք Մարիուպոլում տիրող իրավիճակի մասին: Ինչի համար, հուսով եմ, դեռ կարելի է լուծումներ գտնել: Եվրոպան իրավունք չունի լուռ արձագանքել այն ամենին, ինչ կատարվում է մեր Մարիուպոլի հետ: Ամբողջ աշխարհը պետք է արձագանքի այս հումանիտար աղետին», - հայտարարել է Զելենսկին:

Բրիտանական հետախուզության տվյալներով՝ ռուսական զորքերը լքել են Գոստոմելի օդանավակայանը, որի համար մարտերը շարունակվում են պատերազմի սկզբից։ Ուկրաինական բանակը շարունակում է հարձակումը Կիևի շրջանում՝ Իրպինից առաջ շարժվելով Բուչայի և Գոստոմելի ուղղությամբ։ Վերագրավվել են նաև արևելյան մի քանի գյուղեր։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև, որ ծանր մարտերից հետո ուկրաինական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկով տանող կարևոր ճանապարհը։

Ուկրաինացի զինծառայողը Իրպինում, 30-ը մարտի, 2022թ.
Ուկրաինացի զինծառայողը Իրպինում, 30-ը մարտի, 2022թ.

Ավելի վաղ՝ Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցություններից հետո Մոսկվան հայտարարել էր, որ կտրուկ նվազեցնելու է ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններով։ Արևմուտքը, սակայն, համաձայնության գալու պատրաստակամության մասին Մոսկվայի հավաստիացումներին չի վստահում և շարունակում առարկայական օգնությունը Ուկրաինային։

ԱՄՆ-ը ևս 300 միլիոն դոլար ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Ջոն Քիրբին։ Նրա խոսքով, դա, ի թիվս այլ բաների, ներառում է լազերային կառավարվող հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր, զրահապատ անիվներով մեքենաներ, զինամթերք, գիշերային տեսողության սարքեր և անվտանգ կապի համակարգեր։

Բացի այդ, Միացյալ Նահանգները Ուկրաինային տրամադրում է փրկարարական սարքավորումներ և նյութեր, որոնք կարող են օգտագործվել այն դեպքում, երբ Ռուսաստանը քիմիական և կենսաբանական զենք օգտագործի Ուկրաինայի դեմ, այս մասին էլ ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին։

Արևմուտքը նաև ամենօրյա ռեժիմով գրեթե հայտարարում է նոր պատժամիջոցների մասին և այս կոնտեքստում չափազանց կարևոր է վերջին շրջանում Ռուսաստանի առանցքային դաշնակից համարվող Չինաստանի հայտարարությունը։ Պեկինը Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից հետո առաջին անգամ միանշանակ հայտարարեց, որ չի պատրաստվում շրջանցել Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները։

«Դիտավորյալ մենք ոչինչ չենք անում, որպեսզի շրջանցենք Ռուսաստանի դեմ ամերիկացիների և եվրոպացիների կողմից կիրառված պատժամիջոցները», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չինաստանի ԱԳՆ Եվրոպական հարցերով դեպարտամենտի գլխավոր տնօրեն Վան Լուտոնգը՝ միաժամանակ քննադատելով պատժամիջոցները։

Դե իսկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն այսօր խոսել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահների առանձնահատուկ հարաբերությունների մասին. «Ալեքսանդր Գրիգորևիչը բացարձակապես յուրահատուկ հարաբերությունների մեջ է մեր նախագահի հետ: Նրանք հասկանում են մեր երկրներում և մեր շուրջը կատարվողի էությունը, ինչպես ոչ ոք: Ես վստահ եմ, որ Ալեքսանդր Գրիգորևիչի սիրտն ավելի է ցավում այն ամենի համար, ինչ կատարվում է այսօր Ուկրաինայում, քան Վլադիմիր Վլադիմիրովիչի սիրտը։ Սա, իրոք, այդպես է»։

Բելառուսն իսկապես այն եզակի երկրներից է, որ այսօր բացեիբաց աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում, սակայն սեփական զորքերը հակառակ սպասումներ Լուկաշենկոն Ուկրաինա չի ուղարկել։ Ուկրաինական աղբյուրները պնդում էին, որ բելառուսները պարզապես հրաժարում են պատերազմել ուկրաինացիների դեմ։

Այսօր Ռուսաստանի քաղաքներում, մասնավորապես, Եկատերինբուրգում անցել են Ուկրաինայում պատերազմի դեմ ոչ մարդաշատ բողոքի ակցիաներ, բողոքողներին ինչպես միշտ բերման են ենթարկել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG