Մատչելիության հղումներ

Ուկրաինացիները միամիտ չեն և կսպասեն հստակ քայլերի. Զելենսկի


Արևմուտքն ու Կիևը առայժմ թերահավատորեն են արձագանքում Ուկրաինայում ռազմական ակտիվությունը նվազեցնելու Կրեմլի խոստումներին։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին երեկ հայտարարել է, որ ուկրաինացիները «միամիտ չեն» և «կսպասեն հստակ քայլերի». - «Այս երեսունչորս օր շարունակվող ներխուժման, ինչպես նաև Դոնբասում արդեն ութ տարի շարունակվող պատերազմի ընթացքում ուկրաինացիներն արդեն հասկացել են, որ կարող են միայն հավատալ կոնկրետ արդյունքների»։

Ստամբուլում երեկ տեղի ունեցած ռուս-ուկրաինական հանդիպումից հետո Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, բանակցություններում ռուսական պատվիրակության անդամ Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ «բանակցությունները տեղափոխվում են գործնական հարթություն», և «ռուսական կողմը որոշել է կտրուկ նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում»։

Ռուսաստանցի պատվիրակները ասել էին, մասնավորապես, որ Կիևը քաղաքական առաջարկներ է ներկայացրել, ըստ որոնց Ուկրաինան հրաժարվում է Ղրիմն ու Դոնբասը ռազմական ճանապարհով վերադարձնելուց, Ուկրաինան միջազգային իրավական երաշխիքներով հռչակվում է մշտապես չեզոք պետություն, անվտանգության երաշխիքները, որոնք կստանա Ուկրաինան, չեն վերաբերում Ղրիմի և Դոնբասի տարածքին։

Ռուսական կողմն իր հերթին նշել է, որ չի առարկի Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը։

Այս կետերը երեկ երեկոյան ռուսական դաշնային հեռուստաընկերությունները ներկայացնում էին որպես ռուսական դիվանգիտության և բանակի մեծ հաղթանակ։ Ռուսական համացանցը սակայն, հատկապես այն օգտատերերը, որոնք ի սկզբանե աջակցում էին Պուտինի հատուկ օպերացիային, դժգոհություն էին հայտնում՝ պնդելով, թե սա անընդունելի է և հեղինակազրկում է թե' Ռուսաստանյան պետությունը, թե' Պուտինին։

Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին երեկ հայտարարեց, թե Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը հնարավոր է «երկրների արտաքին գործերի նախարարությունների մակարդակով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պայմանագրի նախաստորագրման հետ միաժամանակ»։ Այսինքն՝ Մոսկվայում արդեն մշակում են պայմանագրի ստորագրման արարողակարգային դետալները։

Միչդեռ ուկրաինական կողմը և Արևմուտքը այդչափ լավատես չեն և ռուսական կողմի հայտարարություններին չեն վստահում։ Նախագահ Զելենսկին բանակցությունները մեկնաբանելիս ասել է, որ Կիևը պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը և կենտրոնացած է դրա արդյունավետության վրա՝ հավելելով. - «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումներ չեն կարող լինել և չեն լինի։ Դրանք հստակ սկզբունքներ են, հնարավոր արդյունքի հստակ տեսլական»։

Ընդ որում, Ղրիմի հարցում Մոսկվայի և Կիևի հայտարարությունները տրամագծորեն տարբերվում են։ Կրեմլի խոսնակը այսօր հերթական անգամ պնդել է, թե Ռուսաստանը ոչ մեկի հետ չի քննարկի Ղրիմի պատկանելության հարցը, այդ թվում ուկրաինական կողմի հետ բանակցությունների շրջանակում՝ միաժամանակ հավելելով, թե սրան վերաբերող ինչ-որ նյուանսներ նա չի հրապարակի։ Վերլուծաբանները նկատում են՝ Ղրիմը ցանկացած սցենարի դեպքում Զելենսկին և Պուտինը կթողնեն ապագա ղեկավարներին։

Զելենսկին նաև պնդել է, թե դեռևս վաղաժամ է չեղարկել Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցները։

Միացյալ Նահանգների նախագահն Ջո Բայդենն ասել է, որ Ռուսաստանի խոսքերին կհավատա, երբ կտեսնի նրա գործողությունների արդյունքը։ Մեծ Բրիտանիայի վարչապետն էլ ընդգծել է, որ Պուտինի ռեժիմի գնահատականները պետք է հիմնված լինեն իրական գործողությունների, ոչ թե խոսքերի վրա՝ հավելելով, թե Պուտինն ուզում է կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինան։

Ե՛վ Բայդենը, և՛ Ջոնսոնն ընդգծել են՝ Արևմուտքը պետք է միասնական և վճռական մնա Մոսկվայի հետ հարաբերություններում։

«Ազատության» Настоящее время ծրագրին տված հարցազրույցում Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը կարևորել է Կիևի և Չեռնիգովի ուղղություններում ռազմական ակտիվությունը նվազեցնելու Մոսկվայի որոշումը՝ ընդգծելով, որ այն ակնհայտորեն ուկրաինացիների կատաղի դիմադրության արդյունք է: Նուլանդը միաժամանակ հավելել է, թե հետ քաշվելու ռուսական կողմի հայտարարությանը չի վստահում․ - «Այնուամենայնիվ սա պարզապես ռուսական ուժերի վերադիրքավորում է, և նրանք կվերադառնան Ուկրաինայի այլ հատվածներ»:

Վիկտորիա Նուլանդ
Վիկտորիա Նուլանդ

Նուլանդը շեշտում է․ - «Հակամարտությունների դիվանագիտական լուծումները հիմնականում պետք է գան համաձայնեցված զինադադարից հետո, այլ ոչ թե մարտերի ժամանակ»:

Իսկ ռուսները, Նուլանդի խոսքով, բացարձակապես չեն ցանկանում լիարժեք զինադադար ունենալ. - «Գիտեք, ուկրաինական կողմը հայտարարել է, որ պատրաստ է խոսել չեզոքության մասին, պատրաստ է խոսել Ղրիմի երկարաժամկետ վարձակալության մասին, պատրաստ է խոսել բոլոր տեսակի այլ բաների մասին: Ռուսական դիրքորոշումը սակայն եղել է՝ կապիտուլյացիան ընդունեք, հետո միգուցե խոսենք»։

Նուլանդը նաև շեշտում է, որ եթե դիվանագիտական կարգավորումն այդուամենայնիվ տեղի ունենա, Արևմուտքը պետք է շարունակի իր աջակցությունը Ուկրաինային Ռուսաստանին զսպելու համար։

XS
SM
MD
LG