Մատչելիության հղումներ

Երևանն ու Մոսկվան քննարկում են գազի դիմաց ռուբլով վճարելու հարցը. փոխվարչապետ 


Երևանն ու Մոսկվան քննարկում են Հայաստան մատակարարվող ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու հարցը, երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Պաշտոնյան մանրամասներ չհայտնեց՝ պատասխանելով խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ հնարավորություն կա՞ Ռուսաստանի հետ նման տարբերակ քննարկելու։

Մհեր Գրիգորյան
Մհեր Գրիգորյան

«Այո՛, պարոն Բագրատյան, քննարկվում է, որովհետև նաև քննարկվում է ԵԱՏՄ մաքսատուրքերի բաշխման արժույթի խնդիրը, որի քննարկման օրակարգում, բնականաբար, երկրները ներկայացնում են նաև իրենց առաջարկությունները և, բնականաբար, երկրները նախևառաջ առաջարկություններ են ներկայացնում, որ էդ հարցի լուծմանը զուգահեռ նաև լուծվեն ամենախոշոր արտահանվող ներմուծման դիմաց արտարժույթ արտահանվող գործիքների հարցը։ Ես հիմա չեմ կարող խոստանալ, որ էդ հարցը լուծում կունենա, որովհետև կան օբյեկտիվ պատճառներ, բայց այնուամենայնիվ այսօր արդեն առնվազն գլոբալ իմաստով էդ հարցը քննարկվում է նաև հանրային տիրույթում, և ինչ-որ պահի, ես կարծում եմ, կդառնա շատ ավելի կոնկրետ օրակարգային», - ասաց Գրիգորյանը։

Տարիներ ի վեր, հատկապես` 2015-ին Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո պաշտոնական Երևանը բազմիցս բարձրացրել է տնտեսական միության շրջանակում ռուսական էներգակիրների, ներառյալ՝ բնական գազի դիմաց ռուբլով վճարում կատարելու հարցը։

Պաշտոնապես շարունակաբար հաղորդվում էր, թե հարցը քննարկվում է։

Միաժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարեց, թե որոշում է կայացվել «ոչ բարեկամ» երկրներին՝ Միացյալ Նահանգներին ու Եվրամիությանը ռուսական բնական գազը վաճառել ռուբլով՝ հրաժարվելով դոլարից ու եվրոյից։

Նախորդ տարի Ռուսաստանը Եվրամիությանը վաճառել է ավելի քան155 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, ինչը շուրջ 25 տոկոսով ավելի է տասը տարվա վաղեմության ցուցանիշից և ինչը կազմել է ողջ Եվրամիության ներմուծած կապույտ վառելիքի մոտ 45 տոկոսը կամ Եվրամիության սպառած գազի 40 տոկոսը։

Եվրահանձնաժողովի օրերս հրապարակած ծրագրի նախնական տարբերակի համաձայն, նախատեսվում է մինչև այս տարվա վերջ նշված 155 միլիարդ խորանարդ մետրից 102 միլիարդը այլևս ներմուծել ոչ Ռուսաստանից՝ թուլացնելով Բրյուսելի էներգետիկ կախվածությունը Մոսկվայից։

Հայաստանյան փորձագիտական հանրությունում թերահավատ են, որ Կրեմլը կգնա իր ողջ էներգակիրները միայն ռուբլով վաճառելու տարբերակին հատկապես հիմա, երբ Մոսկվային հարկավոր է կայուն արժույթ՝ դոլար ու եվրո։

Բագրատ Ասատրյան
Բագրատ Ասատրյան

Օրերս «Ազատության» հետ զրույցում Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը նման կարծիքը պատճառաբանեց նաև տեխնկական խնդիրներով։ «Ես չեմ հավատում, որ Ռուսաստանն էդ զիջումների գնա, ռուբլով մեզ էներգակիր չի վաճառելու, հետո վաճառելուց էլ խնդիր է գալու՝ ինչ գնահատմամբ է լինելու։ Էներգակիրները, գիտեք, միջազգային գին հասկացողություն կա, դա դոլարային գինն է, հիմա՝ ռուբլով ինչպե՞ս է կշռելու, ե՞րբ է, ո՞նց է», - ասաց Բագրատ Ասատրյանը։

Տարեկան Հայաստանը Ռուսաստանից ներմուծում է ավելի քան 2 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Սահմանին «Գազպրոմը» իրեն պատկանող «Գազպրոմ Արմենիային» այն վաճառում է 1000 խորանարդ մետրը 165 դոլարով, սակայն բնակարաններում հայաստանցիները վճարում են գրեթե երկու անգամ թանկ, որն էլ, ինչպես հայտնի է, ապրիլի 1-ից էլ ավելի է թանկանալու։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG