Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հետ առևտուրը ռուբլով իրականացնելը տեխնիկապես հնարավոր է, բայց ռիսկային


Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների և Բելառուսին մատակարարվող ռուսաստանյան էներգակիրների դիմաց վճարումն այլևս ռուբլով իրականացնելու Մոսկվայի ու Մինսկի պայմանավորվածության ֆոնին՝ Հայաստանում նշում են, որ Ռուսաստանի հետ առևտուրը ռուբլով իրականացնելը տեխնիկապես հնարավոր է, մասամբ այն վաղուց է իրականացվում, միաժամանակ ընդգծում են՝ տնտեսվարողների մեծ մասի համար խիստ ռիսկային է անկայուն ռուբլով հատկապես երկարաժամկետ գործարքներ կնքելը։

Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ Հայաստան-Ռուսաստան առևտրի գրեթե կեսը մինչև ուկրաինական ճգնաժամը արդեն իսկ իրականացվում էր ռուբլով, ռուբլով են կնքված նաև գործարքների մի մասը։

«Տեխնիկապես այս պահին ռուսական ռուբլով վճարումները որևէ խնդիր չունեն իրենց մեջ։ Ռուսական ռուբլին ինքն իրենով մանավանդ վերջին շաբաթների ընթացքում մի փոքր ավելի տատանողական է, քան նշված փախարկելի արժույթները, բայց շուկան գոյություն ունի, հնարավոր է ազատ առնել ռուբլի, վաճառել», - ասաց Խաչատրյանը։

Պաշտոնյայի խոսքով, թեև հայաստանյան շատ բանկերի մոտ արդեն իսկ գործարկված է Ռուսաստանի Կենտրոնական բանկի (Банк России) ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգը՝ СПФС-ը (Система передачи финансовых сообщений), սակայն հայաստանյան ու ռուսաստնյան բանկերը շարունակում են օգտվել միջազգային SWIFT համակարգից, քանի որ այն անջատված չէ Ռուսաստանի բանկերի մեծ մասի մոտ։

«Ուղղակիորեն այս պահին ռուբլիով փոխանցումները հայկական ու ռուսական բանկերի միջև որևէ սանկցիայով սահմանափակված չէ, խոսքը վերաբերում է միջբանկային փոխանցումներին։ Ես քարտային փոխանցումների մասին չեմ խոսում, որտեղ կան այլ միջնորդ կազմակերպություններ, որոնք իրենց հերթին կիրառել են սանկցիաներ։ Այսինքն եթե բառացի չկա սանկցիա ռուսական այդ բանկով ռուբլիով փոխանցումների վրա, բայց կա դոլարային փոխանցումների համար սանկցիա, ռուբլու վրա չի տարածվում», - ընդգծեց ԿԲ փոխնախագահը։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի հետևանքներից մեկը եղավ ռուբլու սրընթաց արժեզրկումը. նախորդ շաբաթների ընթացքում Ռուսաստանի արժույթը մոտ 50 տոկոսով էժանացավ։

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը ուշադրություն հրավիրեց անկայուն ռուբլու վրա, որը լուրջ խոչընդոտ է հայաստանցի ու ռուսաստանցի գործարարների համար որևէ գործարք, հատկապես երկարատև պայմանավորվածություն կնքելու համար։

«Տեսեք ինչ խնդիրների առաջ ենք բախվել, մի հատ նայեք ռուսական ռուբլին այս իրավիճակում օրական մեկ տոկոս դրամի նկատմամբ արժեզրկվում է։ Խնդրեմ, տատանվողականությունը ամենամեծ խոչընդոտն է միջազգային առևտուրը, արտաքին առևտուրը սպասարկելու համար», - նշեց Բագրատ Ասատրյանը։

Ասատրյանը չբացառեց, որ նման խոչընդոտները կարող են ի վերջո հանգեցնել հայ-ռուսական առևտրի կրճատմանը. «Այնտեղ կա կարևոր հատված, որը Ռուսաստանի իշխանության դիրքորոշումով է պայմանավորված, էներգակիրների խնդիրը, որը որոշիչ դեր ունի այս առևտրային հարաբերությունների մեջ։ Օրինակ, եթե այդ մասով կոնկրետ պայմանավորվածություններ լինեն, ես չեմ հավատում, որ Ռուսաստանը այդ զիջումներին գնա։ Ռուբլով մեզ էներգակիր չի վաճառելու, վաճառելուց էլ խնդիր է գալու՝ ինչ գնահատմամբ է լինելու։ Գիտեք միջազգային գին հասկացողություն կա, դա դոլարային գինն է, հիմա ռուբլով ինչպես է կշռելու, երբ է, ոնց է»։

Export Armenia փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը նշեց՝ ռուսական շուկայի ուղղությամբ աշխատող հայաստանցի արտահանողը այսօր երկընտրանքի առջև է՝ արժեզրկված ռուբլու պատճառով վնասով արտահանել և կորցնել գումար կամ չարտահանել ու կորցնել շուկան։

«Կարելի է ասել, շահել է այն արտահանողը, որը հասցրել է բավականին հին գներով պահեստային կուտակում ունենալ Ռուսաստանում։ Շատ արտահանողներ այսօր չեն հասկանում ինչ գնով արտահանել։ Իրավիճակն ամեն օր փոխվում է և չենք կարողանում արտահանել դոլարով, եթե իրանց արտահանումը դեպի Ռուսաստան դոլարով էր», - ընդգծեց Export Armenia-ի համահիմնադիրը։

Ստեփանյանն ասում է՝ անգամ եթե հայաստանյան գործարարները շարունակեն արտահանել ռուբլով, միևնույն է, շատերին հետո դոլար կամ եվրո է հարկավոր, որովհետև իրենց վերջնական արտադրանքը ստանալու համար նրանք միջազգային շուկայից գնում են տարբեր բաղկացուցիչներ։

«Հայկական միջին արտադրանքի ինքնարժեքի մեջ դոլարային բաղկացուցիչը շատ բարձր է, նույնիսկ եթե գյուղմթերքին է վերաբերում, էլի դոլարային որոշակի բաղկացուցիչ կա, պատրաստի արտադրանքի դեպքում, մշակվող արտադրանքի դեպքում դոլարային բաղկացուցիչը կարող է հասնել մինչև 60, 70, 80 դոլարի», - ասաց Ստեփանյանը։

Վիճակագրական կոմիտեի համաձայն, անցած տարի հայ-ռուսական փոխադարձ առևտուրը կազմել է ավելի քան 2.6 միլիարդ դոլար, որը հայաստանյան ողջ արտաքին առևտրի գրեթե 1/3-րդն է, և այս ցուցանիշով Ռուսաստանը Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է։

XS
SM
MD
LG