Մատչելիության հղումներ

«Ջերմոցները կամաց-կամաց կործանվում են»․ տնտեսվարողներն անհանգստացած են


Հոսանքի ու գազի թանկացումը հանգեցնելու է գյուղատնտեսական ապրանքների գների բարձրացմանը և տնտեսվարողների եկամուտների կրճատմանը, վստահ են տարվա ցուրտ ամիսներին շատ հոսանք ու գազ սպառող ջերմոցային տնտեսությունների սեփականատերն ու ոլորտի մասնագետները։

«Գազը ամեն ինչի գների վրա ազդելու է, ամեն ինչի»․ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի իր ջերմոցում վարունգ, լոլիկ ու բիբար աճեցնող Սամվել Հարությանը վստահ է՝ այս թանկացումների հետևանքով իր գործը շատ է տուժելու, ասում է՝ անգամ հիմա ջերմոցը տաքացնելու համար մի կերպ է վճարում։

«Գազը որ թանկացավ, էլ չենք վառի, ժողովուրդն էլ թող գնա դրսի ապարանքն օգտագործի, ոչ թե ներսի», - ասաց Սամվել Հարությունյանը։

Սամվել Հարությունյան
Սամվել Հարությունյան

Այս ամիս միջինը 4.7 դրամով թանկացավ հոսանքը, ընդ որում տնտեսավորողների համար էլեկտրաէներգիայի սակագինը ավելի շատ՝ 5.5 դրամով բարձրացավ։ Ապրիլի 1-ից էլ, ամենայն հավանականությամբ, կբարձրանա գազի սակագինը։ Ռուսական «Գազպրոմ Արմենիան» դիմել է կարգավարող հանձնաժողով կապույտ վառելիքի միասնական՝ 135.6 դրամ սակագին սահմանելու հայտով։ Եթե հայտը բավարարվի, գազը հատկապես կթանկանա ջերմոցային տնտեսությունների համար, որոնք կզրկվեն արտոնությունից․ նրանք մինչ այս սովորական սպառողներից մեկ խորանարդ մետրի համար շուրջ 30 դրամ պակաս էին վճարում՝ տարվա ցուրտ ամիսներին՝ նոյեմբերից մինչև ապրիլ՝ շուրջ 110 դրամ։ Գազի թանկացման բեռը ջերմոցային տնտեսությունները, ըստ էության, կզգան արդեն հաջորդ ձմռանը։

Ավելի քան տասը տարի ջերմոցում բանջարեղեն աճեցնող Սամվել Հարությունյանն ասում է՝ բավարար եկամուտ ունենալու համար պետք է իր բերքը ավելի թանկ վաճառի։

«Անցյալ տարի գարնանը վարունգը 30, 25 նույնիսկ 20 դրամով ենք վաճառել։ 20 դրամով ինչքա՞ն․․․մի տոննա հավաքես՝ 20 հազար դրամ, 20 հազար դրամով ի՞նչ ես առնելու էս տնտեսության համար։ Մի սրսկումը, որ բոլորը սրսկվում է, 50-60 հազար դրամ փող է նստում։ Պիտի մտածենք էս երկրից գնալու, կամ էլ ուրիշ գործերով պետք է զբաղվենք։ Գյուղատնտեսությամբ չենք կարա էլ զբաղվենք», - ասաց Սամվել Հարությունյանը։

2021-ի ամփոփ տվյալներով՝ 12-ամսյա գնաճը Հայաստանում 7.7 տոկոս կազմեց, թանակցումները տեմպն աննախադեպ էր վերջին տասը տարիների համեմատ, հատկապես աճել են սննդամթերքի գները՝ տարվա որոշ ամիսներին ավելի քան 15 տոկոսով։ Փորձագետները կանխատեսում են, որ կոմունալ վճարների թանկացման պատճառով իրավիճակը կարող է էլ ավելի լարվել։

Արարատի մարզի Ղուկասավան գյուղում ավելի խոշոր՝ 2 հեկտար ջերմոց ունեցող Ռազմիկ Համբարչյանը թանակցումներին ընդառաջ արդեն որոշ հաշվարկներ է արել, ըստ նրա, եթե գազը թանկանա, իր աճեցրած ապրանքի ինքնարժեքը կավելանա շուրջ 15 տոկոսով։

Ռազմիկ Համբարչյան
Ռազմիկ Համբարչյան

Գյուղատնտեսը գազի հնարավոր թանկացմանն ընդառաջ ընտրել է խնայելու տարբերակը, լոլիկի փոխարեն այս տարի լիմոնի ծառեր է տնկել, աշխատողների թիվն է կրճատել։ 30 տարի ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տղամարդը, սակայն, թանկացումների մեջ կառավարությանը չի մեղադրում, ասում է՝ ամբողջ աշխարհում է այսպես։

«Լույսը թանկացրել են, ջուրը թանկացրել են, ուտելիքը թանկացել ա, բա ի՞նչ անենք, հելնենք ոտի՞, լավ հելանք, հելնենք ո՞ւր գնանք, մինչև Փարի՞զ, թե՞ Բեռլին։ Ամբողջ աշխարհում է չէ թանկացել», - ասաց Ռազմիկ Համբարչյանը։

«Գյուղատնտեսների համար պետք է սակագները շատ չբարձրանան»

«Ջերմոցային ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Պողոս Գևորգյանը համաձայն է տնտեսվարողների հետ։ Ասում է՝ ջերմոցներում աճեցվող ապրանքների ինքնարժեքի զգալի մասը կոմունալ վճարումներն են կազմում, գազի թանկացման դեպքում, այս մասնաբաժինն ավելի կմեծանա, հետևաբար վերջնական սպառողներին հասնող ապրանքների գները կաճեն։

«50-70 տոկոսն ինքարժեքի գազի գինն է, առանց էդ էլ քանի որ ժողովուրդն էլ փող չունի առնելու, չեն առնում, ուստի ջերմոցները կամաց-կամաց կործանվում են», - ասաց Գևորգյանը։

Նրա կարծիքով՝ կառավարությունը պետք է անի ամենը, որ գյուղատնտեսների համար սակագները շատ չբարձրանան։ Հասարակական կազմակերպության ղեկավարն ընդգծում է՝ տնտեսվարողների շրջանում կանխատեսելիության խնդիր կա, շատերը ժամանակին ջերմոցային բիզնեսով են սկսել զբաղվել և մտածել, որ իրենց գործունեության պայմանները գոնե առաջիկա տարիներին նույնը կմնան։ Փորձագետը թարմ օրինակ է բերում. - «4 հոգի ուզում էին պատվիրել ջերմատնտեսություն՝ նոր տեխնոլոգիայով, բայց 4-ից ոչ մեկը չի մնացել, ասին՝ «գիժ չենք հիմա վարկի տակ մտնենք ու չկարողանանք տակից դուրս գանք»։

Ի՞նչ է անում կառավարությունը այս թանկացումները մեղմացնելու համար․ գյուղոլորտը համակարգող էկոնոմիկայի նախարարությունից հրաժարվեցին պատասխանել «Ազատության» այս հարցին, քանի դեռ գազի սակագնի վերաբերյալ վերջնական որոշում չկա։

Այս հարցը պարբերաբար քննարկվում է նաև Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։ Անցած ամիս գյուղատնտեսության մարտահրավերների մասին խոսել էր էկոնոմիայի նախարար Վահան Քերոբյանը ու առանց հստակ գործիքներ թվարկելու, հայտարարել, թե գործադիրը աջակցում է գյուղացիներին ավելի բարձր արտադրողականություն ունենալու հարցում, ինչը կնպաստի նրանց եկամուտների աճին։

Վահան Քերոբյան
Վահան Քերոբյան

Իսկ թե գազի ինչ սակագներ կգործեն ապրիլի 1-ից, կորոշի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)։ Կառույցից «Ազատությանը» փոխանցեցին՝ հավանաբար հաջորդ շաբաթ «Գազպրոմ Արմենիա»-ի հայտի իրենց ուսումնասիրության վերաբերյալ որոշ մանրամասներ հայտնի կդառնան։

Կարգավորող հանձնաժողից ընդգծում են՝ չնայած ռուսական ընկերությունը ցանկանում է միասնական սակագին ունենալ, իրենց դիրքրոշումը սպառողական տարբեր խմբերի համար տարբերակված գներ սահմանելն է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG