Մատչելիության հղումներ

Փոխվարչապետ Գրիգորյանը դարձյալ վստահեցնում է, որ անապահովների համար գազը չի թանկանա


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագնի վերաբերյալ որոշում կկայացնի մինչև ապրիլ։

Առայժմ հայտնի չէ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ինչ ճակատագրի կարժանանա ռուսական «Գազպրոմ Արմենիայի»՝ գազի սակագները միջինը 6 տոկոսով բարձրացնելու հայտը։ Սակայն փոխվարչապետ Մհեր Գրիգրոյանը այսօր ևս մեկ անգամ վստահեցրեց, որ անապահովների համար գազը չի թանկանա։

«Այդ հնարավորությունը կա, քանի որ ես ասել եմ, որ սահմանին գազի գինը չի փոփոխվելու 2022 թվականի համար։ Ուղղակի մենք ունենք մի իրավիճակ, որ դեռևս 2013 թվականին կնքված պայմանագրով կար բանաձև, որի կիրարկումը սկսվում է 2022 թվականին։ Այդ բանաձևի ուժով սահմանին գազի գնի հաշվարկն իրականացվում է կալորիականությունից ելնելով», - նշեց փոխվարչապետը։

Այժմ սահմանին 1000 խորանարդ մետրի դիմաց Հայաստանը վճարում է 165 դոլար, սպառողները ՝139 դրամ մեկ խորանարդ մետրի համար, անապահով սպառողները՝ 100 դրամ։

«Գազպորմ Արմենիան» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ) և առաջարկում է բոլոր խմբերի սպառողների համար միասնական սակագին սահմանել՝ 8500 կիլոկալորիա ջերմատվության պայմաններում 135,6 դրամ։

Փոխվարչապետը չի բացառում, որ հայտը կարող է բավարարվել, սակայն չի հստակեցնում, թե ինչպես է կառավարությունը զսպելու թանկացումը անապահովների համար. - «Դուք գիտեք, որ գազի սակագինը ձևավորվում է մի քանի բաղադրիչներից, որոնցից մեկը և կարևորը սահմանին գինն է։ Կալորիականության հաշվին հնարավոր պոտենցիալ ծախսն այնքան մեծ չէ, որ դա հնարավոր չլինի հարթել մնացած սակագնային պլանի մեջ»։

Գազի ավելի մատչելի սակագին է գործում բիզնեսի կամ խոշոր սպառողների համար, որոնք 10 հազար խորանարդ մետրից ավելի գազ են սպառում. նրանք վճարում են մոտ 123 դրամ, ինչն իր հերթին վերանայվել ու բարձրացվել էր 2 տարի առաջ՝ մոտ 4,5 տոկոսով. - «Բիզնեսի համար, անկեղծ ասած, եկեք սպասենք, տեսնենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկումների արդյունքում ինչ սակագնային պլան կնշմարվի, այդ ժամանակ կխոսենք։ Բայց ես կարծում եմ, որ այնքան մեծ է սահմանին գազի գնի և աշխարհում գազի գնի տարբերությունը, որ պետք է որ, անկախ ամեն ինչից, գազի գնի հետ կապված կամ էներգիայի գնի հետ կապված մրցակցային որևէ շոկ չլինի հայկական արտադրողի համար»։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագնի վերաբերյալ որոշում կկայացնի մինչև ապրիլ, այժմ զբաղված են ուսումնասիրություններով, հայտնում է մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը. - «Հանձնաժողովի գործառույթների մեջ է մտնում այդ տարանջատված սակագների կիրառումը, ուստի հաշվարկները և ուսումնասիրությունները ցույց կտան, թե ինչ սակագներ կգործեն , որ խմբի համար որքան կլինի սակագինը։ Այս պահին դեռ վաղ է թվեր հնչեցնելը»։

Այլ խոսքով «Գազպրոմ Արմենիայի» համար էական չէ, թե սպառողների որ խումբը որքան կվճարի գազի դիմաց, դա կորոշի ՀԾԿՀ-ն։ Ընկերության համար էականը ընդհանուր եկամուտն է, որն ըստ «Գազպրոմ Արմենիայի», պետք է ավելանա մոտ 6 տոկոսով։ Փոխարենը ընկերությունը պատրաստ է մատակարարել հաստատուն 8500 կիլոկալորիա ջերմատվությամբ կապույտ վառելիք։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպոթւյան ղեկավար Բաբկեն Պիպոյանի խոսքով, գազի ավելի բարձր կալորիկանության ապահովումը դրական փոփոխություն կլինի սպառողների համար, սակայն՝ նաև նոր ֆինանսական բեռ, ընդ որում, անգամ անապահով սպառողների համար, որոնց համար փոխվարչապետը խոստանում է գործող սակագինը պահպանել։

«Մարդիկ գազի գնի համար հա'մ ուղղակի են վճարում, հա'մ անուղղակի։ Որովհետև այն ապրանքները, որ մենք խանութից ձեռք ենք բերում մեր ամենօրյա կյանքը ապահովելու համար, այդ ապրանքների մի զգալի մասի մեջ գազն ունի իր արժեքը, և դրա թանկանալով անուղղակիորեն այդ ապրանքներ կա'մ որակն է վատանալու, կա'մ գինն է թանկանալու», - ասաց Պիպոյանը։

XS
SM
MD
LG