Մատչելիության հղումներ

ՀԾԿՀ-ն առաջարկել է գազի սակագինը բարձրացնել 4,1 տոկոսով


«Գազպրոմ Արմենիան» ավելի բարձր՝ շուրջ 6 տոկոսի հայտ էր ներկայացրել։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) «Գազպրոմ Արմենիայի» սակագները բարձրացնելու հայտն ուսումնասիրելուց հետո սեփական հաշվարկներն է ներկայացրել։ Պետական մարմինն առաջարկում է գազը թանկացնել միջինը 4,1 տոկոսով, «Գազպրոմն» ավելի բարձր՝ շուրջ 6 տոկոսի հայտ էր ներկայացրել։

Ռուսական ընկերությունը մեկ ամիս առաջ դիմել էր կարգավորող հանձնաժողով ապրիլի 1-ից գազի միասնական՝ 135,6 դրամ սակագին սահմանելու հայտով։ Սա ենթադրում էր գազի կտրուկ թանկացում հատկապես անապահով խավերի ու տնտեսվարողների համար։

ՀԾԿՀ-ն երեկ այս հայտի ուսումնասիրության վերաբերյալ տեղեկանք հրապարակեց ու սեփական առաջարկները ներկայացրեց։ Ըստ կարգավորող հանձնաժողովի, անապահով խավերի համար կապույտ վառելիքի սակագինը պետք է մնա նույնը՝ 100 դրամ, սովորական սպառողներին վաճառվող գազը հանձնաժողովն առաջարկում է թանկացնել 4,7 դրամով՝ սակագինը կկազմի 143,7 դրամ մեկ խորանարդ մետրի դիմաց։ Ավելի մեծ ծավալի՝ ամսական 10 հազար խորանարդ մետրից ավելի գազ սպառողների, այսինքն բիզնեսի համար կարգավորող հանձնաժողովը շուրջ 4 տոկոս թանկացում է նախատեսում. 1000 խորանարդ մետր կապույտ վառելիքի համար ներկայիս 266,71 դոլարի փոխարեն 277,71 դոլար։

Գյուղատնտեսական ոլորտում գործունեություն իրականացնողների՝ ջերմոցային տնտեսությունների համար հանձնաժողովը ավելի քիչ թանկացում է նախատեսում, քան «Գազպրոմ Արմենիան» էր առաջարկել՝ շուրջ 4,5 տոկոս։ Ռուսական ընկերությունը միասնական սակագին էր առաջարկել, այդ դեպքում նրանց համար գազը կթանկանար ավելի քան 20 տոկոսով։

Վերջին ամիսներին տնտեսագետները, սպառողների շահերի պաշտպանները և բիզնեսի ներկայացուցիչներն ահազանգում են, որ գազի թանկացումը կարող է ավելի սրել սոցիալական վիճակը Հայաստանում։ Անցած տարին Հայաստանը վերջին տասնամյակի համեմատ աննախադեպ՝ գրեթե 8 տոկոսանոց գնաճով փակեց։ 2022-ն էլ սկսվեց կոմունալ վճարների թանակցումներով. նախ բարձրացավ ջրի, ապա հոսանքի սակագինը, երկու ամսից էլ ըստ էության գազը կթանկանա։

Հրանտ Միքայելյան
Հրանտ Միքայելյան

Տնտեսագետ, Կովկաս ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը կանխատեսում է՝ կոմունալ թանկացումները կհանգեցնեն ապրանքների ինքնարժեքի աճին, սակայն այդ ազդեցությունը կտրուկ չի լինի. - «Գազի թանկացումը անշուշտ նպաստելու է գների աճին, բայց ինքնին դա չի բերելու միանգամից գների աճին ամբողջ շղթայում, որովհետև այդ գներից մեջ այն փոքր թիվ է կազմում, բայց այնուամենայնիվ այդ փոքր թիվը կա և այդ ազդեցությունը լինելու է»։

«Ազատության» հետ զրույցներում քաղաքացիներն իրենց վրդովմունքը չէին թաքցնում։

«Թող աշխատավարձերն էլ ավելացնեն, նոր թանկացնեն»։

«Մի կերպ ենք յոլա գնում, բայց էս թանկացումները շատ բացասական ա ազդում ժողովրդի վրա»։

Թոշակառու անցորդներն էլ շեշտում էին՝ ամեն ինչն է թանկացել, եթե օգնողներ չունենան, ապրել չեն կարողանա։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից մեկնաբանություն տալ այսօր չցանկացան, վաղը գազի սակագների հարցով աշխատանքային քննարկում են հրավիրել։ Սակագների վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ուղիղ մեկ շաբաթից՝ մարտի 1-ին։ Նոր սակագները նախատեսվում է կիրառել ապրիլի 1-ից։

XS
SM
MD
LG