Մատչելիության հղումներ

Պուտինը պատերազմ է սանձազերծել ոչ թե ուկրաինական պետության, այլ ժողովրդի դեմ. Դենիս Ավտոնոմով


Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովի համոզմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմ է սանձազերծել ոչ թե ուկրաինական պետության, երկրի դեմ, նա պատերազմ է սանձազերծել ժողովրդի դեմ:

«Նպատակը Ուկրաինայի ոչնչացումն է», - «Ազատության» տաղավարում շեշտեց Դենիս Ավտոնոմովը` հավելելով` ուկրաինական կողմից հաղթանակից հետո ռուսական բանակի մասին եղած գնահատականները շատ-շատ վերանայվելու են։ ​


«Ազատություն». - Այսօր՝ պատերազմի տասներկուերորդ օրը, ինչպե՞ս եք գնահատում ռազմաքաղաքական դրությունը:

Դենիս Ավտոնոմով. - Պատերազմի 12-րդ օրը իրավիճակը շարունակում է մնալ բարդ։ Չնայած հսկայական կորուստներին, որ պատճառվել են ագրեսորին Ուկրաինայի զինուժի, ռազմաօդային և ռազմածովային ուժերի, հակաօդային պաշտպանության և մեր գլխավոր՝ անհաղթ խաղաթղթի՝ ուկրաինական տարածքային պաշտպանության ուժերի կողմից, դրությունը շարունակում է մնալ բարդ։ Չնայած, որ 12 օրերի ընթացքում Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է շուրջ 600 թշնամական հրթիռ, չնայած ոչնչացվել է հակառակորդի 11 հազարից ավելի զինվոր, շուրջ 300 տանկ, հազար մարտական զրահապատ մեքենա և այլ ռազմական տեխնիկա, որոշ հատվածներում հարձակումը շարունակվում է։

«Ազատություն». - Ի դեպ, Մոսկվան հերքում է բոլոր այդ թվերը։

Դենիս Ավտոնոմով​. - Ժամանակին Պուտինն ասում էր, որ չի հարձակվի Ուկրաինայի վրա, որ այն բարեկամ երկիր է, որ մենք եղբայրական ժողովուրդներ ենք, որ նա խաղաղություն, բարեկամություն է ուզում։ Իսկ հետո... պատերազմը միշտ սկսվում է հանկարծ։ Հետո սկսվեց պատերազմը, սա ոչ մի հատուկ գործողություն էլ չէ, սա հսկայական ուժերով լայնամասշտաբ ներխուժում է։ Հիմա մենք գործ ունենք մի բանակի հետ, որը մինչև վերջին իրադարձությունները համարվում էր առաջինը Եվրոպայում և հինգերորդը աշխարհում։ Կարծում եմ, որ մեր հաղթանակից հետո այս գնահատականները շատ-շատ վերանայվելու են։

«Ազատություն». - Տեսնում եմ՝ Ձեզ հետ քարտեզ եք բերել, ի՞նչ է այն ցույց տալիս։

Դենիս Ավտոնոմով​. - Այո, այն, ինչ պատմում են ռուս պրոպագանդիստները, չի համապատասխանում իրականությանը։ Կա շարասյուների, որոշակի ուժերի առաջխաղացում, սակայն տարածքը շարունակում են վերահսկել Ուկրաինայի ժողովուրդը, ուկրաինացի հայրենասերները, տարածքային պաշտպանության ուժերը և հասարակ մարդիկ։ Պուտինը պատերազմ է սանձազերծել ոչ թե ուկրաինական պետության, երկրի դեմ, նա պատերազմ է սանձազերծել ժողովրդի դեմ։

«Ազատություն». - Պարոն Ավտոնոմով, Ձեր գնահատմամբ` ո՞րն է Ռուսաստանի նպատակը:

Դենիս Ավտոնոմով​. - Հատկապես վերջին օրերը ցույց տվեցին, որ Ռուսաստանի նպատակն անգամ տարածքների գրավումը չէ, դա նրանց չի հաջողվում։ Նպատակը Ուկրաինայի ոչնչացումն է։ Պուտինն անցել է չեչենական երկրորդ պատերազմում, իսկ հետո Սիրիայում փորձած սցենարին։ Քաղաքը շրջափակելու փորձը չհաջողվեց, դիմադրությունն օրեցօր միայն ավելանում է։ Այդ ժամանակ օգնության են բերում ավիացիան, հրետանին, հրթիռային հրետանին, և քաղաքներն ուղղակի ջնջվում, վերանում են երկրի երեսից։ Կրկնում եմ՝ խոսքը ոչ թե գրավելու, այլ Ուկրաինան, երկիրը, ժողովրդին ոչնչացնելու մասին է։

«Ազատություն». - Ենթադրենք` գրավում են ամբողջ Ուկրաինան, ռուսամետ իշխանություն նշանակում Կիևում: Դոնբասի դեպքում դա քիչ թե շատ աշխատեց:

Դենիս Ավտոնոմով​. - Այն, ինչ աշխատեց 2014-ին, 2022-ին արդեն չի աշխատի։ Նրանք մտել են Խերսոն քաղաք, դա միակ շրջկենտրոնն է, որը նրանց հաջողվել է վերցնել առանց մարտի։ Նրանք այնտեղ են բերել «հումանիտար» օգնություն։ Դրան որևէ մեկը ձեռք չի տվել։ Փոխարենը մարդիկ փողոցներ են դուրս եկել ուկրաինական դրոշներով և վանկարկումներով՝ «Օկուպանտ, օղի չկա, տուն գնա»։ Նրանք վերցրել են պատերը, շենքերը, ճանապարհները, բայց ոչ մարդկանց։ Նույնիսկ եթե ինչ-որ ադմինիստրացիա նշանակեն, դա որևէ բան չի փոխելու։ Նրանց կարգադրությունները որևէ մեկը չի կատարելու։ Իսկ նրանց հետ համագործակցողները, բոլոր բանակներում այդպիսիք գտնվել են, պառկելով քնելու՝ վստահ չեն լինի, որ կարթնանան։

Վերադառնամ իմ խոսքերին, որ սա ժողովրդի դեմ պատերազմ է։ Վերցնել Կիևը... ժամանակակից ռազմական մեթոդիկային հայտնի չէ՝ ինչպես է հնարավոր շրջափակել մի քաղաք, որի բնակչությունը 3.5 միլիոն է, իսկ քաղաքային բնակավայրերի հետ՝ 8-ից ոչ պակաս, եթե ոչ 10 միլիոն։ Կիևցիները հիմա շատ լավ զինված են, անգամ եթե դա թեթև հրաձիգային զենք է, նրանք կռվելու են իրենց տան, հողի համար։ Ինչ է այդ մարդու գլխում, գուցե երկուսը միասին՝ կամ սեփական բանակի հնարավորությունների շատ մեծ գերագնահատում, կամ կատարյալ անհասկացողություն, թե ինչ է Ուկրաինան 2022-ին։ Դա ամենևին 2014-ի Դոնբասն ու Ղրիմը չէ։

«Ազատություն». - Մեկ անգամ չէ, որ Կիևը, անձամբ նախագահը պատրաստակամություն են հայտնել բանակցել, այսօր էլ է, կարծես, հանդիպում նախատեսված: Ո՞րն է զիջումների կարմիր գիծը, Ուկրաինայի նեյտրալ կարգավիճակի ճանաչումը կարո՞ղ է լուծել այս ճգնաժամը:

Դենիս Ավտոնոմով​. - Բանակցություններն անհրաժեշտ են անգամ, երբ ռազմական ամենածանր գործողություններն ամբողջ թափով ընթանում են, դրանք պետք են։ Մարդիկ են զոհվում, դա վախենալու է, սարսափելի։ Ես ծանոթներ ունեմ Խարկովում, Կիևում, ամբողջ Ուկրաինայում և երբ տեսնում եմ, թե ինչպես են Ուկրաինայի քաղաքների վրա ընկնում թևավոր հրթիռներ, սարսափ է։

Բանակցությունների մասին. դրանք անհրաժեշտ են, բայց Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները իենց վերջին բոլոր հայտարարություններում շարունակում են առաջադրել վերջնագրեր՝ նեյտրալ կարգավիճակ, ապառազմականացում, ճանաչել ռուսական Ղրիմը, ճանաչել Դոնբասի քվազի պետությունները և, իհարկե, ապանացիստականացում։ Նրանք ուղղակի չեն հասկանում, որ Ուկրաինայի ղեկավարությունից որևէ մեկը չի գնա մեր երկրի տարածքային ամբողջականության հարցի քննարկմանը։ Այդ հարցի իրավասությունն Ուկրաինայի ժողովրդինն է, որը պայքարում է իր ազատության և անկախության համար։ Այդ հարցը չի քննարկվում, ինչպես որ չի քննարկվում կարգավիճակի և այլ հարցեր։ Վերջնագրերին մենք չենք պատասխանելու։ Այժմ քննարկվում են հումանիտար միջանցքների հարցերը՝ Չերնիգով, Սումի, այս քաղաքները կիսաշրջափակման մեջ են։ Եղել են փորձեր ստեղծել հումանիտար միջանցքներ քաղաքացիներին այդտեղից դուրս բերելու համար, Ռուսաստանի վերջին առաջարկն ուղղակի շոկային է. նրանք առաջարկում են ստեղծել հումանիտար միջանցքներ, բայց դեպի Ռուսաստան։ Դա իհարկե տեսարան է պրոպագանդիստների համար, ինչպես ես եմ հասկանում, այդ մարդիկ այն կողմում ուղղակի պատանդ կվերցվեն։

«Ազատություն». - Ինչպե՞ս կհակադարձեք Կրեմլի փաստարկին, որ Ուկրաինայի հնարավոր մուտքը ՆԱՏՕ պոտենցիալ վտանգ էր ստեղծելու Ռուսաստանի համար: Թեկուզ որ Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերը մոտենալու էին իր սահմանին:

Դենիս Ավտոնոմով​. - Այս փաստարկն ընդհանրապես որևէ բան չի նշանակում։ Համեմատենք Կալինինգրադի տարածքից դեպի եվրոպական մայրաքաղաքներ հրթիռի թռիչքի ժամանակը։ Սրանք լրիվ տարբեր բաներ են։ ՆԱՏՕ-ն կանգնած է Բալթյան երկրներում՝ Սանկտ Պետերբուրգից և Մոսկվայից ոչ հեռու։ Մերձբալթյան երկրներում հարվածային զենքեր չկան: Ինչո՞ւ նա որոշեց, որ հարվածային զինատեսակներ պիտի տեղակայվեն Ուկրաինայի տարածքում։ Փետրվարի 23-ի դրությամբ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու մասին տեխնիկական հարց դրված չէր։ Սա երկար ու բարդ գործընթաց է։ Մեջբերեմ մի քաղաքական գործչի ելույթից, բայց մի քանի բառ բաց կթողնեմ: Հետո կբացատրեմ՝ ինչու: «Ես որոշեցի ազատագրել սահմաններն անորոշության տարրերից, քաղաքացիական պատերազմի մշտական սպառնալիքից։ Ես կհասնեմ նրան, որ սահմանին տիրի խաղաղություն, ինչպես մեր մնացած սահմաններին։ Այդ նպատակով ես կձեռնարկեմ անհրաժեշտ միջոցներ՝ չհակասելով այն առաջարկներին, որոնք արել եմ ամբողջ աշխարհին։ Այսինքն՝ ես չեմ պայքարելու կանանց ու երեխաների դեմ։ Ես հրամայել եմ իմ օդուժին սահմանափակվել ռազմական թիրախների վրա հարձակումներով:

Այնուամենայնիվ, եթե թշնամին որոշի, որ դա իրեն քարտ բլանշ է տալիս բոլոր միջոցներով պատերազմ վարելու համար, ապա կստանա ջախջախիչ, կատաղի պատասխան»: Ես բաց թողեցի «Գերմանիա», «Ռայխստագ» և «արևելյան սահման» բառերը։ Սա կանցլեր Ադոլֆ Հիտլերի ելույթն է Ռայխստագում՝ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին։ Այս տեքստը ազատ հասանելի է ինտերնետում, կարելի է ծանոթանալ: Հռետորաբանությունը, բառերը համընկնում են 99 տոկոսով:

«Ազատություն». - Բայց օր չկա, որ ռուսական ալիքները, անձամբ Պուտինը չգուժեն, թե Ուկրաինայում է ծաղկում, մոլեգնում ֆաշիզմը, նացիզմը, և դրա վերջը պետք է տալ:

Դենիս Ավտոնոմով​. - Թեմային ավելի մոտ լինելու համար նշեմ, որ այս անհեթեթությունը հերքվեց Ուկրաինայի հայերի միության՝ մեկ շաբաթ առաջ արված հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ուկրաինայի հայերը պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը, իրենց Ուկրաինան, պատրաստ են միանալ տարածքային պաշտպանությանը։ Նրանք արդեն օգնում են փախստականներին։ Նրանք պայքարում են իրենց Ուկրաինայի համար։ Ի՞նչ դենացիֆիկացիայի մասին կարող է խոսք լինել։ Ռուս գերիների հարցաքննությունները ցույց են տալիս, որ այս քարոզչությունը, որը, ցավոք, վերահեռարձակվում է հայկական ալիքներով, խրվել է նաև ռուս զինվորների ուղեղում։ Նրանց ասել են, որ Ուկրաինայում ազգայնական գումարտակներ կան, որոնց նրանք պետք է ցրեն, որ պետք է արագ մտնել Կիև, այնտեղ հաղթական շքերթ անցկացնել, այնտեղ յուրային մարդու նստեցնել ու փրկել Ուկրաինան։ Բայց իրականության մեջ նրանց դիմաց կանգնած են եվրոպական ու ամերիկյան լավ զենքերով զինված տղամարդիկ, որոնք պաշտպանում են իրենց տունը։

«Ազատություն». - Պատժամիջոցները, կարծես, արդյունք, դեռ չեն տալիս, գոնե որ կանգնեցվի արյունահեղությունը: Արևմուտքը արդյո՞ք չէր հաշվարկել դա:

Դենիս Ավտոնոմով​. - Չեմ կարծում, որ պատժամիջոցները չեն աշխատում։ Իմ համոզմամբ, այն պատառներից, որոնք ես հիմա տեսնում եմ ռուսական տեղեկատվական դաշտում, Ռուսաստանի տնտեսությունը դանդաղ, բայց դադարում է գոյություն ունենալ։

Օդը փակ է, երկինքը փակ է ինքնաթիռների համար։ Եվրոպական և համաշխարհային ընկերությունները հրաժարվում են ռուսական նավթից նույնիսկ մինչև դրա մատակարարումների վրա էմբարգոյի սահմանումը։ Եվրոպական ընկերությունները հրաժարվում են ռուսական գազից: Աշխարհի գրեթե բոլոր ապահովագրական, ֆինանսական, պարենային և մեքենաշինական ընկերությունները լքել են Ռուսաստանը։ Այսինքն՝ դա ֆինանսական հատվածի փլուզումն է, փոխադրումների տապալումը, նավթարդյունաբերության ոլորտի կրախը։ Հետևանքը գործազրկության աճն է։ Չեմ խոսի թվերով, բայց կան շատ սարսափելի կանխատեսումներ, թե ինչ կլինի Ռուսաստանի տնտեսության և ռուսական հասարակության հետ առաջիկա շաբաթներին։ Ուկրաինան դեռ չի հաղթել, բայց Ռուսաստանն արդեն պարտվել է այս պատերազմում։

«Ազատություն». - Ինչպե՞ս եք գնահատում Երևանի դիրքորոշումը, ասենք, չեզոք, թեև Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է։

Դենիս Ավտոնոմով​. - Ես ողջունեցի Հայաստանի հրաժարումը աջակցել Ռուսաստանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «Ագրեսիա Ուկրաինայի դեմ» բանաձևի քվեարկության ժամանակ։ Առաջին անգամն է, որ Հայաստանն անհամերաշխություն է ցուցաբերում Ռուսաստանին Գլխավոր ասամբլեայի մակարդակով։ Այս բանաձևին կողմ է քվեարկել 141 երկիր, ձեռնպահ՝ 35, իսկ Ռուսաստանի դաշնակիցների թիվը կրճատվել է՝ հասնելով 4 իզգոյ երկրների։

«Ազատություն». - Ունե՞ք տվյալներ, թե քանի ուկրաինացի է արդեն տեղափոխվել Հայաստան։

Դենիս Ավտոնոմով​. - ՄԱԿ-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ Ուկրաինայի տարածքը լքել է մոտ մեկուկես միլիոն բնակիչ՝ հիմնականում կանայք ու երեխաներ, ծերեր։ Մեր քաղաքացիները ժամանում են Հայաստան, դիմում դեսպանության հյուպատոսական բաժին։ Մենք դեռ հաշվում ենք։ Հաշվի առնելով, որ այդ քաղաքացիների 90 տոկոսը ազգությամբ հայեր են, նրանք մեզ չեն դիմում, գնալու տեղ ունեն։

«Ազատություն». - Այսինքն` դա հայկական սփյուռքն է։

Դենիս Ավտոնոմով​. - Այո, հայկական սփյուռքն է։ Վերադարձողներին մենք ցուցաբերում ենք ամեն հնարավոր օգնություն։ Անընդհատ զանգեր ենք ստանում, մարդիկ կապվում են մեզ հետ, առաջարկում են անվճար բնակարան: Հասարակ հայեր են, առաջարկում են բանջարեղեն, միրգ, սնունդ։ Այսինքն՝ կա համակրանք, կա ըմբռնում, կա աջակցություն։

«Ազատություն». - Դուք, իհարկե, արդեն մի քանի անգամ պատասխանել եք այս հարցին: Ես վերաձևակերպեմ այն այլ կտրվածքով: Արդարացի չէ՞ հատկապես այս օրերին հնչող հայերի դժգոհությունը, որ Ղարաբաղյան պատերազմում Ուկրաինան մենակ էր թողել Հայաստանը, ավելին՝ Ադրբեջանին էր պաշտպանում:

Դենիս Ավտոնոմով. - Ուկրաինայի դիրքորոշումը Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի տարածքային ամբողջականության վերաբերյալ Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի հարցերում չի առաջացել ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ: Հայտնի է, և այս 30 տարիների ընթացքում այն մնացել է անփոփոխ, ինչպես նա մնում է անփոփոխ Կոսովոյի, Թայվանի և շատ այլ հարցերի վերաբերյալ։ Մեր դիրքորոշումը չի փոխվել, այն լավ հայտնի է:

«Ազատություն». - Եվ անդրադառնանք նաև Ադրբեջանին զենք՝ հատկապես ֆոսֆոր վաճառելու թեմային, որը, հասկանալի է, Հայաստանում շատ զգայուն է:

Դենիս Ավտոնոմով​. - Ռուսական լրատվամիջոցներն արդեն խոսում են, որ Ուկրաինան օգտագործել է ֆոսֆորային զինամթերք։ Այս հարցը ծագել է, բայց ես չեմ տեսել, որ դրա որևէ նյութական հաստատում կա՝ հաշվի առնելով, որ 2014 թվականից Ուկրաինան զենք չի մատակարարել Ադրբեջանին։ Եվ ընդհանուր առմամբ, ընդունված է, և քաջ հայտնի, որ ռազմատեխնիկական համագործակցության հարցերում Ադրբեջանի հիմնական գործընկերը եղել է Հայաստանի ռազմական, ռազմավարական և քաղաքական գործընկեր՝ Ռուսաստանը։ Ինչքան գիտեմ, զենք-զինամթերք մատակարարելիս հիմնական տարրերից մեկն այն է, որ ով զենք է մատակարարում, նա էլ զինամթերք է մատակարարում։ Կան բաց աղբյուրներ, կա CIPRI ինստիտուտը, դրանք բաց տվյալներ են, այնտեղ ամեն ինչ կարելի է հաստատել։ Ես չեմ տեսել որևէ ֆիզիկական, շոշափելի, փաստաթղթային ապացույց, որ որևէ արգելված զինամթերք, որն օգտագործվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, մատակարարվել է Ուկրաինայից։

«Ազատություն». - Վերադառնալով Ուկրաինայում պատերազմի թեմային, Ձեզ համար անակնկա՞լ էր ուկրաինացի ժողովրդի այս միասնականությունը՝ հաշվի առնելով, որ բազմազգ երկիր է:

Դենիս Ավտոնոմով​. - Գիտեք, ես սպասում էի, որ դիմադրություն կլինի, բայց չէի սպասում, որ այն լինելու է տոտալ: Բոլոր երկրները, սկսած միջիններից, միշտ բաժանվում են տարածաշրջանների։ Հարավային, արևելյան, արևմտյան։ Բոլորը բաժանվում են: Բայց այս դեպքում, երբ արևելյան Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներում սրանք կան, այս բոլոր կադրերը համացանցում կան, փառք Աստծո, ինտերնետն աշխատում է, Սումիի շրջանում տեղի բնակիչները գտել են ռուսական լքված զրահամեքենաներ, օկուպանտների տանկը փչացել է կամ դիզվառելիքը վերջացել: Ուղղակի եկել ու այրել են այն։ Սա նույնպես դիմադրության ձև է, սա տոտալ դիմադրություն է այնտեղ, որտեղ հնարավոր է դիմադրել։ Ինձ համար մեծ պատիվ է այս իրավիճակում ուկրաինացի լինելը։

«Ազատություն». - Վերջաբանի համար: Թեև իրավիճակը շատ ծանր է, Ձեր լավատեսությունն ակնհայտ է: Ո՞րն է այս պատերազմի հնարավոր ելքը:

Դենիս Ավտոնոմով​. - Միայն Ուկրաինայի հաղթանակը: Միայն Ուկրաինայի հաղթանակը: Սցենարները տարբեր են: Հնարավոր է՝ այն մոտ օրերս ավարտվի։ Ռուսաստանը հիմա հարձակողական պոտենցիալ չունի: Նրանք, փաստորեն, օգտագործել են այն ամենը, ինչ պատրաստել էին 11 օր առաջ։ Գրեթե ամեն ինչ գործի է դրված: Նրանց միայն հաջողվել է գրավել Ուկրաինայի ամենափոքր մարզկենտրոնը՝ Խերսոնը։ Եվ դա նրանց հիմնականում ոչինչ չտվեց:

Ես այսպես եմ պատկերացնում. այն պահեստային ստորաբաժանումները, որոնք նրանք այժմ մտցնում են մարտի, որպեսզի շրջապատեն Խարկովը, Չերնիգովը, Կիևը, ի սկզբանե պլանավորված էին եղել վերջնական մաքրումների՝ զաչիստկաների համար։ Եթե Խարկովի մոտ ոչնչացվել է ռուսական զորքերի հսկայական շարասյուն, և մեր զինվորները այդ շարասյունում հայտնաբերել են «Ռոսգվարդիայի» տեխնիկան՝ վահաններով, մահակներով և սաղավարտներով, ապա, ակնհայտորեն, նրանք սպասում էին, որ հենց մտնեն, մենք բոլորս պիտի ցրվեինք։ Բայց իրականության մեջ մենք բոլորս համախմբվեցինք։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG