Մատչելիության հղումներ

Զելենսկին քննադատում է ՆԱՏՕ-ին, Պուտինը սպառնում է Ուկրաինայի իշխանություններին


Ուկրաինա
Ուկրաինա

«Մենք չենք նախատեսում ռազմական կամ արտակարգ իրավիճակ հայտարարել Ռուսաստանում». Պուտին

Եթե Ուկրաինայի իշխանությունը շարունակի անել այն, ինչ անում է, դա կասկածի տակ կդնի ուկրաինական պետականության ապագան, և դրա համար ամբողջ պատասխանատվությունը նրանք են կրելու, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Վլադիմիր Պուտինը, «դժվարին» անվանելով Ուկրաինայում «հատուկ գործողություն» սկսելու իր որոշումը, միևնույն ժամանակ շեշտել է, թե այն ընդունել է առանց կասկածի։

Պուտինը նաև տեղեկացրել է, որ չի նախատեսում ռազմական կամ արտակարգ իրավիճակ հայտարարել Ռուսաստանում. - «Նման անհրաժեշտություն չկա»։

Վլադիմիր Պուտինն այս մասին խոսել է ռուսական ավիաընկերությունների անձնակազմի կին անդամների հետ հանդիպմանը։ Որտեղ էր այդ հանդիպումը, պարզ չէ: Տեսանյութում նա նստած է ինչ-որ կանանց հետ թեյի սեղանի շուրջ։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, թե Կիևի կողմից Դոնեցկի և Լուգանսկի «ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների» և Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելը հատուկ գործողության դադարեցման պայմաններն են։

Բանակցությունների երրորդ փուլը դեռ կասկածի տակ է

Մոսկվան հայտարարում է նաև, թե պատրաստ է բանակցությունների երրորդ փուլին։ Ռուսական կողմը, սակայն, Ուկրաինայից դեռ տեղեկատվություն չի ստացել բանակցությունների երրորդ փուլի ժամկետների մասին, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը` հավելելով, թե Ռուսաստանն այս անգամ էլ պատրաստ է բանակցություններին, իսկ ուկրաինական կողմը անցած երկու անգամվա պես նորից ժամանակ է ձգձգում:

Բանակցությունների երկրորդ փուլը մարտի 3-ին էր կայացել, կողմերը պայմանավորվել էին հումանիտար միջանցքների մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարություն Ուկրաինայում Մոսկվայի ժամանակով առավոտյան 10-ից «լռության ռեժիմ» է հայտարարել` պնդելով, թե այդ ժամանակից ի վեր ուկրաինացիների հետ պայմանավորվածության համաձայն՝ հումանիտար միջանցքներ են բացվելու երկրի հարավ-արևելքում գտնվող Մարիուպոլ և Վոլնովախա քաղաքների խաղաղ բնակիչների համար:

Սակայն ավելի ուշ նույն ռուսական կողմը հայտնել էր, թե մարդասիրական բաց միջանցքներից ուկրաինացիները չեն շտապում օգտվել, ավելին` ուկրաինացիները նույնիսկ չեն շտապում օգտվել ռուսական հումանիտար օգնությունից: Ռուսական զինվորականները անհրաժեշտ սնունդ են բերում ուկրաինական քաղաքներ, բնակիչները, սակայն, այդ սննդից հրաժարվում են, իսկ այն քաղաքներում, որ ռուսական զորքերը մասամբ կամ ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել, օրինակ` Խորսոնում և Զապարոժեում, այսօր ռուսների դեմ մարդաշատ հանրահավաքներ են անցել:

Ռուսական կողմը շարունակում է պնդել, թե ռազմական օպերացիան շարունակվելու է, մինչև հասնի իր նպատակին

Արևմուտքը, վերլուծաբաններն արձանագրում են, որ Ուկրաինան արագ գրավելու Կրեմլի պլաներն ակնհայտ տապալվել են, իսկ Մոսկվան պնդում է, թե ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պլանավորված էր, և որ ռուսական զինված ուժերը հարձակվում են լայն ճակատով։ Ռուսական կողմը նաև շարունակում է պնդել, թե ռազմական օպերացիան շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը չհասնի իր նպատակին:

Սրա հետ մեկտեղ Կրեմլի խոսնակը Sky News Arabia-ին տված հարցազրույցում պնդել է` Ռուսաստանը չի ձգտում մասնատել Ուկրաինան:

«Մենք ցանկանում ենք հասնել մեր նպատակներին, առաջին հերթին՝ Ուկրաինայի ապառազմականացմանը։ Մենք ցանկանում ենք Ուկրաինայի համար չեզոք կարգավիճակի սահմանադրական երաշխիքներ ունենալ», - ասել է նա:

Ուկրաինայում օդային հարվածները նվազել են. Մեծ Բրիտանիայի ՊՆ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ուկրաինայում օդային հարվածները նվազել են, բայց Ռուսաստանը դեռ առաջ է շարժվում` մասնավորապես դեպի Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոլաև քաղաքը: Բրիտանական ռազմական հետախուզության տվյալներով՝ իրական հավանականություն կա, որ ռուսական բանակի մի մասը կփորձի շրջանցել Նիկոլաևը, որպեսզի առաջ շարժվի դեպի Օդեսա։ Խարկովը, Չերնիգովը և Մարիուպոլը, բրիտանացիների տվյալներով, ուկրաինական ուժերի վերահսկողության տակ են մնում, թեև մեծամասամբ շրջապատված են ռուսական ուժերով։

Համացանցում տարածվում են տեսանյութեր, որոնցից երևում է, թե ինչպես են առանց զենքի բնակիչները փակում ռուսական ռազմական շարասյան ճանապարհը և հորդորում ռուս զինվորներին տուն վերադառնալ, ընդ որում զինվորները նրանց վրա չեն կրակում կամ օդ են կրակում։

Բլինքենը համոզված է, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում

Պենտագոնը հայտնել է, որ ի զարմանս սպասումների` ինը օր ռուսական բանակին դիմակայելուց հետո էլ ուկրաինական օդուժը կարողացել է չկորցնել իր օդանավերի մեծ մասը։

Իսկ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համոզված է, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում: BBC-ին տված հարցազրույցում նա չի կարողացել հստակ ասել, թե որքան կտևի հակամարտությունը, սակայն պնդել է, որ Ուկրաինան կարող է խուսափել պարտությունից. «Եթե Մոսկվայի մտադրությունն է փորձել ինչ-որ կերպ տապալել կառավարությունը և հաստատել սեփական խամաճիկ ռեժիմը, ապա 45 միլիոն ուկրաինացիներ այս կամ այն կերպ մերժելու են դա»:

«Սա ա՞յն ՆԱՏՕ-ն է, որը մենք ուզում էինք». Զելենսկի

Իսկ մինչ Արևմուտքը տպավորված է, Բլինքենի խոսքով, «ուկրաինացիների արտասովոր տոկոնությամբ», Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենկսին կոշտ քննադատում է ՆԱՏՕ-ին ուկրաինական օդը չփակելու համար։ ՆԱՏՕ անդամ երկրների առաջնորդները պնդում են, որ փակելով օդը` Հյուսիսատլանտյան դաշինքը փաստացի միջամտում է ռուս- ուկրաինական պատերազմին, ինչը կարող է երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ դառնալ։

Երեկ իր հերթական ուղերձում Զելենսկին կոշտ քննադատել է ՆԱՏՕ-ի այս դիրքորոշումը` պնդելով, թե դաշինքը կանաչ լույս է վառել ուկրաինական քաղաքների հետագա ռմբակոծության համար՝ մերժելով ստեղծել ոչ թռիչքային գոտի:

«Սա ա՞յն ՆԱՏՕ-ն է, որը մենք ուզում էինք, այսպիսի՞ դաշինք էիք դուք ստեղծում,- ասել է Զելենսկին, - դուք կարող էիք փակել մեր երկինքը, բայց ես չգիտեմ, թե դուք ում կարող եք պաշտպանել և թե արդյոք կարո՞ղ եք պաշտպանել ՆԱՏՕ-ի պետություններին»:

Աննախադեպ երևույթներ Ռուսաստանում

Իսկ մինչ Ուկրաինայում մարտական գործողություններ են, Ռուսաստանում տեղի են ունենում աննախադեպ իրադարձություններ, մասնավորապես առաջին անգամ Խորհրդային Միության փլուզումից հետո «Աէրոֆլոտը» չեղարկել է բոլոր թռիչքները արտերկիր, ռուսաստանյան սուպերմարկետներում սկսել են գործել որոշ սահմանափակումներ առաջին անհրաժեշտության ապրանքների համար, օրինակ, մեկ անձը չի կարող գնել այնքան ձեթ կամ բրինձ, որքան կցանկանա:

ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր առաջին անգամ երկրում արգելվել է Կրեմլից անկախ, ինչպես նաև արևմտյան բոլոր լրատվամիջոցների գործունեությունը, այդ թվում` BBC-ն, «Ազատությունը», Deutsche Welle-ն, «Էխո Մոսկվին» լուծարվել է, արգելափակված են Ֆեյսբուքն ու Թվիթերը։ Իսկ այսօրվանից էլ ուժի մեջ է մտել նոր օրենք, որը մինչև 15 տարվա ազատազրկում է նախատեսում Ուկրաինայում ռուսական ուժերի իշխանությունների կարծիքով` կեղծ տեղեկություն տարածելու համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG