- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Ուկրաինայում ֆրանսիացու մահվան փաստը և քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ է արել չմեկնել Ուկրաինա:
«Մենք ցավալի լուր ենք ստացել այն մասին, որ Ուկրաինայում մահացու վիրավորում է ստացել Ֆրանսիայի քաղաքացի»,- ասել է արտաքին գերատեսչության ներկայացուցիչը:
Նա չի հայտնել, թե Ուկրաինայի որ շրջանում, կոնկրետ երբ և ինչ հանգամանքներում է զոհվել այդ մարդը: Զոհվածի անունն էլ չի հրապարակվել:
Միաժամանակ պաշտոնյան հիշեցրել է, որ Ուկրաինայում մարտական գործողություններ են ընթանում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանը տիեզերք է արձակել «Պրոգրես-ՄՍ-17» տեսակի բեռնատար հրթիռ, որը պետք է միջազգային տիեզերակայան հասցնի մոտ 1.5 տոննա գիտական սարքավորումներ, վառելիք, ջուր և անհրաժեշտ այլ պարագաներ:
Ռուսներն այս բեռնատար նավն անվանել են «Դոնբաս» և դրա վրա ռուսական եռագույնի կողքը պատկերել նաև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ կազմավորումների դրոշները:
Նավի արձակումը տեղի է ունեցել Ուկրաինայի վրա Ռուսաստանի նախաձեռնած հարձակման ճիշտ 100-րդ օրը: Ռուսներն ասում են, թե այդ արձակումը նվիրում են Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդին:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր տեսկապով United 24 պլատֆորմը ներկայացրել է վաշինգտոնյան հավաքին՝ կոչ անլով հանգանակություն կատարել Ուկրաինայի ենթակառուցվածքները վերականգնելու համար։
«Ռուսական բանակն անողոք է։ Նրանք ոչ միայն փորձում են որքան հնարավոր է շատ մարդ սպանել, այլև ավիրել ապրելու համար անհրաժեշտ բոլոր ենթակառույցները՝ կամուրջներ և ճանապարհներ, տներ և հիվանդանոցներ, դպրոցներ ու գործարաններ։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը հունիսի 4-ի հաղորդագրությունում ասել է, որ օդային բազավորման գերճշգրիտ հրթիռներով հարվածներ են հասցվել Սումիի մարզի Ստեցկիվկա գյուղի մոտ գտնվող ուկրաինական բանակի հրետանային ուսումնական կենտրոնին։
Նրա խոսքով՝ այդ կենտրոնում արտասահմանցի հրահանգիչները ուկրաինացի զինվորականներին սովորեցնում էին ինչպես օգտագործել M777 հաուբիցները։ Հրթիռակոծվել է նաև Օդեսայի մարզում Դաչնոե շրջանում տեղակայված օտարերկրյա վարձկանների բազան, նշել է նա։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի խոսնակ Օեքսանդր Շտուպունն այսօր ասել է, թե ռուսական ուժերը գնդակոծում են Դոնեցկի ամբողջ շրջանը, բայց ստորաբաժանումների առաջխաղացումը դանդաղել է, նրա խոսքով, զինծառայողների ֆիզիկական հյուծվածության և ցածր բարոյական ու հոգեբանական վիճակի պատճառով։
Նա նշել է, որ ռուսները հիմնական ուժերը կենտրոնացրել են Սևերոդոնեցկի ու Բախմուտի ուղղությունների վրա։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական միությունն արդեն սկսել է աշխատանքը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 7-րդ փաթեթի վրա: Այդ մասին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պավել Յաբլոնսկին:
«Սանկցիաները պետք է է'լ ավելի սուր լինեն՝ գազի վերաբերյալ, որովհետև Ռուսաստանը կարող է դեռ այն վաճառել, SWIFT-ի վերաբերյալ, որովհետև պետք է դրանից անջատել ռուսական բոլոր բանկերը՝ ես առաջին հերթին «Գազպրոմբանկ»-ը նկատի ունեմ», - ասել է Լեհաստանի փոխարտգործնախարարը:
Յաբլոնսկու փոխանցմամբ, անհրաժեշտ է նաև էմբարգո տեխնոլոգիաների վրա, քանի որ Ռուսաստանը դեռ կարողանում է դրանք ստանալ և օգտագործել:
«Սանկցիաներից զատ պետք է նաև ոչ միայն սառեցնել Եվրոպայում ռուսական ակտիվները, այլև դրանք առգրավել: Աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է», - ասել է Յաբլոնսկին:
- Հեղինակ՝ Արման Հովհաննիսյան
Վերջին շաբաթների ընթացքում առաջին անգամ, գիշերը Կիևում պայթյուններ են որոտացել:
Ինչպես այսօր Տելեգրամում հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, պայթյունները տեղի են ունեցել քաղաքի Դարնիցկի և Դնիպրովսկի շրջաններում, տեղերում աշխատում են փրկարարները: Մեկ մարդ վիրավորվել է, զոհեր չկան:
UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հաղորդել է, որ մայրաքաղաքը հրթիռակոծվել է, հրթիռներն արձակվել են ռուսական օդուժի Ту-95 օդանավերից՝ Կասպից ծովի ավազանից: Հրթիռներից մեկը ուկրաինական հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է օդում:
Կիևը չէր ռմբակոծվել տարածաշրջանից ռուսական զորքերի հետքաշումից ի վեր:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ օդային բազավորման բարձր ճշգրտությամբ հրթիռներով ոչնչացվել են Կիևի արվարձանում՝ վագոնների վերանորոգման ձեռնարկության տարածքում տեղակայված Т-72 տանկերը և արևելաեվրոպական երկրների տրամադրած այլ զրահատեխնիկան:
- Հեղինակ՝ Արման Հովհաննիսյան
Հաղորդվում է Դոնբասում կատաղի մարտերի մասին, որտեղ Լուգանսկի շրջանում երեկ 11 քաղաքացիական անձ է սպանվել, իսկ Դոնեցկում ուկրաինական զինված ուժերը, ըստ «Դոնեցկի ժողովրդական միլիցիայի», ոչնչացրել են Չելյուսկինցների անվան հանքը: Նույն աղբյուրի վկայությամբ՝ ուկրաինական ուժերի կողմից Դոնեցկի հրետակոծության հետևանքով անցած օրը 5 մարդ է սպանվել, կան տասնյակ վիրավորներ, այդ թվում՝ մեկ երեխա:
Լուգանսկի Սևերոդոնեցկ քաղաքում փողոցային մարտերը շարունակվում են, ըստ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ իրավիճակն այստեղ ծայրաստիճան բարդ է մնում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, որ եթե Ուկրաինան Արևմուտքից ստանա հեռահար հրթիռներ, ապա «Ռուսաստանը կարող է հարվածներ հասցնել այն թիրախներին, որոնք դեռևս հարվածների չեն ենթարկվել»:
«Ռոսիա1»-ին տված հարցազրույցն առաջինն է փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի սկսած լայնածավալ հարձակումից հետո, որը Մոսկվայում անվանում են «հատուկ ռազմական գործողություն»: Նախօրեին հեռուստաալիքը սոսկ մեկ հատված է հեռարձակել հարցազրույցից, որն ամբողջությամբ այսօր կցուցադրվի:
Պուտինն իր այդ հնչեցրած սպառնալիքներով արձագանքել է Ուկրաինային համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր տրամադրելու Միացյալ Նահանգների որոշմանը:
Նա ասել է, թե այդ մատակարարման հարցում որևէ նոր բան չկա, քանի որ Ուկրաինան արդեն ունի խորհրդային արտադրության նման զինատեսակներ, սակայն եթե դրանց ավելացվեն հրթիռներ, որոնց հեռահարությունը 45-70 կիլոմետրից ավելին է, «ապա Ռուսաստանը եզրակացություններ կանի»:
Պուտինի խոսքով, «զենք տալով Ուկրաինային՝ Արևմուտքը փորձում է ձգձգել այս հակամարտությունը»:
- Հեղինակ՝ Արման Հովհաննիսյան
Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան փակել են իրենց օդային տարածքը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի օդանավի համար։
Այդպիսով, Լավրովի՝ հունիսի 6-7-ը ծրագրված այցը Սերբիա մեծ հարցականի տակ է հայտնվել։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի վարչակազմը դեռ չի մեկնաբանում իրավիճակը: Նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ վաղը Վուչիչի հետ հանդիպելու է Ռուսաստանի դեսպանը։