- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Մի խումբ ռուսաստանցի օլիգարխներ Եվրամիության դատարանում վիճարկում են եվրոպական դաշինքի կողմից իրենց դեմ սահմանված պատժամիջոցները։ Հայցեր են ներկայացրել Ռոման Աբրամովիչը, Պյոտր Ավենը, Միխայիլ Ֆրիդմանը, ավելի վաղ բողոքներ են ներկայացրել նաև Ալեքսեյ Մորդաշովը և Ալիշեր Ուսմանովը։
Եվրամիության անդամ բազմաթիվ երկրների իշխանություններ, Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամներ առաջարկում են առգրավել ռուսաստանցի միլիարդատերերի ակտիվները և դրանք փոխանցել Ուկրաինային։ Օրենքով նման առաջարկն իրագործել հնարավոր չէ, Եվրամիության պաշտոնյաները հայտարարել են, որ մտադիր են իրավական այլ ուղիներ փնտրել:
Լյուքսեմբուրգի դատարան դիմած ռուսաստանցի մեծահարուստները կտրականապես հերքում են իրենց մտերմությունը Կրեմլի հետ և պնդում, որ Վլադիմիր Պուտինի որոշումների վրա ազդելու որևէ լծակ չունեն։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Բաքու է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ դիվանագիտության հարցերով խորհրդականի տեղակալ Լորա Լոքմանը, նրան այսօր ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել է «Հարավային գազային միջանցքի» գործունեությունը, «ընդգծվել է Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության և գազամատակարարման դիվերսիֆիկացման գործում»։ «Տեղի է ունեցել մտքերի փոխանակում մեր երկրից Եվրոպա գազի արտահանման ծավալների ավելացման շուրջ», - հայտնում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:
«Հարավային գազային միջանցքը» կառուցվել է Եվրամիության գազամատակարարումը դիվերսիֆիկացնելու և մատակարարման մեկ աղբյուր ունեցող եվրոպական երկրների թիվը նվազագույնի հասցնելու նպատակով: Մասնագետների գնահատմամբ՝ թեև ադրբեջանական գազը կարող է օգնել Եվրամիության երկրներին հրաժարվել ռուսական գազից, ծավալները, սակայն, բավարար չեն այն ամբողջությամբ փոխարինելու համար:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Մոսկվան շտապել է արձագանքել Սպիտակ տան ղեկավարի հայտարարությանը, թե Միացյալ Նահանգները Ուկրաինային չի տրամադրի հրթիռային համակարգեր, որոնք կարող են խոցել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախները:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ջո Բայդենի որոշումը գնահատել է «ողջամիտ»: «Հակառակ դեպքում, եթե հարձակում լիներ մեր քաղաքների վրա, Ռուսաստանի զինված ուժերը կիրականացնեին իրենց սպառնալիքը և կհարվածեին այդ հանցավոր որոշումների կենտրոններին», - Telegram-ում գրել է Մեդվեդևը։
Ուկրաինային նման հրթիռային համակարգեր չտրամադրելու որոշման մասին Բայդենը հայտարարել է նախօրեին: Թե ինչ զինատեսակների մասին է խոսքը, ԱՄՆ նախագահը չի հստակեցրել։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի խորհրդարանը պաշտոնանկ է արել մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա Դենիսովային։ Որոշմանը կողմ է քվեարկել 234, դեմ՝ 9 պատգամավոր։
Դենիսովան պաշտոնավարում է 2018 թվականի մարտից, նրա պաշտոնանկության գործընթացը նախաձեռնել են իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության պատգամավորները։
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Պավել Ֆրոլովը, Ֆեյսբուքում անդրադառնալով օմբուդսմենին հեռացնելու նախաձեռնությանը, նշել է, որ Դենիսովան ռուս զինվորականների կողմից ուկրաինացի երեխաների բռնաբարման դեպքերի մասին խոսել է «այլասերված ձևով», և որ նրա պնդումները հետագայում այդպես էլ չեն հաստատվել:
Բացի այդ, իշխող ուժի պատգամավորի խոսքով, մարդու իրավունքների պաշտպանը չի մասնակցել պատերազմի գոտում հումանիտար միջանցքների կազմակերպման գործընթացներին և պատերազմի ընթացքում նախընտրել է մնալ Արևմտյան Եվրոպայում։
Դենիսովան նախօրեին ապօրինի է գնահատել իրեն պաշտոնանկ անելու նախաձեռնությունը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարել է, որ Վաշինգտոնը Կիևին կտրամադրի ավելի կատարելագործված հրթիռային համակարգեր և զինամթերք, որպեսզի ուկրաինական զորքերն «առավել ճշգրիտ խոցեն մարտադաշտի հիմնական թիրախները»:
Երեքշաբթի օրը The New York Times-ի կայքում հրապարակված հոդվածում Բայդենը նշել է. - «Մենք արագ անցանք Ուկրաինային զգալի քանակությամբ զենք և զինամթերք ուղարկելուն, որպեսզի կարողանան կռվել մարտի դաշտում և հնարավորինս ամուր դիրք գրավեն բանակցությունների սեղանի շուրջ»:
Բայդենի վարչակազմը երեքշաբթի օրը հայտարարեց, որ Ուկրաինա կուղարկի փոքր թվով բարձրտեխնոլոգիական միջին հեռահարության հրթիռային համակարգեր՝ կարևորագույն զենք, որն Ուկրաինայի ղեկավարներն ավելի վաղ խնդրել էին Արևմուտքից:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահեցրել է, որ ուկրաինական բանակն ամերիկյան հրթիռները չի օգտագործի ռուսաստանյան տարածքներ խոցելու համար:
Newsmax-ին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ Ուկրաինան հետաքրքրված չէ ռուսական տարածքներով, միևնույն ժամանակ ընդգծել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող հաղթել, և «աշխարհը պետք է դադարի պաշտպանել նրան՝ հատկապես Ուկրաինայում ռազմական հանցագործությունների ֆոնին»։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան օրական կորցնում է 60-100 զինծառայող, ևս մոտ 500-ը վիրավորվում են։
Ուկրաինան երկրի նախագահն անվանել է «պաշտպանական բնագիծ» և «ֆիզիկական արգելք» ռուսական ագրեսիայի համար։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռազմական գործողությունները Ուկրաինայի արևելքում շարունակվում են։ Հիմնական մարտերն ընթանում են Սևերոդոնեցկ քաղաքում և հարակից շրջաններում։
Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Շտուպունի խոսքով՝ ռուսական զորքերը շարունակում են հարձակողական գործողություններ իրականացնել ռազմաճակատի մի շարք հատվածներում։
«Սևերոդոնեցկի ուղղությամբ ռուսաստանցի զավթիչները հարձակում են իրականացնում քաղաքի հյուսիսային, հարավային և արևելյան թաղամասերում։ Բախմուտի ուղղությամբ ռուսական զորքերը փորձում են հետ մղել ուկրաինական ստորաբաժանումները Բիլոհորովկա և Վրուբիվկա բնակավայրերի մոտ գտնվող դիրքերից։ Սլավյանսկի ուղղությամբ հակառակորդը վերախմբավորում է ուժերը», - -հայտարարում էր ուկրաինական Գլխավոր շտաբի խոսնակը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Դանիան հայտարարել է, որ Մոսկվայում իր դեսպանատունն այլևս չի ընդունի դիմումներ վիզաների և բնակության թույլտվության համար։
Դիվանագիտական առաքելությունը որպես պատճառ նշել է անձնակազմի պակասը՝ մայիսին պաշտոնական Մոսկվայի կողմից դեսպանատան չորս դիվանագետի և երեք այլ աշխատակցի արտաքսելուց հետո:
Ըստ հաղորդագրության՝ որոշումը ժամանակավոր է, թեև չի նշվում, թե որքան ժամանակ է այն ուժի մեջ մնալու:
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Գերմանիան Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր կտրամադրի։ Այսօր Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատում՝ Բունդեսթագում հնչեցրած ելույթում այդ մասին հայտարարել է դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Մենք Ուկրաինային կտրամադրենք նաև հատուկ ռադարներ, որոնց միջոցով հնարավոր կլինի տեղորոշել հակառակորդի հրանոթներն ու հրթիռային համակարգերը։ Սա Ուկրաինայի անվտանգության ապահովմանն ուղղված ևս մեկ որոշում է։ Մենք ճշտությամբ անուն ենք այն ամենն, ինչ հնարավոր է։ Այնպես որ ընդդիմության՝ մեր հասցեին հնչեցվող մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում», - նշում էր Շոլցը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Երեքշաբթի օրն ու անցած գիշեր Ռուսաստանի բանակի կողմից ձեռնարկված օդային հարվածների հետևանքով 140 ուկրաինացի զինծառայող է սպանվել։ Այսօր, ամենօրյա ճեպազրույցի ժամանակ, նման տեղեկություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Օպերատիվ-տակտիկական, բանակային և անօդաչու ավիացիայի կողմից վերջին մեկ օրում Ուկրաինայի բանակի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կուտակման 61 շրջան է խոցվել։ Ոչնչացվել է 9 տանկ և հետևակի մարտական մեքենա, «Գրադ» կայանք, վեց հրանոթ և ականանետ։ Ոչնչացվել է նաև «Օսա» տեսակի մեկ զենիթա-հրթիռային համակարգ», - հայտարարում էր Կոնաշենկովը։