Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի օլիգարխները ԵՄ դատարանում վիճարկում են իրենց դեմ պատժամիջոցները


Եվրամիության Արդարադատության դատարանը Լյուքսեմբուրգում, արխիվ
Եվրամիության Արդարադատության դատարանը Լյուքսեմբուրգում, արխիվ

Մի խումբ ռուսաստանցի օլիգարխներ Եվրամիության դատարանում վիճարկում են եվրոպական դաշինքի կողմից իրենց դեմ սահմանված պատժամիջոցները։ Հայցեր են ներկայացրել Ռոման Աբրամովիչը, Պյոտր Ավենը, Միխայիլ Ֆրիդմանը, ավելի վաղ բողոքներ են ներկայացրել նաև Ալեքսեյ Մորդաշովը և Ալիշեր Ուսմանովը։

Ռուսաստանցի միլիարդատերերի դեմ պատժամիջոցներ են սահմանել Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, ինչպես նաև մի շարք այլ երկրներ, որոնք ևս համարում են, որ ռուսաստանցի մեծահարուստներն ունեցվածք են կուտակում Կրեմլի հետ սերտ կապերի շնորհիվ։

Եվրամիության անդամ բազմաթիվ երկրների իշխանություններ, Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամներ առաջարկում են առգրավել ռուսաստանցի միլիարդատերերի ակտիվները և դրանք փոխանցել Ուկրաինային։ Օրենքով նման առաջարկն իրագործել հնարավոր չէ, Եվրամիության պաշտոնյաները հայտարարել են, որ մտադիր են իրավական այլ ուղիներ փնտրել:

Լյուքսեմբուրգի դատարան դիմած ռուսաստանցի մեծահարուստները կտրականապես հերքում են իրենց մտերմությունը Կրեմլի հետ և պնդում, որ Վլադիմիր Պուտինի որոշումների վրա ազդելու որևէ լծակ չունեն։ Իրենց նկատմամբ պատժամիջոցները նրանք համարում են անարդարացի՝ հայտարարելով, որ ակտիվների սառեցումը կարող է ազդել ոչ միայն իրենց, այլ նաև իրենց ձեռնարկությունների տասնյակ հազարավոր աշխատողների վրա՝ այդ թվում Միացյալ Նահանգներում և Եվրոպայում:

XS
SM
MD
LG