- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Reuters լրատվական գործակալության տվյալներով՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել, քննարկումները կողմերին չեն մոտեցրել խնդրի լուծմանը։ Աղբյուրի համաձայն՝ բանակցությունները կշարունակվեն, սակայն ժամկետները հստակ չեն։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել է, որ երկիրը սկսել է Դանիայից ստանալ «Հարպուն» հականավային հրթիռներ, իսկ ԱՄՆ-ից՝ ինքնագնաց հաուբիցներ։
Ռեզնիկովի խոսքով՝ «Հարպուն»-ների շնորհիվ Կիևը հույս ունի ամրապնդել երկրի առափնյա պաշտպանությունը, ամերիկյան զենքով էլ՝ հարվածել մեծ հեռավորության վրա գտնվող թիրախներին։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ, հայտարարել, որ Մոսկվան «պատրաստ է» քննարկել Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցը:
«Ռուսաստանը պատրաստ է օգնելու գտնել հացահատիկի անարգել արտահանման տարբերակներ, այդ թվում՝ ուկրաինական հացահատիկի արտահանումը սևծովյան նավահանգիստներից», - Էմանյուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի հետ զրույցում ասել է Վլադիմիր Պուտինը։
Կրեմլի ղեկավարը շեշտել է, որ աշխարհում պարենային լարվածության նվազեցմանը կարող է օգնել նաև ռուսական պարարտանյութերի և գյուղմթերքների մատակարարումների ավելացումը, սակայն դա «պահանջում է վերացնել համապատասխան պատժամիջոցները»։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հույս է հայտնել, որ դաշնակիցները կտրամադրեն անհրաժեշտ զենք ու զինամթերք, ինչը թույլ կտա կասեցնել ռուսական ուժերի հուժկու գրոհները երկրի արևելքում:
Նա նշել է, որ ռազմական կացությունն աներևակայելի ծանր է Դոնբասում, որտեղ ուկրաինական ուժերը փորձում են պահել Սևերոդոնեցկ և Լիսիչանսկ ավանները՝ Կիևի հսկողության տակ դեռևս գտնվող վերջին երկու խոշոր տարածքները Լուգանսկի շրջանում:
«Ես երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր հիմա դիմակայում են այս կատաղի գրոհներին, մենք զօրուգիշեր աշխատում ենք դիրքերն ամրապնդելու համար, առաջնահերթությունն, իհարկե, զենքն է, ամեն օրով մենք մոտենում ենք այն վիճակին, երբ մեր բանակը կկարողանա տեխնոլոգիայի և հարվածային ուժի տեսակետից գերազանցել զավթիչներին: Իհարկե, շատ բան կախված է մեր դաշնակիցներից: Ես գալիք շաբաթ լավ լուր եմ սպասում զենք ստանալու հարցում»,- ասել է Զելենսկին:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության վերլուծաբանների համոզմամբ, ռուսները փորձում են ամեն գնով գրավել Սևերոդոնեցկն ու Լիսիչանսկը, քանի որ Կրեմլը դա կարող է իբրև նվաճում հրամցնել Ռուսաստանի ժողովրդին և արդարացնել «հատուկ ռազմական օպերացիան» սկսելու նախաձեռնությունը:
Այդ դեպքում, ըստ բրիտանացի վելուծաբանների, ռազմաճակատում կհաստատվի կարճատև հարաբերական դադար, որը ռուսները կօգտագործեն շունչ քաշելու և հաջորդ գրոհներին նախապատրաստվելու համար:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է ռուս և ուկրաինացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցներ ունենալու ցանկության մասին։
Նա ասել է, որ երազում են` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի խաղաղ ճանապարհով, բայց կարծես թե ամեն օր իրադարձությունները ավելի բացասական ուղղվածությամբ են զարգանում:
Էրդողանը տեղեկացրել է, որ վաղը` երկուշաբթի օրը, հեռախոսազրույցներ կունենա և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի նախագահների հետ, կողմերին կոչ կանի երկխոսության:
Քիչ ավելի ուշ Կրեմլը հաստատել է, որ սպասվում է Պուտին-Էրդողան հեռախոսազրույց:
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Ռուսական ուժերը շարունակում են հարձակումը Ուկրաինայի հյուսիս-արևելքում՝ մոտենալով կարևոր նշանակություն ունեցող բնակավայրերին և անդադար հրետակոծելով Խարկովը, որից նահանջել են նախորդ շաբաթներին:
Հաղորդվում է, որ ռուսական ուժերը մեծացրել են ճնշումը Սևերոդոնեցկ և Լիսիչանսկ քաղաքների ուղղությամբ՝ այդ բնակվայրերից արևմուտք ընկած Լիման քաղաքը գրավելուց հետո։
Լուհանսկի նահանգապետ Սերհի Հայդայի խոսքով՝ նախորդ ժամերին իրադրությունը Լիսիչանսկում «էապես վատացել է»։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ ռուսական ուժերը հարձակում են ձեռնարկել Սևերոդոնեցկի ուղղությամբ, մինչդեռ ըստ Հայդայի՝ Սևերոդոնեցկում մարտերը քաղաքի փողոցներում են։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Լուգանսկի մարզի ուկրաինական վարչակազմի նստավայր Սևերոդոնեցկ քաղաքի ուղղությամբ ռուսական հարձակման ֆոնին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ իրադրությունը քաղաքում իրոք օրհասական է։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է կիրակի ուշ երեկոյան հեռարձակված ամենօրյա ուղերձում։
«Ռուսական հարվածների հետևանքով Սևերոդոնեցկի կենսական նշանակություն ունեցող ենթակառույցները վնասված են։ Շենքերի 90 տոկոսը վնասված է, երկու երրորդը վերականգնման ենթակա չէ։ Կապի միջոցները քաղաքում չեն աշխատում, հրետակոծությունը չի դադարում։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ Սևերոդոնեցկը պաշտպանելու համար։ Չկա մի օր, երբ մենք չփորձենք հավելյալ սպառազինություն, ժամանակակից սպառազինություն հայթայթել՝ մեր երկիրն ու մեր ժողովրդին պաշտպանելու համար», - հայտարարում էր Զելենսկին։
Այսօր առավոտյան Սևերոդոնեցկում ստեղծված ծանր դրության մասին հայտնել է նաև Լուգանսկի մարզի ղեկավար Սերգեյ Գայդայը (Սերհի Հայդայ)։ Նրա խոսքով՝ «ռուսական ուժերը շարժվում են դեպի քաղաքի կենտրոն, իրադրությունը շատ ծանր է»։
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Փետրվարի 24-ից՝ ռուսական հարձակման մեկնարկից ի վեր առաջին անգամ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դուրս է եկել Կիևից՝ այցելելով Խարկով, ուր խորհրդակցություն է անցկացրել նահանգապետի, քաղաքագլխի և ռազմական հրամանատարության տեղական ներկայացուցիչների հետ։
Խորհրդակցության արդյունքում Զելենսկին պաշտոնանկ է արել Անվտանգության ծառայության Խարկովի ղեկավարին՝ նրան մեղադրելով նախորդ ամիսներին երկրի մեծությամբ երկրորդ և ռազմակաճակատի գծին հարող քաղաքի անվտանգության ապահովման ուղղությամբ պատշաճ չաշխատելու համար։ «Ինչ մոտիվներով է նա շարժվել՝ իրավապահները կպարզեն», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Բրյուսելում այսօր մեկնարկում է Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարների հերթական հավաքը, որի ընթացքում կողմերը կրկին կփորձեն համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը:
Reuters գործակալությունը արտգործնախարարների հավաքը պատժամիջոցները համաձայնեցնելու «հուսահատ փորձ» է անվանում՝ նշելով, որ ԵՄ ղեկավարությանը չի հաջողվել հաղթահարել դաշինքի ներսում առկա բոլոր տարաձայնությունները։
Reuters-ի աղբյուրները փոխանցել են, որ կիրակի օրը կայացած նիստի ընթացքում ԵՄ ներկայացուցիչներն ընդհանուր հայտարարի չեն եկել այն փոխզիջումային առաջարկի շուրջ, որի համաձայն պատժամիջոցները սահմանվում են բացառապես ծովային ճանապարհով մատակարվող ռուսական նավթի վրա, իսկ «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա, Չեխիա և Սլովակիա առաքվող վառելիքը առժամանակ դուրս է բերվում սանկցիոն փաթեթից։
«Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո մենք տեսանք թե ինչ կարող է լինել, եթե Եվրոպան միասնական հանդես գա։ Այդ միասնությունը, սակայն, սկսվում է խարխլվել», - նախօրեին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Եվրատեսիլում հաղթանակ տարած ուկրաինական Kalush Orchestra խումբը 900 հազար դոլարով վաճառել է իր մրցանակը՝ բյուրեղապակե միկրոֆոնը, որպեսզի անօդաչու թռչող սարքեր գնի ուկրաինական բանակի համար։
Մրցանակը աճուրդի էր հանվել Ֆեյսբուքում։ Վաճառքը համընկավ Բեռլինում՝ Բրադենբուրգյան դարպասների մոտ խմբի բարեգործական համերգի հետ, որից ստացված միջոցները պետք է ուղղվեն ուկրաինական պատերազմի հետևանքով տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելուն։
ՄԱԿ-ի տվյալների համաձայն, փետրվարի 24-ից՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից ի վեր զոհվել են 4 հազար 31 քաղաքացիական անձինք, զոհված զինվորականների թիվը չի նշվում, մոտ 14 միլիոն մարդ թողել է իր տունը։