Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովը փոփոխություններ է մտցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթում


Եվրամիության մի շարք երկրների, առաջին հերթին Հունգարիայի առարկություններից հետո Եվրահանձնաժողովը փոփոխություններ կատարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իր առաջարկած վեցերորդ փաթեթում:

Պատժամիջոցների վեցերրորդ փաթեթի մասին, որը նախատեսում է ամբողջական նավթային էմբարգո , Sberbank-ի անջատումը SWIFT համակարգից, ինչպես նաև պատժամիջոցներ Ռուսիո պատրիարք Կիրիլի, Ալինա Կաբաևայի նկատմամբ, Եվրահանձնաժողովը հայտնել էր չորեքշաբթի օրը։

Նոր առաջարկը, որը ԵՄ դեսպանները քննարկում են այսօր Բրյուսելում, նախատեսում է ավելի երկար անցումային շրջան նախքան ռուսական նավթի մատակարարումների վրա էմբարգո կիրառելը։

Եվրահանձնաժողովի անդամ Պաոլո Ջենտիլիոնիի խոսքով, նոր առաջարկի համաձայն, էմբարգոն ուժի մեջ կմտնի 9 ամսից, այլ ոչ թե տարեվերջին, ինչպես նախապես ծրագրված էր։ Բացի այդ, մի շարք երկրների՝ Հունգարիայի, Սլովակիայի, հավանաբար նաև Չեխիայի համար բացառություն կարվի մինչև 2024 թվականը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ավելի վաղ հայտարարել էր, որ չի պաշտպանի պատժամիջոցների վեցերորդ փաթեթն այն տեսքով, որով այն առաջարկվել է։ Նրա խոսքով, նավթի էմբարգոն կործանարար կլինի Հունգարիայի տնտեսության համար։

Այսօր հանրային ռադիոյի եթերում Հունգարիայի վարչապետը հայտարարեց․ - «Մենք չենք կարող դա ընդունել, քանի որ Հունգարիայի համար դա հավասար է ատոմային ռումբի։ Մեզ կպահանջվի առնվազն հինգ տարի, ինչպես նաև գումար, որպեսզի կարողանանք վերակազմավորել և վերակառուցել գործարանները, ուստի մենք վերադարձրինք Եվրահանձնաժողովի առաջարկը վերանայման»։

Ավելի վաղ Օրբանը նաև ասել էր, որ իր երկիրը դեմ է կրոնական առանորդների, ներառյալ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոնցերին։ Օրբանի դիրքորոշումը արժանացել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի հավանությանը։ Մեդվեդևը Օրբանի այս քայլը խելացի է որակել , իսկ Եվրամիության անդամ մյուս երկրների առաջնորդներին համեմատել «հոտի» հետ։

Որպեսզի պատժամիջոցների այս նոր փաթեթը ուժի մտնի, անհրաժեշտ է, որ այն հաստատեն Եվրամիության բոլոր երկրներիը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը այսօր ընդգծել է, որ Եվրոպան չպետք է հույս դնի ռուսական էներգակիրների վրա․ - «Նավթի էմբարգոն հեշտ քայլ չէ, բայց երկարաժամկետ հեռանկարում ԵՄ-ն չի կարող հույսը դնել ռուսական էներգակիրների վրա։ Չպետք է ֆինանսավորել ռուսական բյուջեն, որի միջոցները գնում են պատերազմի սպասարկմանը»:

Արևմտյան պաշտոնյաները հայտարարում են, որ նավթային և գազային էմբարգոն Ուկրաինայում խաղաղության համար Եվրամիության ռեզերվում մնացած տնտեսական պարտադրանքի ամենաարմատական միջոցն է:

Գազային էմբարգո Եվրամիությունն այսօր չի կարող հայտարարել, իսկ նավթայինը, թեև ոչ ամբողջական, կարող է իրականություն դառնալ արդեն առաջիկա օրերին։

Նավթն ու գազը Ռուսաստանի պետական բյուջեի եկամուտների գրեթե կեսն են կազմում։ Ընդ որում, ռուսական գազի արտահանման 70 տոկոսը և նավթի ու նավթամթերքի 60 տոկոսը բաժին է հասնում Եվրամիության երկրներին։

Պատերազմի երկուս ու կես ամիսների ընթացքում Եվրամիությունը Ռուսաստանին ավելի քան 20 միլիարդ եվրո է վճարել նավթի և ավելի քան 30 միլիարդ՝ գազի համար։

Ինչ վերաբերում է այս նոր փաթեթի «սև ցուցակում» հայտնված անձանց, ապա նրանց անունները հայտնի կդառնան հավանաբար մայիսի 9-ին հրապարակումից հետո։

Սկզբնական տարբերակում, արևմտյան մամուլի համաձայն, ցուցակում ներառված էր 58 անուն, այդ թվում՝ պատրիարք Կիրիլը, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի ընտանիքի անդամները և Բուչայում խաղաղ բնակիչների սպանության համար պատասխանատու ռուս զինվորականները:

France-Presse-ի և Bloomberg-ի հրապարակումների համաձայն, դրանց ավելացավ նաև Ալինա Կաբաևայի անունը։

ԵՄ-ն և Միացյալ Նահանգները արդեն պատժամիջոցներ են սահմանել Վլադիմիր Պուտինի երկու դուստրերի նկատմամբ։ Ամերիկյան մամուլը ավելի վաղ գրել էր, որ Կաբաևային հանել են ցուցակից Պուտինին չբարկացնելու համար։

Եվրահանձնաժողովն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Կաբաևայի դեմ Պուտինի հետ սերտ կապերի և այն բանի համար, որ նա 2014 թվականից գլխավորում է National Media Group-ի տնօրենների խորհուրդը, գրում է France Presse-ը՝ վկայակոչելով փաստաթղթի նախագիծը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG