Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

14:09 3.2.2023

Ամիսներ տևած քննարկումներից հետո ԱՄՆ-ը համաձայնել է հեռահար ռումբեր ուղարկել Ուկրաինա: Associated Press գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Միացյալ Նահանգների պաշտոնյաները:

Վաշինգտոնը ցամաքային ռումբեր կմատակարարի որպես 2,17 միլիարդ դոլարի օգնության փաթեթի մաս, որի մասին, ինչպես սպասվում է, կհայտարարվի այսօր:

Պաշտոնյաները հայտնել են, որ ԱՄՆ-ը կուղարկի չճշտված թվով փոքր տրամագծով ռումբեր՝ 150 կիլոմետր հեռահարությամբ:

14:02 3.2.2023

Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 13 հազար ռուս զինվոր և սպա։ Վերջին երեք ամիսների ընթացքում մահացածների մեծ մասը մոբիլիզացվածներ են, «Վագներ»-ի կամավորներ և վարձկաններ, այդ թվում՝ բանտարկյալներ։ Այս մասին ասվում է BBC-ի ռուսական ծառայության և Mediazona-ի համատեղ հետաքննության մեջ։

Բաց աղբյուրներից լրագրողները տեղեկացել են 924 մոբիլիզացված ռուսաստանցիների մահվան մասին։ Այս թիվը ներառում է հունվարի 1-ին Մակեևկայի հրթիռակոծության ժամանակ զոհվածներին։ Հետաքննողներին հաջողվել է պարզել արհեստագործական ուսումնարանի հրթիռակոծման հետևանքով զոհված 101 ռուս զինվորների անունները, որոնցից 99-ը մոբիլիզացվածներ են։ Առնվազն 18 այլ զինվորների ընտանիքներ չեն կարողանում գտնել իրենց զավակներին մահացածների կամ ողջերի մեջ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է Մակեևկայում 89 զինծառայողի մահը։

14:01 3.2.2023

Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի բնակելի շենքի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 4-ի, հայտնել է քաղաքապետ Ալեքսանդր Գոնչարենկոն։

Փրկարարները փլատակներից դուրս են բերել մահացած կնոջ դի, գրել է Գոնչարենկոն Facebook-ում։

21:45 2.2.2023

«Անհավանական է, բայց փաստ է՝ մեզ կրկին սպառնում են գերմանական Leopard տանկերով, որոնց վրա խաչեր կան», - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ առաջին անգամ մեկնաբանելով գերմանական տանկեր Կիև մատակարարելու Բեռլինի որոշումը։

Ելույթ ունենալով Վոլգոգրադում Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված համերգին, Պուտինը պնդել է, թե Ռուսաստանը արևմտյան տանկերի, այդ թվում՝ Leopard-ների մատակարարմանն էլ կարող է պատասխանել , «և զրահատեխնիկայի կիրառմամբ էլ գործը չի ավարտվի»։

Ամիսներ տևած քննարկումների արդյունքում ընդունված որոշման մասին խոսելիս Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագում հայտարարել է, որ Բեռլինը կանի ամեն հնարավորը՝ թույլ չտալու, որպեսզի պատերազմը վերածվի Մոսկվայի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտության։

21:42 2.2.2023

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և 15 եվրոկոմիսարներ ժամանել են Կիև։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Ուկրաինայի իշխանությունների հետ նախատեսված հանդիպումների օրակարգում ԵՄ-ին Կիևի անդամակցությանը հարցն է։

Ըստ Եվրահանձնաժողովի հաղորդագրության, քննարկումների ընթացքում կողմերը «կարծիքներ կփոխանակեն ԵՄ-ի և Ուկրաինայի միջև համագործակցության բազմաթիվ ոլորտների շուրջ, կքննարկեն ապագա վերակառուցումը, ինչպես նաև երկրի եվրոպական ուղին»:

Կիևում նախատեսված Ուկրաինա-Եվրոպական միություն գագաթնաժողովի ընթացքում Բրյուսելը, ինչպես ակնկալվում է, առաջին անգամ բարձր մակարդակով գնահատական կտա, թե որքանով է Ուկրաինան մոտեցել Եվրամիության անդամակցությանը վերջին յոթ ամսվա ընթացքում։

Երկիրը դաշինքին միանալու հայտ է ներկայացրել անցած գարնանը և արդեն հունիսին ստացել անդամակցության թեկնածուի կարգավիճակ։

21:40 2.2.2023

Առնվազն հինգ մարդ վնասվածքներ է ստացել Կրամատորսկի վրա հրթիռային նոր հարվածների հետևանքով, հայտնել է Դոնեցկի շրջվարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն: Նրա խոսքերով՝ վնասվել են մի շարք բնակելի շենքեր, դպրոց, մեքենաներ։

Երեկ երեկոյան ևս հաղորդվել էր ռուսական ուժերի կողմից Կրամատորսկի հրթիռակոծության մասին, որի հետևանքով առնվազն 3 մարդ զոհվել է, ևս 20-ը՝ վիրավորվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռուս զինվորականների թիրախը Կրամատորսկում HIMARS և MLRS հրթիռային կայաններն են եղել, որոնք ոչնչացվել են։

21:39 2.2.2023

Առնվազն ութ մարդ է զոհվել Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում անցած գիշեր շինարարների ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի հետևանքով։ Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևի խոսքերով՝ հրդեհը բռնկվել է Տավրիդա մայրուղու՝ Սևաստոպոլ և Սիմֆերոպոլ քաղաքները միացնող նոր ճանապարհի կառուցման աշխատողների կեցավայրում։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով` ութ զոհից բացի, ևս երկու մարդ էլ վնասվածքներ է ստացել։ Ըստ Ռուսաստանի կողմից բռնակցված թերակղզու իշխանությունների, հրդեհը տեղի է ունեցել էլեկտրական սարքի կարճ միացման հետևանքով։

15:23 2.2.2023

Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում հրթիռակոծության հետևանքով բազմաբնակարան շենք է փլվել։ Դոնեցկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոյի խոսքով՝ առնվազն 3 մարդ զոհվել է, ևս 20-ը՝ վիրավորվել։ Ուկրաինացի պաշտոնյան նշել է, որ ամենայն հավանականությամբ՝ փլատակներում ևս մարդիկ կան:

Ուկրաինայի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ ռուսական զորքերն «Իսկանդեր-Կ» հրթիռով հարվածել են քաղաքի բնակելի հատվածին՝ վնասելով առնվազն 8 բազմաբնակարան շենք։

Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել հրթիռակոծությունը։

Կրամատորսկը ուկրաինացի զինվորականների վերահսկողության տակ է, քաղաքը գտնվում է Բախմուտ քաղաքից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա, որը ռուսական ուժերի հարձակման թիրախում է, քաղաքի շուրջ պատերազմի մեկնարկից ի վեր ամենակատաղի մարտերն են մղվում:

15:22 2.2.2023

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այս շաբաթ ուղևորության ժամանակ, որը ներառում էր կանգառներ Սեուլում և Տոկիոյում, կոչ արեց ավելի շատ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ որպես օրինակ մատնանշելով եվրոպական երկրները:

Հարավային Կորեան և Ճապոնիան արդեն Ուկրաինային ոչ մահաբեր ռազմական տեխնիկա են նվիրաբերել՝ ներառյալ զրահաբաճկոններ և սաղավարտներ, Սեուլը նաև հավանություն է տվել ուկրաինացի զինվորականներին մատակարարող երկրներին հարավկորեական արտադրության զենքի վաճառքին։ Սակայն երկու պետություններից ոչ մեկը զենք չի առաքել անմիջապես Ուկրաինա՝ մասամբ նույն իրավական սահմանափակումների պատճառով, որոնք հետ են պահում եվրոպական շատ երկրներին:

Ո՛չ Հարավային Կորեան, ո՛չ Ճապոնիան Ուկրաինայի նկատմամբ իրենց քաղաքականությունը փոխելու մտադրություն ցույց չտվեցին։ Այնուամենայնիվ, Ստոլտենբերգի մեկնաբանությունները հուշում են, որ Արևմուտքը կարող է ավելի ու ավելի մեծ ճնշում գործադրել նրանց վրա ռազմական օգնություն տրամադրելու համար, նկատում են վերլուծաբանները:

15:20 2.2.2023

Վրաստանի իշխանությունները ուկրաինացի ժողովրդի արյան գնով ցանկանում են վերադարձնել Ռուսաստանի օկուպացրած տարածքները՝ միևնույն ժամանակ ծաղրելով Ուկրաինայի քաղաքացուն՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։

«Ես լսել եմ Վրաստանի նախագահի հայտարարությունը, ով կարծում է, որ մենք Ռուսաստանի հետ ինչ-որ խաղաղության համաձայնագրեր կստորագրենք։ Նա ինչ-որ երազում է, թե մենք դրանում պետք է ներառենք Վրաստանի այն հատվածը, որն Ռուսաստանը օկուպացրել է 2008 թվականին։ Բայց երբ ես մարտին ելույթ ունենալով վրացի եղբայրներին ասացի՝ «եկեք օգնեք և մենք միասին կաշխատենք», Վրաստանը՝ ի դեմս այդ նույն մարդկանց, լռեց և նույնիսկ նկատողություն արեց, որ ես խառնվում եմ իրենց գործերին», - ասել է Դանիլովը:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG