Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է` ռուս-ուկրաինական հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններում պետք է պահանջել, որ ռուսները հեռանան ոչ միաjն Ուկրաինայի, այլև Վրաստանի օկուպացված տարածքներից՝ Աբխազիայից և Հարավային Օսիայից։
Bloomberg կայքում նախօրեին հրապարակված հարցազրույցում Զուրաբիշվիլին ասել է, որ Ռուսաստանը պարտվել է բոլոր ճակատամարտերը, եթե ոչ՝ պատերազմը, և ապագա դիվանագիտական կարգավորումը պետք է ներառի նաև Աբխազիայից ու Հարավային Օսիայից ռուսական զորքերը դուրս բերելու հարցը։
Նրա խոսքով՝ վրացական հարցը պարզապես պարտավոր է լինել բանակցությունների սեղանին, չի կարելի անգամ մտածել, որ այս պատերազմը կավարտվի առանց Ռուսաստանի նահանջի բոլոր օկուպացված տարածքներից։
Ռուսական ուժերը Դոնեցկում Բախմուտի և Ուգլեդարի ուղղություններով շարունակում են հարձակողական գործողությունները։
Դոնեցկի ռուսական վարչակազմի ղեկվարի օգնական Յան Գագինը պետական հեռուստաընկերությամբ ասել է, թե Բախմուտը ներկա դրությամբ օպերատիվ շրջափակված է, ռուսական ուժերը փակում են քաղաքի շուրջ օղակը։
«Հիմա մարտեր են ընթանում Բախմուտը հարևան Չասով Յար քաղաքի հետ կապող մայրուղին վերահսկողության տակ վերցնելու համար»,- ասել է նա։
Հաղորդելով ռուսական կողմի պնդումները՝ «Ռոյթերսը» նշում է, որ անկախ աղբյուրներից այս պահին հնարավոր չէ ճշտել այդ տեղեկատվությունը։
Բախմուտի համար պայքարը կես տարի շարունակվում է, վերջին շրջանում ռուսական ուժերը հաղորդել էին քաղաքի շուրջ մի քանի գյուղեր գրավելու մասին։
Մինչ պատերազմը Բախմուտում 70 հազար մարդ էր ապրում, հիմա մնացել են մի քանի հազարը։ Ոստիկանության աշխատակից Պավլո Դյաչենկոն ասել է, որ հանդիպում են մնացած բնակիչներին՝ համոզելու տարհանվել քաղաքից։ Օրերս նրանք վեցամյա Ալինային տեղափոխել են Սլավյանսկ, որտեղ նա միացել է ընտանիքին։ Ալինան Բախմուտում մնացել էր ռուսների կողմից հրետակոծված շենքում, պապիկի ու տատիկի հետ։ Պավլո Դյաչենկոյի խոսքով՝ Բախմուտում դեռ մոտավորապես 200 երեխա կա։
Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը հաղորդում է, որ ռուսական հրամանատարությունը կադրային զինվորականների խոշոր ստորաբաժանումներ է ուղարկել Բախմուտ՝ «Վագների» վարձկաններին օգնելու շարունակել հարձակման տեմպերը։ Ռուսներրը փորձում են հյուսիսից ու հարավից քաղաքը շրջափակելու վտանգներ ստեղծել՝ ուկրաինական ուժերին ստիպելու դուրս գալ քաղաքից։ Ուկրաինական կայազորը մատակարարումների, իսկ անհրաժեշտության դեպքում հեռանալու երկու ճանապարհ ունի՝ արևմտյան ուղղությամբ դեպի Չասով Յար, կամ Կրասնոե։
«ՆԱՏՕ-ն [Մոսկվայի հետ հարաբերություններում] շարունակում է բարձրացնել խաղադրույքները, քանի որ Ռուսաստանի ռազմավարական պարտության մասին երազանքներն Արևմուտքում դեռ պահպանվում են։ Նման բան, սակայն, չի լինի»,- «Ռիա Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (СВР) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Մենք արձանագրում ենք Կիևի խամաճիկային վարչակազմին տրամադրվող սպառազինության քանակի և տեսականու ընդլայնումն, ինչը բացատրվում է հետևյալ տրամաբանությամբ՝ Միացյալ Նահանգները, դրա դաշնակիցները հաստատակամ են Ռուսաստանի հետ պատերազմել մինչև վերջին ուկրաինացին», - ասել է ռուսական արտաքին հետախուզության պետը։
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը նախապես չազդարարված այցով ժամանել է Կիև, հաղորդում է Reuters գործակալությունը։
Ավստրիայի նախագահը Կիև ժամանման փաստը հաստատել է Twitter-ի իր օգտահաշվում՝ գրելով. - «Պատերազմի մեկնարկից գրեթե մեկ տարի անց Ուկրաինան մոռացության չի մատնվել։ Նախագահ Զելենսկու և Ուկրաինայի խիզախ ժողովրդի հետ միասին մենք շարունակում ենք սատար կանգնել եվրոպական արժեքներին»:
Վան դեր Բելենը սոցիալական ցանցերում հրապարակել է նաև Կիևի երկաթուղային կայարանում իր դիմավորման արարողության լուսանկարը։
Այսօրվանից ռուսական ընկերություններին արգելվել է նավթ վաճառել, եթե պայմանագրի տեքստը պարունակում է Մեծ յոթնյակի (G7) երկրների սահմանած առավելագույն գնի պայման:
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի վերջին:
Մեծ յոթնյակի կողմից առավելագույն գին է սահմանվել նավթի համար 60 դոլարը մեկ բարելի դիմաց, նավթամթերքի համար սահմանաչափը դեռ որոշված չէ։
Ռուսաստանի նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը:
Reuters գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդում է, որ ԱՄՆ-ը մտադիր է մոտ ապագայում Ուկրաինային փոխանցել մինչև 150 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ:
Շվեդ-ամերիկյան նախագծման այս հրթիռներն արձակվում են նաև HIMARS կայանքներից և կարող են խոցել շարժվող թիրախները տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա:
Մինչ այժմ ուկրաինական բանակին ամերիկացիների և այլ դաշնակիցների կողմից մատակարարվող հրթիռների հեռահարությունը 80 կիլոմետրից մի փոքր ավելի էր. դրանք նույնպես HIMARS կայանքների համար նախատեսված հրթիռներ են։
Reuters-ի տվյալներով՝ 2,2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին կհայտարարվի արդեն այս շաբաթ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովն այսօր ասել է, որ ռուսական ուժերը Դոնեցկի մարզում գրավել են Բլագոդատնե ավանը.
«Դոնեցկի ուղղությամբ հարձակողական հաջող գործողությունների արդյունքում կամավորների գրոհային ջոկատները՝ հրթիռային զորքերի ու հարավային խմբավորման ուժերի հրետանու օպերատիվ մարտավարական կրակի և ռազմական ավիացիայի օժանդակությամբ ազատագրել են Բլագոդատնե բնակավայրը», - ասել է Կոնաշենկովը։
Միացյալ Նահանգները 60 միավոր Bradley հետևակի մարտական մեքենաներ է ուղարկել Ուկրաինա, հայտնել է ԱՄՆ զինված ուժերի տրանսպորտային հրամանատարությունը:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ մատակարարվում է Bradley-ների առաջին խմբաքանակը՝ 2,85 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի շրջանակում, որը հայտարարվել էր այս ամիս ավելի վաղ։
Bradley-ն օգտագործվել է ամերիկյան զորքերի կողմից Պարսից ծոցի, Իրաքի և Աֆղանստանի պատերազմներում։
2022 թվականի փետրվարից Ուկրաինային տրամադրված ԱՄՆ ռազմական օգնության ընդհանուր ծավալը կազմել է 27,1 միլիարդ դոլար, հիշեցրել է տրանսպորտային հրամանատարությունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ Սպիտակ տանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները F-16 կործանիչներ չի ուղարկի Ուկրաինա, ինչը նախօրեին խնդրել էր Ուկրաինայի պաշտպանության նախարարը։
«Ոչ», - պատասխանել է Բայդենը լրագրողի այն հարցին, թե արդյոք նախագահն աջակցում է F-16 կործանիչներ Ուկրաինա ուղարկելուն:
Այս ամիս արևմտյան երկրները երկար քննարկումներից հետո համաձայնեցին ժամանակակից տանկեր ուղարկել Ուկրաինա։
Կրեմլը հերքում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հրթիռային հարվածների վերաբերյալ սպառնալիքների մասին հայտարարությունը։ Այս մասին Միացյալ Թագավորության նախկին վարչապետը հայտարարել էր BBC-ի նկարահանած «Պուտինն ընդդեմ Արևմուտքի» վավերագրական ֆիլմում։
Ըստ Ջոնսոնի՝ ուկրաինական պատերազմից առաջ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը նշել է. «Բորի՛ս, ես չեմ ցանկանում քեզ ցավ պատճառել, բայց հրթիռներին ընդամենը մեկ րոպե է անհրաժեշտ լինելու»։
«Հրթիռային հարվածներ հասցնելու որևէ սպառնալիք չի հնչել։ Ռուսաստանի նախագահը պարզապես հայտարարել է, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կնշանակի, որ ցանկացած հրթիռ Մոսկվա կհասնի հաշված րոպեների ընթացքում», - հակադարձել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Կա՛մ սա մտածված սուտ է Ջոնսոնի կողմից, կա՛մ էլ նա պարզապես չի հասկացել, թե ինչ էր իրեն ասում նախագահ Պուտինը», - հավելել է Կրեմլի խոսնակը։
Reuters-ի տեղեկություններով՝ BBC-ի ֆիլմում հիշատակված հեռախոսազրույցը կայացել է Ուկրաինա ռուսական ներխուժումից մոտ երեք շաբաթ առաջ՝ 2022 թվականի փետրվարի 2-ին։