Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

14:47 8.12.2022

Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների իններորդ փաթեթը: Դրանում ընդգրկված է մոտ 200 ֆիզիկական և իրավաբանական անձ:

Փաթեթը նախատեսում է պատժամիջոցներ, այդ թվում՝ բարձրաստիճան զինծառայողների և ռուսական ռազմարդյունաբերական համալիրի պաշտոնյաների և այդ ոլորտի հիմնարկների նկատմամբ:

Բացի այդ, ցանկում բանկեր են, քիմիական, էլեկտրոնային և տեղեկատվական ոլորտի ընկերություններ:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի փոխանցմամբ, պատժամիջոցները թույլ կտան սահմանափակել անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու և արտադրելու Մոսկվայի հնարավորությունները:

Այսօրվա դրությամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցների ցուցակում են 118 իրավաբանական և ավելի քան 1200 ֆիզիկական անձինք, նեռարյալ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա մերձավոր շրջապատը:

Փաթեթն ուժի մեջ կմտնի Եվրոպական միության Խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից վավերացվելուց հետո:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան պատասխան միջոցներ կձեռնարկի:

14:45 8.12.2022

Politico հանդեսն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն անվանել է Եվրոպայի «ամենաազդեցիկ մարդը», որին վստահում են և որով հիանում են եվրոպացի բոլոր լիդերները:

«Տեսեք, թե ովքեր են շտապում Կիև՝ լուսանկարվելու 44-ամյա տղամարդու հետ, ով մշտապես իր արդեն հայտնի դարձած կանաչ շապիկով է: Կանգնել նրա կողքին՝ այդ են հիմա ուզում բոլոր քաղաքական գործիչները: Զելենսկին համոզել է ամբողջ Եվրոպային, որ մայրցամաքի ապագան կապված է Ուկրաինայի հետ, ինչին քչերն են հավատացել մինչև ռուսների փետրվարյան ներխուժումը»,- գրել է Politico-ն:

Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդեսն անվանել է «տարվա անհաջողակը», որի երազանքը Մեծ Ռուսաստան ստեղծելու մասին դժվար թե իրականանա:

«Որքան արագ էր Ուկրաինա նրա լայնածավալ ներխուժումը, նույնքան արագ էր դրա փլուզումը: Նա վաղուց է երազել Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակը վերադարձնելու մասին: Բայց փոխարենն իր ծաղրանքի ու հեգնանքի թիրախ դարձած Ուկրաինա ներխուժելով՝ չկարողացավ հաղթել հակառակորդին և Ռուսաստանն իջեցրեց երրորդ կարգի երկրի կարգավիճակին», - գրել է հանդեսը:

Ըստ Politico-ի՝ ուրիշներն այդ կացության մեջ կանգ կառնեին և կնահանջեին, բայց Պուտինի համառությունը վկայում է, որ պատերազմը կերկարաձգվի: Եվրոպայի համար դա նշանակում է սղաճ, էներգակիրների գնաճ, գազի և պարարտանյութի պակաս, ճնշում տնտեսական և քաղաքական համակարգերի վրա:

«Երազանքն իրականացնելու անկարողությունը չի նշանակում, որ Պուտինը կդադարի իր հարևանների սարսափը լինել», - գրել է Politico-ն:

14:43 8.12.2022

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել բանաձևին, որով «ցեղասպանություն» են որակվում Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում:

Նախագիծը հեղինակել են դեմոկրատականներ Բեն Քարդինը, ով նախագահում է ամերիկյան Հելսինկյան կոմիտեն, և Ռիչարդ Բլյումենթալը, հանրապետականներ Ջիմ Ռիշը և Լինդսի Գրեմը:

Բանաձևը դատապարտում է Ռուսաստանին «Ուկրաինայում ցեղասպան գործողություններ կատարելու համար» և կոչ է անում ԱՄՆ-ին ու դաշնակիցներին շարունակել աջակցությունը Կիևին:

Բանաձևը նաև կոչ է անում նախագահ Ջո Բայդենին «Մագնիտսկու օրենքով» պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայում ցեղասպանության համար պատասխանատվություն կրողների նկատմամբ:

«Իր գործողություններով [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինյը վստահ նկատել է տվել, որ նպատակն ուկրաինացի ժողովրդի գոյության դադարեցումն է: Ես անձամբ եմ տեսել նրա վայրագությունների հետևանքներն Իրպենում և Կիևի շրջանի այլ հատվածներում», - ասել է սենատոր Ռիշը:

14:38 8.12.2022

Ռուսական և բելառուսական ստորաբաժանումները մարտավարական զորավարժություններ են անցկացնում Բելառուսի տարածքում:

Վերլուծաբանները չեն բացառում, որ Մոսկվան Մինսկի վրա ճնշում է բանեցնում՝ համոզելով այս կամ այն ձևաչափով ներգրավվել Ուկրաինայի դեմ պատերազմում:

Մինսկը մի քանի անգամ հավաստիացրել, թե չի ներքաշվի պատերազմի մեջ, սակայն նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամայել է բանակի ստորաբաժանումները տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին, որտեղ արդեն տեղակայված են ռուսական ուժերը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ «Ռուսաստանի Արևմտյան զինտարածքի ստորաբաժանումները շարունակում են ակտիվ համատեղ զորավարժությունները Բելառուսի բանակի հետ»:

21:31 7.12.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն ինչ անում է պատերազմը շարունակելու համար, միայն թե չխոստովանի, որ պատմական սխալ է թույլ տվել, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա տեսակապով ելույթ է ունեցել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի անվան ժողովրդավարության մրցանակաբաշխությանը, ասել, որ Պուտինը թույլ է տվել իր կյանքի ու ռուսների ժամանակակից սերնդի կյանքի ամենամեծ սխալը։

Նրա խոսքերով՝ ցանկացած բռնապետի իդեա-ֆիքսը սխալների անտեսումն է և ձևացնելը, թե ոչ մի սխալ չի կատարվել։

«Հենց այդպես է հիմա իրեն պահում Ռուսաստանը։ Ակնհայտ է, որ բռնակալը պարտվել է, սակայն նա ամեն ինչ անում է, որպեսզի Ռուսաստանը շարունակի պատերազմը, միայն թե իրեն ու ուրիշներին չխոստովանի, որ պատմական սխալ է կատարվել»,- ասել է Զելենսկին, ընդգծելով, որ Ուկրաինան և ազատ աշխարհը հաստատ չեն փոխի իրենց նպատակները և իրենց արժեքների ինչ-որ զիջումների գնան։

21:30 7.12.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը բոլոր հնարավոր միջոցներով կպայքարի իր շահերը պաշտպանելու համար։

Նա ելույթ է ունեցել Ռուսաստանի նախագահին կից մարդու իրավունքների խորհրդի հեռավար անցկացված նիստում և իր խոսքում դժգոհել, որ Արևմուտքը Ռուսաստանին վերաբերվում է որպես երկրորդ կարգի երկրի, որը գոյություն ունենալու իրավունք չունի։

21:29 7.12.2022

Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը ցավակցություն է հայտնել Ուկրաինայի Բախմուտ քաղաքի մարտերում դեկտեմբերի 3-ին զոհված հինգ վրացիների հարազատներին։

Ռուսական զորքերը վերջին շրջանում ուժեղացրել են գրոհները Բախմուտի վրա։ Քաղաքի ծայրամասերում կատաղի մարտեր են ընթանում։

Դեկտեմբերի 3-ին զոհվել են Ավթանդիլ Ռուրուան, Ռոմեո Կվարացխելիան, Ռոմեո Պիչխայան, Մերաբ Ալադաշվիլին և Բադրի Մարկելիան։

Վրաստանի պատրիարքն ասել է, որ նրանք իրենց կյանքը տվել են մերձավորին օգնելու համար։

21:28 7.12.2022

Ամերիկյան Time հանդեսը տարվա մարդ է ճանաչել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և Ուկրաինայի ոգին։

«Տարվա մարդը․ Վլադիմիր Զելենսկին և Ուկրաինայի ոգին»՝ ազդարարում է հանդեսի շապիկի ճակատի գրառումը։

«Նրանք ապացուցեցին, որ քաջությունը կարող է նույնքան վարակիչ լինել, որքան վախը, ժողովուրդներին ու պետություններին միավորելու ու բարձրացնելու ազատությունը պաշտպանելու համար, աշխարհին հիշեցրին ժողովրդավարության և խաղաղության փխրուն լինելու մասին»․- գրել է Time-ը, նշելով, որ Վլադիմիր Զելենսկին թափ տվեց աշխարհն այնպես, ինչպես շատ տասնամյակներ ոչ ոք չի արել։

«Փետրվարի 24-ին, երբ սկսվեցին թափվել ռուսական ռումբերը, Կիևում մնալու և Ուկրաինային սատարելու համար աշխարհը բարձրացնելու նրա որոշումը բախտորոշ նշանակություն ունեցավ»,- ընդգծում է Time-ը։

16:01 7.12.2022

Ռուսաստանի կողմից օկուպացված Դոնեցկի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել։ Նրանց թվում կան զինվորականներ։

Շախտյորսկ-Տորեզ ճանապարհին բեռնատարը բախվել է միկրոավտոբուսին։ Բեռնատարի վարորդը ևս զոհվել է։ Երեք զինվորականներ ծանր վիճակում տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք։

Վթարի պատճառն ուսումնասիրվում է։ Նախնական վարկածով՝ միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկության հանդիպակաց գոտի։

15:59 7.12.2022

Միացյալ Նահանգների Սենատը համաձայնեցրել է 2023 թվականի պաշտպանական բյուջեն՝ այն կկազմի շուրջ 850 միլիարդ դոլար։

Նախատեսվում է եկող տարի Ուկրաինային 800 միլիոն դոլարի ռազմական աջակցություն տրամադրել։ Ըստ նախագծի՝ 6 միլիարդ դոլար էլ կուղղվի Եվրոպայում Ռուսաստանին «զսպելու համար»:

Նախատեսվում է նաև ևս հինգ տարով երկարաձգել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության արգելքը։

Արդեն համաձայնեցված նախագիծը օրենքի ուժ կստանա ամերիկյան Կոնգրեսի երկու պալատներում քվեարկություններից ու նախագահ Ջո Բայդենի կողմից ստորագրվելուց հետո։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG