Մատչելիության հղումներ

Politico. Զելենսկին՝ Եվրոպայի «ամենաազդեցիկ մարդ», Պուտինը՝ «տարվա անհաջողակ»


Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին, արխիվ
Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին, արխիվ

Politico հանդեսն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն անվանել է Եվրոպայի «ամենաազդեցիկ մարդը», որին վստահում են և որով հիանում են եվրոպացի բոլոր լիդերները:

«Տեսեք, թե ովքեր են շտապում Կիև՝ լուսանկարվելու 44-ամյա տղամարդու հետ, ով մշտապես իր արդեն հայտնի դարձած կանաչ շապիկով է: Կանգնել նրա կողքին՝ այդ են հիմա ուզում բոլոր քաղաքական գործիչները: Զելենսկին համոզել է ամբողջ Եվրոպային, որ մայրցամաքի ապագան կապված է Ուկրաինայի հետ, ինչին քչերն են հավատացել մինչև ռուսների փետրվարյան ներխուժումը»,- գրել է Politico-ն:

Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդեսն անվանել է «տարվա անհաջողակը», որի երազանքը Մեծ Ռուսաստան ստեղծելու մասին դժվար թե իրականանա:

«Որքան արագ էր Ուկրաինա նրա լայնածավալ ներխուժումը, նույնքան արագ էր դրա փլուզումը: Նա վաղուց է երազել Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակը վերադարձնելու մասին: Բայց փոխարենն իր ծաղրանքի ու հեգնանքի թիրախ դարձած Ուկրաինա ներխուժելով՝ չկարողացավ հաղթել հակառակորդին և Ռուսաստանն իջեցրեց երրորդ կարգի երկրի կարգավիճակին», - գրել է հանդեսը:

Ըստ Politico-ի՝ ուրիշներն այդ կացության մեջ կանգ կառնեին և կնահանջեին, բայց Պուտինի համառությունը վկայում է, որ պատերազմը կերկարաձգվի: Եվրոպայի համար դա նշանակում է սղաճ, էներգակիրների գնաճ, գազի և պարարտանյութի պակաս, ճնշում տնտեսական և քաղաքական համակարգերի վրա:

«Երազանքն իրականացնելու անկարողությունը չի նշանակում, որ Պուտինը կդադարի իր հարևանների սարսափը լինել», - գրել է Politico-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG