- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կրեմլը պատրաստ չէ բանակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եթե նախապայման է դրվում Ուկրաինայից հեռանալը: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն, ով միաժամանակ նշել է, թե Դաշնության լիդերը պատրաստ է շարունակել շփումները:
Պեսկովը հիշատակել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վերջին հայտարարությունն այն մասին, որ «բանակցությունները հնարավոր են, եթե Պուտինը հեռանա Ուկրաինայից»: Նախօրեին Վաշինգտոնում Բայդենն այդ մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսում:
«Հատուկ ռազմական օպերացիան, անշուշտ, կշարունակվի: Պուտինը բաց էր և հիմա էլ պատրաստ է քննարկումների համար: Իհարկե, մեզ համար նախընտրելի է մեր շահերն ապահովել խաղաղ, դիվանագիտական ուղիներով», - ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենի և Էմանյուել Մակրոնի՝ Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո հրապարակված համատեղ հայտարարությունում ասված է, որ երկու առաջնորդները հաստատում են իրենց վճռականությունը՝ միջազգային մեխանիզմների օգնությամբ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանին լայնորեն փաստագրված վայրագությունների և ռազմական հանցագործությունների համար, որոնք Ուկրաինայում կատարվել են ռուսական կանոնավոր զինված ուժերի և նրանց աջակիցների կողմից՝ ներառյալ վարձկանները:
Գրավոր հայտարարությունում, ինչպես նաև մամուլի համատեղ ասուլիսում Բայդենը և Մակրոնը հայտարարել են, որ գործընկերների հետ կշարունակեն աջակցել Ուկրաինային որքան անհրաժեշտ լինի:
«Պուտինը կարծում է, թե կարող է կոտրել բոլոր նրանց կամքը, ովքեր հանդես են գալիս իր կայսերական ամբիցիաների դեմ: Ուկրաինայում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները, գները բարձրացնելու նպատակով Եվրոպա էներգամատակարարման դադարեցումը, պարենային ճգնաժամի սրացումը վնաս են հասցնում խոցելի մարդկանց ոչ միայն Ուկրաինայում, այլև ամբողջ աշխարհում, բայց նրա մոտ ոչինչ չի ստացվի», - ասել է ԱՄՆ նախագահը:
ԱՄՆ նախագահն ասել է, թե մտադիր չէ մոտ ապագայում կապ ունենալ Ռուսաստանի նախագահի հետ, բայց պատրաստ է խոսել նրա հետ, եթե Պուտինը հետաքրքրություն ցուցաբերի պատերազմը դադարեցնելու ճանապարհ փնտրելու համար: «Նա դեռևս դա չի արել», - նշել է Բայդենը` հավելելով, որ եթե դա տեղի ունենա, ապա խորհրդակցելով Ֆրանսիայի և ՆԱՏՕ-ի ընկերների հետ, ուրախ կլինի՝ նստելու Պուտինի հետ, տեսնելու, թե ինչ է նրա մտքինը:
Մակրոնն ասել է, որ Ուկրաինային երբեք կոչ չեն անի՝ գնալու այնպիսի զիջումների, որոնք անընդունելի են Կիևի համար:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Կիևն ու Մոսկվան ռազմագերիներ են փոխանակել՝ 50-ը 50-ի դիմաց սկզբունքով, երեկ հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության առաջնորդ Դենիս Պուշիլինը։
Տեղեկատվությունը ավելի ուշ հաստատել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի խոսքերով՝ հայրենիք վերադարձած գերիների թվում են նաև Ելենովկայում գերեվարված զինծառայողներ, ինչպես նաև Մարիուպոլի և Ազովստալի պաշտպաններ:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Միացյալ Նահանգները 1 միլիարդ 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Raytheon ընկերության հետ՝ Ուկրաինայի համար NASAMS (National Advanced Surface-to-Air Missile Systems) ՀՕՊ համակարգեր գնելու նպատակով, հայտնում է Պենտագոնի մամլո ծառայությունը։
ԱՄՆ իշխանությունները մտադիր են Ուկրաինային ընդհանուր առմամբ ութ NASAMS համակարգ ուղարկել։ NASAMS-ը կարճ և միջին հեռահարության շարժական զենիթահրթիռային համակարգ է՝ իր դասի մեջ ամենաժամանակակիցը, որը նախատեսված է ցածր և միջին բարձրությունների վրա օդային թիրախների դեմ պայքարելու համար։ Այն ունակ է ոչնչացնել անօդաչու թռչող սարքեր, բալիստիկ և թևավոր հրթիռներ, ուղղաթիռներ, ինքնաթիռներ և այլ օդային թիրախներ։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Իսպանիայի ոստիկանությունը հետաքննում է դեկտեմբերի 1-ի վաղ առավոտյան Մադրիդի մերձակայքում գտնվող ավիաբազա ուղարկված կասկածելի ծանրոցը։
Իսպանական կառավարության պաշտոնյաները հայտնել են, որ մեկ այլ պայթուցիկ փաթեթ էլ հայտնաբերվել նոյեմբերի 30-ին Սարագոսայի զենքի գործարանում, որտեղ արտադրվող նռնականետերը Մադրիդն Ուկրաինա է ուղարկել։
Նույն օրը Մադրիդում ուկրաինական դեսպանատանն է տեղի ունեցել պայթյուն, որը Իսպանիայի Ազգային դատարանը դիտարկում է որպես ահաբեկչություն, հաղորդում է իսպանական Europa Press լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Լրատվամիջոցի համաձայն՝ հետաքննությունը կմեկնարկի ոստիկանության նախնական զեկույցից հետո, որում պետք է տեղ գտնեն միջադեպի առանցքային մանրամասները։
Իսպանական մայրաքաղաքում Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունում պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը։ Հաղորդվել է մեկ վիրավորի մասին։ Պայթուցիկ սարքը տեղադրված էր դեսպանին հասցեագրված ծանրոցում։
Միջադեպից հետո Ուկրաինայի արտգործնախարարը հանձնարարել է բոլոր ուկրաինական դեսպանատներում խստացնել հսկողությունը և ստացվող նամակներն ու ծանրոցները պարտադիր զննել հատուկ սարքերով:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի ստորին պալատը՝ Բունդեսթագը, 1932-33 թվականների զանգվածային սովամահությունը՝ Հոլոդոմորը ճանաչել է ցեղասպանություն:
Բանաձևին աջակցել են իշխող երեք կուսակցությունները և քրիստոնյա դեմոկրատները: Տարբեր հարցերում հաճախ ռուսամետ դիրքորոշում դրսևորող Ձախերը և «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցությունը ձեռնպահ են մնացել: Դեմ ձայն չի եղել:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել գերմանացիներին և հայտարարել, որ «ճշմարտությունը միշտ հաղթում է»:
Զանգվածային սովամահության՝ Հոլոդոմորի հետևանքով Ուկրաինայում անցյալ դարի 1930-ականների սկզբին զոհվել է առնվազն 5 միլիոն մարդ:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խորհրդային իշխանության պահանջով Ուկրաինայում գյուղացիներից առգրավել են գրեթե ամբողջ պարենը՝ հացահատիկը, սերմացուն և անասուններին:
Մեծ թվով պատմաբանների համոզմամբ դա միտումնավոր արվել է Ուկրաինայում զանգվածային սով առաջացնելու և այդ միջոցով ազգայնական ուկրաինացիներին ու կոլխոզների գաղափարին ընդդիմացող գյուղացիներին պատժելու նպատակով:
Ռուսաստանը կտրականապես մերժում է Հոլոդոմորի միտումնավոր կազմակերպումը, պնդելով, որ այդ ժամանակաշրջանում անբերունակ տարիների և անբարենպաստ այլ հանգամանքների հետևանքով մեծ թվով մարդիկ սովամահ են եղել նաև Ռուսաստանում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը ոչնչացնելու ռուսների ռազմավարությունը նպատակին չի հասնի: Այդ մասին նա խոսել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հավաքում:
«Մենք հանդիպում ենք կրիտիկական պահի, երբ Ուկրաինան փորձում է ամրապնդել դիրքերը ռազմի դաշտում, իսկ {Ռուսաստանի նախագահ Վլադիմիր} Պուտինն իր զայրույթը թափում է Ուկրաինայի քաղաքացիական բնակչության վրա: Անցած շաբաթների ընթացքում Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգահամակարգի մեկ երրորդին», - ասել է Բլինքենը:
ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխանցմամբ, միլիոնավոր մարդիկ հայտնվել են մթան և ցրտի պայմաններում:
«Ջեռուցում, ջուր, հոսանք երեխաների, տարեցների, հիվանդների համար՝ այդ ամենը Պուտինի թիրախ է»,- ասել է Բլինքենը:
Նրա համոզմամբ, այդ մարտավարությունը չի աշխատի: Արևմուտքը կշարունակի սատարել Ուկրաինային, իսկ Կիևը պայքարից չի հրաժարվի:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մադրիդում Ուկրաինայի դեսպանատան տարածքում պայթել է փոստով ստացված մի նամակ: Դեսպանական աշխատողը թեթև վնասվածք է ստացել:
Իսպանացի ոստիկանները և քննիչները ստուգում են տեղի ունեցած միջադեպի հանգամանքները: Ենթադրվում է, որ այդ նամակը հասցեագրված էր Իսպանիայում Ուկրաինայի դեսպան Սերհիյ Պոհորեզլևին:
Իսպանիայում Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչ Օլեհ Նիկոլենկոն Facebook-ի էջում տեղադրել է գրառում, որի համաձայն, «նամակը բացած աշխատակիցը ստացել է կյանքին չսպառնացող վնասվածքներ»:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան կարգադրել է բոլոր ուկրաինական դեսպանատներում խստացնել հսկողությունը և ստացվող նամակներն ու ծանրոցները պարտադիր զննել հատուկ սարքերով:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգն այսօր Բուխատրեստում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հավաքում, ասել է, թե հիմա կարևորը ոչ թե Ուկրաինայի անդամակցումն է, այլ հաղթանակը պատերազմում:
«Ամենահրատապ խնդիրն է՝ ամեն բան անել, որ Ուկրաինան հաղթի որպես Եվրոպայի ինքնիշխան և դեմոկրատական պետություն: Եթե Ուկրաինան չհաղթի որպես ինքնիշխան երկիր, ապա անդամակցության հարց սեղանին ընդհանրապես չի լինի»,- ասել է Ստոլտենբերգը:
Միաժամանակ նա ընդգծել է, թե անդամ ընդհանրապես չլինելու և լիիրավ անդամ դառնալու հասկացությունների միջև կան շատ հանգամանքներ:
«Մենք պետք է գիտակցենք, որ շատ բան կա զրոյական կարգավիճակի և լիիրավ անդամի կարգավիճակների միջև: Մեզ պետք է զարգացնել քաղաքական և գործնական համագործակցությունն Ուկրաինայի հետ: Այսօր ամենակարևորն այն է, որ Ուկրաինան հաղթի»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ռազմաճակատում շատ լարված կացություն է: Նրա խոսքով՝ ռուսական ուժերը փորձում են առաջ շարժվել Դոնբասի և Խարկովի ուղղությամբ:
«Ռազմաճակատում բարդ վիճակ է: Չնայած ահռելի կորուստներին, զավթիչները շարունակում են Դոնեցկի շրջանում առաջ գնալու և Լուգանսկի շրջանում դիրքն ամրապնդելու, ինչպես նաև Խարկովի շրջան մտնելու փորձերը, նրանք նաև ինչ-որ բան են մոգոնում հարավում», - ասել է Զելենսկին:
Մոսկվան Ռուսաստանի մաս է հռչակել Լուգանսկի և Դոնեցկի մարզերը, որոնք միասին կազմում են Դոնբասի շրջանը: Դոնբասում վերջին ամիսներին կատաղի մարտեր են ընթանում: