- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական միությունը Միացյալ Նահանգների աջակցությամբ կստեղծի հատուկ դատարան, որը կքննի Ուկրաինայում Ռուսաստանի կատարած պատերազմի հանցագործությունները և պատասխանատվության կենթարկի մեղավորներին: Այդ մասին ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա մահ ու ավեր և անասելի տառապանք է բերել: Բոլորս հիշում ենք Բուչայի սարսափը: Ենթադրվում է, որ այսօրվա դրությամբ ավելի քան 20 հազար խաղաղ բնակիչ և ավելի քան 100 հազար ուկրաինացի զինծառայող է սպանվել: Ռուսաստանը պետք է վճարի այս դաժան հանցանքների, այդ թվում՝ ինքնիշխան պետության վրա ռազմական հարձակում գործելու համար: Հենց դա է պատճառը, որ սատարելով ՄԱԿ-ի Քրեական դատարանին՝ մենք առաջարկում ենք ստեղծել ՄԱԿ-ի հովանու ներքո մեկ ուրիշ հատուկ դատարան, որը կքննի Ռուսաստանի հանցանքները և կպատժի ագրեսորներին», - հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Նրա պնդմամբ, Ռուսաստանը նաև ֆինանսապես պետք է հատուցի: Ուկրաինային հասցված վնասը կազմում է մոտ 600 միլիարդ եվրո: Ռուսաստանը և ռուս օլիգարխները պետք է վճարեն Ուկրաինայի վերականգնման ծախսերը:
Եվրամիությունն արգելափակել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստներից մոտ 300 միլիարդ եվրո և սառեցրել է օլիգարխներին պատկանող ևս 19 միլիարդ եվրո: Եվրամիությունը պետք է գործընկերների հետ ստեղծի կառույց, որի միջոցով այդ գումարները կուղղվեն Ուկրաինայում վերակառուցման ծրագրին:
Ուրսուլա ֆոն դեր Լայենի համոզմամբ, երբ մի օր պատժամիջոցները կչեղարկվեն, Ռուսաստանը պարտավորված կլինի ստացվող եկամուտներից ամբողջությամբ հատուցել ծախսերը:
Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի խոսքով, համատեղ քայլերով հնարավոր կլինի մշակել իրավական միջոցներ և ապահովել, որ Ռուսաստանի այդ սարսափելի հանցանքներն անպատիժ չմնան:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Այսօր Բուխարեստում անցկացվող ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հավաքի երկրորդ օրն է, գլխավոր թեման շարունակում է մնալ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ։
Նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցելու հեռանկարը մնում է, և Ռուսաստանը չի կարող վետոյի իրավունք ունենալ այս հարցում։
ՆԱՏՕ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները խոստացել են ուժեղացնել աջակցությունը Ուկրաինային և օգնել վերականգնել երկրի էներգետիկ ենթակառուցվածքը ռուսական հարձակումների ֆոնին:
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին ռուսական հրթիռային հարվածներից հետո Միացյալ Նահանգները դաշնակիցների հետ քննարկում է Կիևին տրանսֆորմատորների և գեներատորների մատակարարումները, հաղորդում է The New York Times-ը:
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Ռուսաստանը փորձում է ձմեռը որպես զենք օգտագործել ընդդեմ Ուկրաինայի», - այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը՝ պնդելով, որ Մոսկվան նման մարտավարություն է որդեգրել, քանի որ չի կարողանում ուկրաինացիներին հաղթել ռազմի դաշտում։
Խոսելով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկաների մասին, Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքի դռները բաց են և Մոսկվան այստեղ վետոյի իրավունք չունի։
«Ուկրաինայի հարցում, սակայն, այժմ մեր առաջնահերթությունն այդ երկրին օժանդակելն է։ Մենք պետք է վստահ լինենք, որ Վլադիմիր Պուտինն այս պատերազմում առավելության չի հասնի և Ուկրաինան կհաղթի որպես ինքնիշխան եվրոպական պետություն», - հայտարարում էր Ստոլտենբերգը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Կիևի հետ բանակցություններն այս պահին անհնարին են», - այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ պնդելով, որ դրանց անցկացումը կտրականապես մերժվում է Ուկրաինայի կողմից։
Ռուսաստանի նախագահի խոսնակը մեկնաբանել է Գերմանիայի ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի օրերս հնչեցրած հայտարարությունը, ըստ որի, այս պահին ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններ վարել չի կարելի։
«Խաղաղ բանակցությունների համար քաղաքական կամք է անհրաժեշտ, ինչպես նաև Ռուսաստանի կողմից առաջ քաշվող պահանջները քննարկելու պատրաստակամություն», - նշել է Պեսկովը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՆԱՏՕ-ի արտգործնախարարներն այսօր կհավաքվեն Բուխարեստում։ Երկօրյա հանդիպման ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ուկրաինական հակամարտությունը, Կիևին ռազմական օգնության շարունակումը:
«ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի: Մենք չենք նահանջելու: Դաշնակից երկրները ցուցաբերում են աննախադեպ ռազմական աջակցություն: Եվ ես ակնկալում եմ, որ արտգործնախարարները նույնպես կհամաձայնեն ավելացնել չմարող աջակցությունը», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ավելի վաղ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։
Նա վստահ է, որ «խաղաղ լուծման հնարավորությունները մեծացնելու լավագույն միջոցը Ուկրաինային աջակցելն է»։
Ինչպես պարզաբանել է Ստոլտենբերգը, որպես օգնության համապարփակ փաթեթի մաս, դաշինքը Ուկրաինային մատակարարում է վառելիք, դեղամիջոցներ, ձմեռային օգտագործման համար նախատեսված սարքավորումներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերը ճնշելու միջոցներ։
«Շնորհակալ եմ բոլոր դաշնակիցներին իրենց ներդրման համար: Եվ Բուխարեստում մեր հանդիպման ժամանակ ես կոչ կանեմ ավելիին», - հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Հյուսիսային Եվրոպայի և բալթյան երկրների յոթ արտգործնախարարներ այսօր ժամանել են Կիև՝ աջակցություն հայտնելու Ուկրաինային։
«Մենք՝ Էստոնիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի, Շվեդիայի արտգործնախարարներս այսօր Կիևում ենք՝ ամբողջովին համերաշխ Ուկրաինայի հետ: Չնայած ռուսական ռումբերի անձրևին և բարբարոս դաժանությանը՝ Ուկրաինան կհաղթի»,- Թվիթերում գրել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելուս Լանդսբերգիսը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը մտադիր է հայտարարել, որ հաջորդ տարի Լոնդոնը կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Կիևին` առնվազն նույն ծավալով (և, հնարավոր է, ավելի շատ), քան այժմ:
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ ծանոթանալով վարչապետի ելույթի տեքստին, որը նա պետք է հնչեցնի այսօր։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ այս շաբաթը Ուկրաինայի համար, ամենայն հավանականությամբ, ոչ պակաս դժվար կլինի, քան նախորդն էր։
Զելենսկին կիրակի օրը հայտարարել է, որ Ռուսաստանը ավելի շատ հրթիռային հարվածներ կհասցնի Ուկրաինային և զգուշացրել , որ պաշտպանության ուժերը և երկրի քաղաքացիները պետք է պատրաստ լինեն ընդհանուր ջանքերի՝ այդ հարվածների հետևանքներին դիմակայելու համար։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Կան նշաններ, որ ռուսական զորքերը պատրաստվում են լքել Զապորոժիեի ատոմակայանը, հայատարարել է ուկրաինական «Էներգոատոմ» ընկերության ղեկավար Պետր Կոտինը:
Նրա խոսքով՝ վերջերս «ռուսական մամուլում շատ հրապարակումներ սկսեցին հայտնվել այն մասին, որ Զապորոժիեի ատոմակայանը միգուցե պետք է փոխանցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) վերահսկողության տակ»։
Վերջին օրերին տպավորություն է ստեղծվել, որ ռուս զինվորականները «հավաքել են ճամպրուկները, ասել է «Էներգոատոմ» ընկերության ղեկավարը։
Կիևում «գրեթե ամբողջությամբ» վերականգնվել են էլեկտրաէներգիան, ջրամատակարարումը, ինչպես նաև կապը, նոյեմբերի 27-ին հայտնել է քաղաքի ռազմական վարչակազմը՝ հավելելով է, որ «հնարավոր են անջատումներ էլեկտրացանցերի ծանրաբեռնվածության պատճառով»:
Ուկրաինայի մայրաքաղաքի տասնյակ հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության ռուսական հարձակումներից հետո։ Նոյեմբերի 23-ին Ռուսաստանը հրթիռակոժել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին՝ պատճառելով լուրջ վնաս։