- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ավելի քան 15 հազար մարդ է անհետ կորել ուկրաինական պատերազմի ժամանակ, տեղեկացրել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի ներկայացուցիչը։
Հաագայում գործող կազմակերպությունը հուլիսին գրասենյակ բացեց Կիևում՝ օգնելու Ուկրաինային փաստաթղթեր հավաքել և փնտրել անհետ կորածներին:
Կազմակերպության Եվրոպայի տնօրեն Մեթյու Հոլիդեյի խոսքով՝ դեռ պարզ չէ, թե քանի մարդ է բռնի տեղահանվել, պահվում է Ռուսաստանում, ողջ է և բաժանված է ընտանիքից կամ մահացել է:
Ուկրաինայում անհետ կորածների որոնումները կշարունակվեն տարիներ, նույնիսկ ռազմական գործողությունների դադարեցումից հետո, ասել է Հոլիդեյը Reuters-ին տված հարցազրույցում։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին մեկնել է Ուկրաինա: Այցի ընթացքում նա կհայտարարի ձմռան համար Կիևին լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին, հայտնել են բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Ակնկալվում է, որ Լոնդոնը 3 միլիոն ֆունտ ստերլինգ կտրամադրի Ուկրաինայի կենսական ենթակառուցվածքների վերականգնման համար, ևս 5 միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի հացահատիկի տեղափոխման ծրագրին:
Նախատեսվում է, որ բրիտանացի նախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որով Ռուսաստանը ճանաչվել է ահաբեկչությունը հովանավորող պետություն:
Բանաձևում ասվում է, որ խորհրդարանի ստորին պալատն այդ որոշումը կայացրել է Ուկրաինա Ռուսաստանի նեխխուժման կապակցությամբ: Նախագիծը ներկայացրել է «կանաչ ձախերի» խմբակցության պատգամաավոր Տոմա վան դեր Լին:
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հեկստրան նշել է, որ երկրի օրենսդրությունը չի նախատեսում պատժամիջոցների սահմանում ահաբեկչության հովանավորների նկատմամբ:
«Ռուսաստանի բանակն Ուկրաինայում նպատակաուղղված և միտումնավոր հարվածներ է հասցնում քաղաքացիական թիրախներին», - ասվում է բանաձևում:
Օրենսդիրները նաև կոչ են արել գործադիրին առավելագույն օգնություն տրամադրել Ուկրաինային մարդասիրական, դիվանագիտական և ռազմական ասպարեզներում:
Ավելի վաղ Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Չեխիայի և Լեհաստանի խորհրդարանները Ռուսաստանը ճանաչել են որպես ահաբեկչությանը սատարող պետություն:
Հոկտեմբերի 13-ին ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձև, որով Ռուսաստանը համարվել է «ահաբեկչական ռեժիմ»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր Բրյուսելում ասել է, թե ներկայիս պահին գերնպատակը Կիևին օգնելն է, հարկ է ամեն բան անել, որ Ռուսաստանը չհաղթի Ուկրաինայի դեմ վարած պատերազմում:
«Մենք պետք է անհրաժեշտ ռազմական օգնություն տրամադրենք Ուկրաինային, երաշխավորենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չհաղթի այս պատերազմում», - ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:
Նրա փոխանցմամբ, պետք է ամեն բան անել, որ Ուկրաինան ազատագրի ռուսների կողմից զավթված տարածքները և խաղաղության հասնի որպես ինքնիշխան և անկախ պետություն: Ստոլտենբերգի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ն, մասնավորապես, դաշինքի անդամ Գերմանիան, հակաօդային պաշտպանության արդյունավետ համակարգեր է փոխանցել ուկրաինացիներին:
Հաջորդ շաբաթ տեղի կունենա ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հավաքը: Ստոլտենբերգը հայտնել է, որ այդ ժողովում կոչ կանի բոլորին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ուկրաինային սատարելու, այդ թվում՝ ՀՕՊ համակարգեր փոխանցելու համար:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցած գիշեր տեսաուղերձում ասել է, որ ռուսների հրթիռակոծությունների հետևանքով շարքից դուրս եկած հոսանքի, ջրի և կապի համակարգերի աշխատանքն աստիճանաբար վերականգնվում է:
Ռուսական կողմը հոկտեմբերից սկսած թիրախավորում է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքը, նպատակ ունենալով ձմռան ամիսներին անտանելի պայմաններ ստեղծել բնակչության համար:
«Վերականգնման աշխատանքը շարունակվում է, զօրուգիշեր մենք շարունակում ենք վերականգնել էլեկտրաէներգիայի, ջեռուցման, ջրի մատակարարման և կապի հիմնարկները: 15 շրջաններում դեռ կան ջրի հետ կապված խնդիրներ: Առավել բարդ կացություն է Կիևի, Կիրովհրադի, Դնեպրոպետրովսկի, Լվովի, Պոլտավայի և Խարկովի շրջաններում»,- ասել է Զելենսկին:
Մոսկվան ընդունում է, որ հարվածներ է հասցնում այդ ենթակառուցվածքին և դրանք արդարացնում է Ուկրաինայի պաշտպանունակությունը թուլացնելու և բանակցություններ պարտադրելու նպատակով:
«Շնորհակալ եմ մեր երկրի համար կռվող և աշխատող բոլոր մարդկանց: Մենք միասին ինն ամիս դիմանում ենք այս լայնածավալ պատերազմում, և Ռուսաստանը չի կարողանում կոտրել մեզ և չի էլ կարողանա: Մենք այսպես էլ պետք է շարունակենք լինել միասին և օգնել մեկ-մեկու: Փառք Ուկրաինային»,- գիշերվա տեսաուղերձում ասել է Ուկրաինայի ղեկավարը:
Մայրաքաղաք Կիևում, ըստ քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի, ջերմաստիճանը զրոյից շատ ցածր է, բնակիչների 60 տոկոսը զրկված է էլեկտրաէներգիայից:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ եթե իր երկիրը հարձակման ենթարկվի, Մինսկը չի դիմի ՀԱՊԿ-ին, բայց առաջարկված օգնությունից չի հրաժարվի:
«Մենք, եթե Աստված մի արասցե, ներխուժում լինի, իհարկե, երբեք դեմ չենք լինի, որ օգնեն, բայց, կարծում եմ, ՀԱՊԿ-ին դիմելուն չի հասնի: Չեք էլ պատկերացնում, թե ինչպես կպատասխանենք», - ասել է Լուկաշենկոն OHT հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում:
Ավելի վաղ նա հայտարարել է, թե ներխուժման պարագայում Բելառուսի պատասխանից «ոչ միայն Եվրոպան կդողա»:
Նա ընդգծել է, որ հարկ եղած դեպքում կարող է գործադրվել նաև ռուս-բելառուսական համատեղ ռազմական խմբավորումը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինան և Ռուսաստանը 50-50 սկզբունքով ռազմագերիների փոխանակում են կատարել: Այդ մասին առաջինը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:
Նրա փոխանցմամբ, Ուկրաինան վերադարձրել է 2 սպաների և 48 շարքայինների ու սերժանտների:
«Կարևոր է, որ մենք կարողացանք վերադարձնել Մարիուպոլի 19 պաշտպաններին, դրանից զատ տուն են վերադարձել Չերնոբիլի ԱԷԿ-ի տարածքից 15 գերիներ և 7 գերիներ Զմեինի կղզուց»,- ասել է Երմակը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է 50 գերիներին վերադարձնելու փաստը: Ըստ գերատեսչության, «այդ գերիներին մահացու վտանգ էր սպառնում»:
Անցած անգամ կողմերը 35-ական ռազմագերի են փոխանակել, իսկ ավելի վաղ դա արել են 107-107 սկզբունքով:
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Եվրամիությունը (ԵՄ) պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցների նոր փաթեթի մշակման մասին այսօր Հելսինկի կատարած այցի ընթացքում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նրա խոսքով՝ պատժամիջոցների առանցքային կետը լինելու է միջազգային շուկայում վաճառվող ռուսական նավթի առավելագույն գնի սահմանումը։
«Ես վստահ եմ, որ շուտով «Մեծ յոթնյակի» և մյուս առաջատար գործընկերների հետ միասին մենք կհաստատենք ռուսական նավթի առավելագույն գին սահմանելու առաջարկը։ Մենք չենք հանդարտվի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի հաղթել Պուտինի կողմից իրեն պարտադրված անօրինական և բարբարոս պատերազմում», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Մոսկվան արդեն իսկ արձագանքել է ԵՄ-ի այս մտադրությանը՝ հայտարարելով, որ ռուսական նավթի առավելագույն գնի սահմանումը Բրյուսելի համար ինքնանպատակ է դարձել։
«Դժվար է կանխատեսել, թե այդ քայլը ինչպես կազդի միջազգային էներգետիկ շուկայի վրա։ Ամեն դեպքում, մենք շարունակում ենք մնալ այն տեսակետին, որ նախկինում հնչեցրել է Ռուսաստանի նախագահը։ Դրա համաձայն՝ Ռուսաստանը նավթ և գազ չի վաճառի այն երկրներին, որոնք ռուսական վառելիքի առավելագույն գին կսահմանեն», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) այսօր հայտարարել է Սև ծովի հատակով անցնող «Հարավային հոսք» գազատարի դեմ դիվերսիոն հարձակումը կանխելու մասին։
Գերատեսչության պնդմամբ՝ դեպի Թուրքիա և Եվրոպա գազ մատակարարող խողովակաշարի պայթեցումը ծրագրել էին ուկրաինական հատուկ ծառայությունները։
«Հետաքննության ընթացքում ձերբակալվել են Ռուսաստանի մի շարք քաղաքացիներ, որոնք առնչություն ունեին բուն ահաբեկչական հարձակման նախապատրաստման, ինչպես նաև դրա ռեսուրսային ապահովման հետ», - հաղորդում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը:
Ռուսաստանցի իրավապահները նաև տեղեկացրել են, որ կասկածյալների մոտ իրականացված խուզարկությունների ընթացքում չորս ական, ինչպես նաև կապի միջոցներ են հայտնաբերվել։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Եթե Ուկրաինայում չեն ցանկանում, որ շարունակվեն ահռելի մարդկային կորուստներ գրանցվել, պետք է վերջ տան պատերազմին», - Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին ռուսաստանցի լրագրողների հետ զրույցի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Դա շատ դժվար, բարդ, ծանր գործ է, սակայն դա պետք է արվի, եթե Ուկրաինան վերականգնվելու նպատակ ունի։ Այս ամենին հաջորդելու է Ուկրաինայի ամբողջական ոչնչացումը», - ասել է նա՝ պնդելով, թե «այժմ ամեն ինչ Ուկրաինայի ձեռքում է»։