Մատչելիության հղումներ

ԵՄ-ն պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ


Եվրամիությունը (ԵՄ) պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցների նոր փաթեթի մշակման մասին այսօր Հելսինկի կատարած այցի ընթացքում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նրա խոսքով՝ պատժամիջոցների առանցքային կետը լինելու է միջազգային շուկայում վաճառվող ռուսական նավթի առավելագույն գնի սահմանումը։

«Ես վստահ եմ, որ շուտով «Մեծ յոթնյակի» և մյուս առաջատար գործընկերների հետ միասին մենք կհաստատենք ռուսական նավթի առավելագույն գին սահմանելու առաջարկը։ Մենք չենք հանդարտվի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի հաղթել Պուտինի կողմից իրեն պարտադրված անօրինական և բարբարոս պատերազմում», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Մոսկվան արդեն իսկ արձագանքել է ԵՄ-ի այս մտադրությանը՝ հայտարարելով, որ ռուսական նավթի առավելագույն գնի սահմանումը Բրյուսելի համար ինքնանպատակ է դարձել։

«Դժվար է կանխատեսել, թե այդ քայլը ինչպես կազդի միջազգային էներգետիկ շուկայի վրա։ Ամեն դեպքում, մենք շարունակում ենք մնալ այն տեսակետին, որ նախկինում հնչեցրել է Ռուսաստանի նախագահը։ Դրա համաձայն՝ Ռուսաստանը նավթ և գազ չի վաճառի այն երկրներին, որոնք ռուսական վառելիքի առավելագույն գին կսահմանեն», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG