- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
ՄԱԿ-ի քննիչները հայտարարում են, որ Ուկրաինայում պատերազմող երկու կողմն էլ խոշտանգումներ, այդ թվում՝ ֆիզիկական, հոգեբանական բռնություններ է կիրառել ռազմագերիների նկատմամբ։
«Միջազգային իրավունքի համաձայն՝ «խոշտանգումների և դաժան վերաբերմունքի արգելքը բացարձակ է, նույնիսկ, հատկապես, զինված բախումների ժամանակ», - հայտարարել է ՄԱԿ-ի իրավունքների դիտորդական առաքելության ղեկավար Մաթիլդա Բոգները՝ ափսոսանք հայտնելով, որ ուկրաինական պատերազմի կողմերից ոչ մեկը, ըստ երևույթին, լիովին չի հետևում այդ սկզբունքին, սակայն ռուսների կողմից ուկրաինացի ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքն ավելի «համակարգված» էր:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն այսօր Բալիում բացել է Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովը՝ համաշխարհային առաջնորդներին ուղղված իր խոսքում հայտարարելով, որ Ուկրաինայում պատերազմը պետք է դադարեցվի:
«Եթե պատերազմը չավարտվի, մեզ համար դժվար կլինի առաջ շարժվել: Մենք չպետք է աշխարհը մասերի բաժանենք», - ասել է նա։
«Մենք չպետք է թույլ տանք, որ աշխարհը հայտնվի նոր «սառը պատերազմի» մեջ», - հորդորել է Ինդոնեզիայի ղեկավարը, որը նախագահում է G20-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեսաուղերձով դիմելով արդյունաբերական զարգացած երկրների առաջնորդներին, կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում մղվող պատերազմը։
«Համոզված եմ՝ այժմ ժամանակն է, որ ռուսական ավերիչ պատերազմը պետք է և կարելի է դադարեցնել։ Դա հազարավոր կյանքեր կփրկի», - ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։
Ուկրաինայի նախագահն ասել է, որ պատերազմը պետք է ավարտվի «արդարացիորեն և ՄԱԿ-ի Կանոնադրության ու միջազգային իրավունքի հիման վրա»։
Զելենսկին պնդել է, որ պատերազմը դադարեցնելու համար Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը, փոխհատուցի Ուկրաինային պատճառված վնասը և հաստատի տարածքային ամբողջականությունը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մեծ քսանյակի (G20) երկրները համաձայնության են եկել գագաթնաժողովի եզրափակիչ կոմյունիկեի շուրջ, որը դատապարտում է Ուկրաինայում ռազմական գործողությունները և մերժում «պատերազմի դարաշրջանը»։ Այդ մասին այսօր հայտնել է Financial Times-ը։
Փաստաթղթի նախագծում, որին ծանոթացել է Financial Times-ը, ասվում է, որ «[G20-ի] անդամների մեծամասնությունը խստորեն դատապարտել է Ուկրաինայում պատերազմը և ընդգծել, որ այն մեծ մարդկային տառապանք է պատճառում ու սրում համաշխարհային տնտեսության մեջ առկա խնդիրները»:
«Միջուկային զենքի կիրառումը կամ կիրառման սպառնալիքն անընդունելի է: Հակամարտությունների խաղաղ կարգավորումը, ճգնաժամերը հաղթահարելու ջանքերը, ինչպես նաև դիվանագիտությունն ու երկխոսությունը կենսական նշանակություն ունեն: Ներկայիս դարաշրջանը չպետք է լինի պատերազմի դարաշրջան», - մեջբերում է թերթը կոմյունիկեի նախագծից:
Այն նաև ընդգծում է, որ ուկրաինական հակամարտությունն «արգելակում է [տնտեսական] աճը, ավելացնում է գնաճը, խաթարում մատակարարման շղթաները, սպառնում է էներգետիկ և պարենային անվտանգությանը»։
Հայտարարության տեքստը, ըստ Financial Times-ի, համաձայնեցվել է արևմտյան երկրների, Ռուսաստանի և Չինաստանի պաշտոնյաների միջև մի քանի օր տևած բանակցություններից հետո։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի արտգործնախարարությունը «սև ցուցակում» է ընդգրկել կինոաստղ, կատակերգական դերերով հայտնի Ջիմ (Ջեյմս) Քերրիին:
Միջազգային հեղինակավոր բազում մրցանակների արժանացած դերասանն ունի Միացյալ Նահանգների և Կանադայի քաղաքացիություն:
Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը նրա անունը ներառել է «հակառուսական ագրեսիվ քաղաքականություն իրականացնող» 100 կանադացիների ցանկում:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երեկ կայացած արտահերթ նիստում ընդունել է Ուկրաինային վնասները հատուցելու մեխանիզմ ստեղծելու մասին բանաձև։ Կողմ է քվեարկել 94 պետություն, դեմ՝ 13-ը, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանը, Բելառուսը, Կուբան։ Ձեռնպահ են քվեարկել 74 պետություններ, այդ թվում՝ Հայաստանը։
Փաստաթուղթը, որն իր բնույթով խորհրդատվական է, մասնավորապես, առաջարկում է ստեղծել ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինային հասցված վնասների ռեեստր։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան քվեարկությունից առաջ հայտարարել է, որ բանաձևի նախագիծը «չի դիմանում իրավական քննության», և այն անվանել է «գործող միջազգային իրավունքի տեսանկյունից անօրինականը օրինականացնելու փորձ»։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, երկուշաբթի օրը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպել են Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը և Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:
Reuters-ի զրուցակիցը նշել է, որ Բըրնսը ռուսական կողմին է փոխանցել Վաշինգտոնի նախազգուշացումն Ուկրաինայում միջուկային զենքի հնարավոր կիրառման հետևանքների մասին, բայց բուն ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի թեման չի քննարկել:
Միջուկային հիմնախնդրից զատ, երկու ղեկավարները քննարկել են նաև ռուսական բանտերում պահվող ամերիկացի կալանավորներին ազատելու հնարավորությունը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Բալիում վաղը բացվող «Մեծ քսանի» գագաթնաժողովին ընդառաջ այսօր տեղի է ունեցել Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահներ Ջո Բայդենի և Սի Ծինպինի հանդիպումը:
Երկկողմ խնդիրներից զատ, նախագահները քննարկել են նաև ռուս-ուկրաինական պատերազմի թեման և ընդգծել, որ այդ հակամարտության ընթացքում ոչ մի պարագայում չի կարելի միջուկային զենք կիրառել:
«Նախագահներ Բայդենը և Սին ընդգծել են, որ միջուկային պատերազմը երբեք չպետք է սկսվի, և որ դրանում հաղթող չի լինի, նրանք դեմ են Ուկրաինայում միջուկային զենքի կիրառմանը կամ դրա սպառնալիքի հնչեցմանը»,- ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում:
Ուկրաինան միջուկային զենք չունի, հետևաբար, Ջո Բայդենի և Սի Ծինպինի ուղերձը հասցեագրված է Ռուսաստանին:
Բայդենը նշել է, որ Միացյալ Նահանգները մրցակցում է Չինաստանի հետ, սակայն առճակատման չի ձգտում: Բայդենն արծարծել է Սինծիանում, Տիբեթում և Հոնկոնգում մարդու իրավունքների հարցը: Սի Ծինպինն ասել է, թե «աշխարհը սպասում է, որ երկու երկրները երկկողմ հարաբերությունների ճիշտ ճանապարհ գտնեն»:
Երկու երկրները պայմանավորվել են համագործակցել կլիմայի, պարենիային անվտանգության, առողջապահության և այլ բնագավառներում:
Ենթադրվում է, որ պետքարրտուղար Էնթոնի Բլինքենը կայցելի Պեկին: Բալիում երկու նախագահները հանդիպել են առաջին անգամ այն բանից հետո, երբ Բայդենը ստանձնել է ԱՄՆ ղեկավարի պաշտոնը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր Հաագայում (Նիդերլանդներ) ասել է, որ միայն Ուկրաինան պետք է որոշի, թե որ պայմաններն են հարմար Ռուսաստանի հետ պատերազմն ավարտի շուրջ բանակցելու առումով:
Միաժամանակ նա ասել է, թե չնայած ռազմի դաշտում Ուկրաինայի գրանցած վերջին հաջողություններին՝ ոչ մի դեպքում չի կարելի թերագնահատել Ռուսաստանի ուժը:
«Ռուսաստանի հեռանալը Խերսոնից վկայում է ուկրաինական ուժերի անհավանական խիզախության մասին, բայց նաև հիշեցնում է, որ մենք պետք է շարունակենք օգնություն տրամադրել Ուկրաինային: Մենք չպետք է թույլ տանք Մոսկվայի ուժը թերագնահատելու սխալը: Ռուսաստանի Զինված ուժերն ունի նշանակալից կարողություններ և մեծ թվակազմ»,- ասել է Ստոլտենբեգրը:
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով, պատերազմների մեծ մասն ի վերջո ավարտվում է բանակցային սեղանի շուրջ, սակայն բանակցող կողմերի դիրքերը վճռվում են ռազմի դաշտում:
Նրա փոխանցմամբ, Ուկրաինան ծանրագույն գին է վճարել թե՛ մարդկային կորուստների և թե՛ կրած վնասների առումով, այնպես որ «հենց ուկրաինացիները պետք է որոշեն, թե որ պայմանները կլինեն ընդունելի ռուսների հետ բանակցելու համար»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն այսօր ասել է, թե Ուկրաինայի հետ բանակցելու համար զորքն այդ երկրից դուրս բերելու նախապայմանն անընդունելի է:
«Ինչպես նախագահ Վլադիմիր Պուտինն է բազմիցս նշել՝ Մոսկվան պատրաստ է բանակցել, սակայն հարկ է հաշվի առնել գետնի վրա ստեղծված իրողությունները»,- հայտարարել է Գրուշկոն:
Մինչդեռ, Սերգեյ Լավրովի մյուս տեղակալը՝ Սերգեյ Ռյաբկովը, նոյեմբերի 11-ին ասել է, թե Մոսկվան պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Կիևի հետ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի առիթներով հայտարարել է, որ բանակցությունները հնարավոր կլինեն միայն այն դեպքում, եթե ռուսները հեռանան Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքից, այդ թվում՝ Ղրիմի թերակղզուց:
The Wall Street Journal հանդեսը նոյեմբերի 13-ին հաղորդել է, որ Միացյալ Նահանգները Կիևին հորդորում է «կազմել բանակցային իրատեսական պահանջներ, այդ թվում՝ վերանայել Ղրիմի հարցում կարծր դիրքորոշումը»:
Պաշտոնական Վաշինգտոնը հավաստիացնում է, որ Ուկրաինայի վրա ոչ մի ճնշում չի բանեցնում: Նախագահ Ջո Բայդենը մի քանի անգամ ընդգծել է, որ խաղաղ կարգավորման պայմանները կախված են միայն Ուկրաինայից:
Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնյաների վերջին դեմ առ դեմ հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում մարտի 29-ին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Խերսոնի բնակիչները մեծ ոգևորությամբ ողջունում են քաղաքը Կիևի հսկողության տակ վերադարձրած ուկրաինացի զինծառայողներին:
Մինչդեռ, նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե կան մեծ թվով փաստեր, որոնք վկայում են Խերսոնում ռուսների պատերազմի հանցագործությունների մասին: Դրանց թիվը մի քանի հարյուրի է հասնում:
«Քննիչներն արդեն փաստագրել են ռուսների կողմից ավելի քան 400 պատերազմական հանցագործություններ, հայտնաբերվել են զինծառայողների և խաղաղ բնակիչների մարմիններ: Խերսոնի շրջանում ռուսներից հետո մնացել են այն նույն բարբարոսության հետքերը, որոնք տեսել ենք երկրի այլ շրջաններում: Մենք կգտնենք և պատասխանատվության կենթարկենք յուրաքանչյուր մարդասպանին», - ասել է Զելենսկին:
Խերսոնում կամավորները մարդասիրական օգնություն են բաժանում ռուսների օկուպացիան վերապրած բնակիչներին:
Ուկրաինական իշխանությունները Խերսոնում երեկոյան ժամը 5-ից մինչև առավոտյան 8-ը պարետային ժամ են սահմանել: Ռուսները շարունակում են ռմբահարել և հրթիռակոծել Ուկրաինայի բնակավայրերը: