Մատչելիության հղումներ

G20-ի երկրները համաձայնության են եկել գագաթնաժողովի եզրափակիչ կոմյունիկեի շուրջ, որը մերժում է պատերազմը. FT


Մեծ քսանյակի (G20) երկրները համաձայնության են եկել գագաթնաժողովի եզրափակիչ կոմյունիկեի շուրջ, որը դատապարտում է Ուկրաինայում ռազմական գործողությունները և մերժում «պատերազմի դարաշրջանը»։ Այդ մասին այսօր հայտնել է Financial Times-ը։

Փաստաթղթի նախագծում, որին ծանոթացել է Financial Times-ը, ասվում է, որ «[G20-ի] անդամների մեծամասնությունը խստորեն դատապարտել է Ուկրաինայում պատերազմը և ընդգծել, որ այն մեծ մարդկային տառապանք է պատճառում ու սրում համաշխարհային տնտեսության մեջ առկա խնդիրները»:

«Միջուկային զենքի կիրառումը կամ կիրառման սպառնալիքն անընդունելի է: Հակամարտությունների խաղաղ կարգավորումը, ճգնաժամերը հաղթահարելու ջանքերը, ինչպես նաև դիվանագիտությունն ու երկխոսությունը կենսական նշանակություն ունեն: Ներկայիս դարաշրջանը չպետք է լինի պատերազմի դարաշրջան», - մեջբերում է թերթը կոմյունիկեի նախագծից:

Այն նաև ընդգծում է, որ ուկրաինական հակամարտությունն «արգելակում է [տնտեսական] աճը, ավելացնում է գնաճը, խաթարում մատակարարման շղթաները, սպառնում է էներգետիկ և պարենային անվտանգությանը»։

Հայտարարության տեքստը, ըստ Financial Times-ի, համաձայնեցվել է արևմտյան երկրների, Ռուսաստանի և Չինաստանի պաշտոնյաների միջև մի քանի օր տևած բանակցություններից հետո։

Մեծ քսանյակի գագաթնաժողովն անցկացվում է նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայի Բալի կղզում։

XS
SM
MD
LG