Մատչելիության հղումներ

Ջո Բայդենը և Սի Ծինպինը կտրականապես դեմ են Ուկրաինայում միջուկային զենքի հնարավոր կիրառմանը


Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Սի Ծինպինը և Ջո Բայդենը, Բալի, Ինդոնեզիա, 14 նոյեմբերի, 2022թ.

Բալիում վաղը բացվող «Մեծ քսանի» գագաթնաժողովին ընդառաջ այսօր տեղի է ունեցել Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահներ Ջո Բայդենի և Սի Ծինպինի հանդիպումը:

Երկկողմ խնդիրներից զատ, նախագահները քննարկել են նաև ռուս-ուկրաինական պատերազմի թեման և ընդգծել, որ այդ հակամարտության ընթացքում ոչ մի պարագայում չի կարելի միջուկային զենք կիրառել:

«Նախագահներ Բայդենը և Սին ընդգծել են, որ միջուկային պատերազմը երբեք չպետք է սկսվի, և որ դրանում հաղթող չի լինի, նրանք դեմ են Ուկրաինայում միջուկային զենքի կիրառմանը կամ դրա սպառնալիքի հնչեցմանը»,- ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում:

Ուկրաինան միջուկային զենք չունի, հետևաբար, Ջո Բայդենի և Սի Ծինպինի ուղերձը հասցեագրված է Ռուսաստանին:

Բայդենը նշել է, որ Միացյալ Նահանգները մրցակցում է Չինաստանի հետ, սակայն առճակատման չի ձգտում: Բայդենն արծարծել է Սինծիանում, Տիբեթում և Հոնկոնգում մարդու իրավունքների հարցը: Սի Ծինպինն ասել է, թե «աշխարհը սպասում է, որ երկու երկրները երկկողմ հարաբերությունների ճիշտ ճանապարհ գտնեն»:

Երկու երկրները պայմանավորվել են համագործակցել կլիմայի, պարենիային անվտանգության, առողջապահության և այլ բնագավառներում:

Ենթադրվում է, որ պետքարրտուղար Էնթոնի Բլինքենը կայցելի Պեկին: Բալիում երկու նախագահները հանդիպել են առաջին անգամ այն բանից հետո, երբ Բայդենը ստանձնել է ԱՄՆ ղեկավարի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG