- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցող Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, թե անհրաժեշտ է ստեղծել անկախ դատարան, որը պատասխանատվության կենթարկի Ուկրաինայում հանցանքներ կատարած ռուսաստանցիներին: Այդ մասին նա ասել է Politico հանդեսին տված հարցազրույցում:
«Մենք կողմ ենք, որ ռուսաստանցիները պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար: Ռուսաստանը և Ուկրաինան Միջազգային քրեական դատարանի անդամներ չեն, հետևաբար անհրաժեշտ կլինի հատուկ իրավասություն գտնել», - ասել է Բորելը:
Մինչդեռ, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սմիրնովն ասել է, թե Կիևն առաջարկում է «Նյուրնբերգի դատարանի օրինակով կազմավորել միջազգային դատարան, որն Ուկրաինայում կատարած հանցանքների համար պատասխանատվության կենթարկի ռուսաստանցի քաղաքական և ռազմական բարձրաստիճան ղեկավարներին»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ բանակը Զապորոժիեի շրջանում հաջողությամբ հարվածներ է հասցրել և ոչնչացրել է HIMARS տեսակի ամերիկյան արտադրության համազարկային կրակի հրթիռային համակարգ: Այդ մասին ասել է նախարարության խոսնակ գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը:
Մինչդեռ ուկրաինացիները, իրենց հերթին, հաղորդում են վերջին օրերին արևելյան ճակատում ռուսների գրոհները հաջողությամբ ետ մղելու մասին: Ուկրաինայի գլխավոր շտաբի փոխանցմամբ, մասնավորապես, հաջողվել է կասեցնել ռուսների հարձակումը Կուպյանսկի ուղղությամբ: Բացի այդ, ուկրաինացիներն անընդհատ հարվածներով կանխում են Անտոնովսկի կամուրջը վերանորոգելու ռուսների փորձերը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հեռախոսով զրուցել է իր պաշտոնակից՝ Լուգանսկի ինքնահռչակ կազմավորման ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի հետ: Երկու անջատական լիդերները քննարկել են Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեներ կազմակերպելու հնարավորությունը:
«Մենք կստանանք Հանրային պալատների դիմումները, այս հանրաքվեները կլինեն մեր ժողովրդի կամարտահայտությունը, պետք է մեր ադմինիստրացիաները և խորհրդարանական ատյանները սկսեն աշխատանքն այդ ուղղությամբ»,- ասել է Պուշիլինը Պասեչնիկին:
- Հեղինակ՝ Արտակ Խուլյան
Թուրքիայի խոշորագույն բանկերից մեկը՝ Isbank-ը դադարեցրել է աշխատանքը ռուսական «Միր» վճարային համակարգի հետ։ Բանկից հայտնել են, որ նման որոշում են ընդունել, քանի որ ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սպառնացել է պատժամիջոցներ սահմանել այն ընկերությունների նկատմամբ, որոնք օգնում են ռուսական իշխանություններին ՌԴ-ից դուրս «Միր» քարտերն օգտագործելու համար։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Ղրիմը ազատագրելու Զելենսկու հայտարարությանն այսօր արձագանքել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը շեշտել է, թե Ղրիմը Ռուսաստանի անբաժանելի մասն է. - «Ղրիմը Ռուսաստանի Դաշնության անբաժանելի մասն է, ուստի Ռուսաստանի տարածքի նկատմամբ ցանկացած հավակնություն կստանա պատշաճ պատասխան»։
Պուտինի խոսնակն անդրադարձել է նաև Դոնեցկի և Լուգանսկի մարզերին․ - «Դոնբասի հանրապետությունները անկախ պետություններ են, որոնց անկախությունը ճանաչել է Ռուսաստանի Դաշնությունը, և որոնք օգնություն են խնդրել Ռուսաստանից իրենց անվտանգությունն ապահովելու համար, ինչն էլ այսօր անում է Ռուսաստանը»։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Ըստ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի՝ առավոտյան հրապարակած տեղակատվության, վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 30 բնակավայրերի ենթակառուցվածքներ են տուժել ռուսական գնդակոծությունից։ Գիշերը ուժգին հրթիռակոծության է ենթարկվել նաև Զապորոժիե քաղաքը։
Գլխավոր շտաբը վերջին մի քանի օրերին չի հայտարարել նոր բնակավայրեր կամ տարածքներ գրավելու մասին։ Նախագահ Զելենսկին, սակայն, իր երեկվա տեսաուղերձում ասել է, որ ճակատներում հարաբերական անդորրն իրականում նոր քաղաքների ազատագրման նախապատրաստության նշան է։
Նա դարձյալ պնդել է, որ օկուպացիայից կազատագրվի Ուկրաինայի ողջ տարածքը, ներառյալ բռնակցված Ղրիմը. - «Հիմա ձեզանից ոմանք գուցե կարծում են, որ մի շարք հաղթանակներից հետո մենք որոշակի հանգստություն ունենք: Բայց սա հանգիստ չէ: Սա նախապատրաստություն է հակահարձկման հաջորդ սերիայի համար: Որովհետև Ուկրաինան պետք է ազատ լինի։ Ամբողջ Ուկրաինան»։
- Հեղինակ՝ Արտակ Խուլյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է մարտադաշտում «մի շարք հաղթանակների մասին», այն բանից հետո երբ հաղորդվեց, թե ուկրաինական զինուժը հասել է երկրի հյուսիս-արևելքում գտնվող խոշոր գետի արևելյան ափ։
Զելենսկին միևնույն ժամանակ Ռուսաստանին մեղադրել է երկրի հարավում գտնվող մեկ այլ ատոմակայան` Հարավուկրաինականը թիրախավորելու համար։
Ըստ նրա՝ հրթիռները ատոմակայանից 300 մետր հեռավորության վրա են ընկել, վնասվել են կառույցի պատուհանները։
«Զավթիչները մոռացել են, թե ինչ է ատոմակայանը։ Ռուսաստանը վտանգում է ամբողջ աշխարհը։ Մենք պետք է կանգնեցնենք նրանց, քանի դեռ ուշ չէ», - գրել է նա Տելեգրամի իր ալիքում։
Ավելի վաղ ուկրաինական «Էներգոատոմ» կազմակերպությունը հայտարարել է, որ այսօր ռուսական կողմը հարվածել է Նիկոլաևի շրջանի ատոմակայանին։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Դեռևս խորհրդային տարիներից Ռուսաստանի ամենահայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան կիրակի օրը Ինստագրամում Ռուսաստանի արդարադատության նախարարությանն ուղղված կոչ է հրապարակել, որում խնդրել է իրեն ներառել «օտարերկրյա գործակալների» ցուցակում:
Այսպես երգչուհին առաջին անգամ բացեիբաց խոսեց Ուկրաինա ռուսական ներխուժման մասին և պաշտպանեց ամուսնու՝ Մաքսիմ Գալիկին դիրքորոշումը:
«Խնդրում եմ ինձ ընդգրկել իմ սիրելի երկրի օտարերկրյա գործակալների շարքերում, որովհետև ես համամիտ եմ ամուսնուս հետ, ով ազնիվ, պարկեշտ և անկեղծ մարդ է, Ռուսաստանի իսկական և անկաշառ հայրենասեր, ով հայրենիքին ցանկանում է բարգավաճում և խաղաղություն, խոսքի ազատություն և վերջ մեր տղաների մահվանը մեր երկիրը վտարյալ դարձնող ու մեր քաղաքացիների կյանքը դժվարացնող պատրանքային նպատակների համար», - գրել է Պուգաչովան:
Սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը կատակերգու Մաքսիմ Գալկինին ներառել է «օտարերկրյա գործակալների գործառույթ կատարող անձանց» ցուցակում: Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժման առաջին իսկ օրերից Գալկինը դատապարտել է պատերազմը:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Եվրամիության նախագահությունը կոչ է արել ստեղծել միջազգային տրիբունալ՝ կապված Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ:
Այս կոչը հնչել է Չեխիայից, որը ներկայումս նախագահում է դաշինքը, Իզյումում հարյուրավոր գերեզմանների հայտնաբերումից հետո: Քաղաքը վերջերս ազատագրվել է ուկրաինական զորքերի կողմից:
Նշվում է, որ շատերը խաղաղ բնակիչներ են, նրանց թվում կանայք և երեխաներ:
«Մենք հանդես ենք գալիս բոլոր ռազմական հանցագործների պատժի օգտին»,- ասել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին։
Ուկրաինան հայտարարում է, որ ռազմական հանցագործություններ են կատարվել Իզյումում, որտեղ մինչ այժմ արտաշիրիմվել է 59 դի:
«21-րդ դարում խաղաղ բնակչության դեմ նման հարձակումները աներևակայելի են և նողկալի», - ասել է Լիպավսկին:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Եվրամիության նախագահությունը կոչ է արել ստեղծել միջազգային տրիբունալ՝ կապված Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ:
Այս կոչը հնչել է Չեխիայից, որը ներկայումս նախագահում է դաշինքը, Իզյումում հարյուրավոր գերեզմանների հայտնաբերումից հետո: Քաղաքը վերջերս ազատագրվել է ուկրաինական զորքերի կողմից:
Նշվում է, որ շատերը խաղաղ բնակիչներ են, նրանց թվում կանայք և երեխաներ:
«Մենք հանդես ենք գալիս բոլոր ռազմական հանցագործների պատժի օգտին»,- ասել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին։
Ուկրաինան հայտարարում է, որ ռազմական հանցագործություններ են կատարվել Իզյումում, որտեղ մինչ այժմ արտաշիրիմվել է 59 դի:
«21-րդ դարում խաղաղ բնակչության դեմ նման հարձակումները աներևակայելի են և նողկալի», - ասել է Լիպավսկին: