Մատչելիության հղումներ

Ռուսաստանը, ըստ պաշտոնական Կիևի, գնդակոծել է Նիկոլաևի մարզում գտնվող ատոմակայանը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի

Պաշտոնական Կիևը հայտարարում է ևս մեկ ատոմակայանի, այս անգամ Նիկոլաևի մարզում գտնվող Հարավուկրաինական կայանի գնդակոծման մասին։

Տելեգրամի իր ալիքում հրապարակելով գնդակոծության տեսանյութը՝ Ուկրաինայի նախագահը գրել է. - «Նիկոլաևկսկայայի տարածք. Գիշերը Հարավային Ուկրաինայի ատոմակայանից 300 մետր հեռավորության վրա հրթիռ է ընկել։ Տեղի է ունեցել հոսանքի կարճատև անջատում. Ատոմակայանի տարածքում շենքերի պատուհանները վնասվել են։ Զավթիչները մոռացել են, թե ինչ է ատոմակայանը։ Ռուսաստանը վտանգում է ամբողջ աշխարհը։ Մենք պետք է կանգնեցնենք նրանց, քանի դեռ ուշ չէ»։

Ըստ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի՝ առավոտյան հրապարակած տեղակատվության, վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 30 բնակավայրերի ենթակառուցվածքներ են տուժել ռուսական գնդակոծությունից։ Գիշերը ուժգին հրթիռակոծության է ենթարկվել նաև Զապորոժիե քաղաքը։

Գլխավոր շտաբը վերջին մի քանի օրերին չի հայտարարել նոր բնակավայրեր կամ տարածքներ գրավելու մասին։ Նախագահ Զելենսկին, սակայն, իր երեկվա տեսաուղերձում ասել է, որ ճակատներում հարաբերական անդորրն իրականում նոր քաղաքների ազատագրման նախապատրաստության նշան է։

Նա դարձյալ պնդել է, որ օկուպացիայից կազատագրվի Ուկրաինայի ողջ տարածքը, ներառյալ բռնակցված Ղրիմը. - «Հիմա ձեզանից ոմանք գուցե կարծում են, որ մի շարք հաղթանակներից հետո մենք որոշակի հանգստություն ունենք: Բայց սա հանգիստ չէ: Սա նախապատրաստություն է հակահարձկման հաջորդ սերիայի համար: Որովհետև Ուկրաինան պետք է ազատ լինի։ Ամբողջ Ուկրաինան»։

Ղրիմը ազատագրելու Զելենսկու հայտարարությանն այսօր արձագանքել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը շեշտել է, թե Ղրիմը Ռուսաստանի անբաժանելի մասն է. - «Ղրիմը Ռուսաստանի Դաշնության անբաժանելի մասն է, ուստի Ռուսաստանի տարածքի նկատմամբ ցանկացած հավակնություն կստանա պատշաճ պատասխան»։

Պուտինի խոսնակն անդրադարձել է նաև Դոնեցկի և Լուգանսկի մարզերին․ - «Դոնբասի հանրապետությունները անկախ պետություններ են, որոնց անկախությունը ճանաչել է Ռուսաստանի Դաշնությունը, և որոնք օգնություն են խնդրել Ռուսաստանից իրենց անվտանգությունն ապահովելու համար, ինչն էլ այսօր անում է Ռուսաստանը»։

Շաբաթներ առաջ ուկրաինական հակահարձակման արդյունքում ռուսական զորքերը թողել էին Խարկովի մարզում գրաված տարածքները ու հայտարարել, թե պարզապես վերադիրքավորել են զորքերը և կենտրոնացել Դոնեցկի մարզում։

Երեկ ռուսամետ անջատողականների կողմից նշանակված Դոնեցկի քաղաքապետը հայտնել է, թե քաղաքի թաղամասերից մեկի գնդակոծության հետևանքով 13 խաղաղ բնակիչ է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ։ Հարվածից քսան րոպե առաջ նա նախազգուշացրել էր ինը արկերի մասին, որոնք արձակվել են ուկրաինական բանակի կողմից վերահսկվող Դոնեցկի մարզի Նետայլովո գյուղից։

Ռուսական կողմը այսօր նաև հայտարարել է, թե Ուկրաինայի Զինված ուժերը «անհաջող հարձակման փորձեր» են կատարել Խերսոնի շրջանում. - «Ռուսական ռազմական ուժերը հաջողությամբ հետ են մղել Խերսոնի մարզում հակագրոհներ ձեռնարկած ուկրաինական ջոկատները»։

Չնայած հրթիրակոծություններին, որոնց հետևանքով ամեն օր նաև խաղաղ բնակինչեր են զոհվում, կողմերի միջև բանակցություններ դեռ չեն ուրվագծվում։ Հանգստյան օրերին պաշտոնական Կիևը հերթական անգամ հայտարարել է, թե դեռ իմաստ չի տեսնում ո՛չ Ռուսաստանի հետ բանակցային գործընթացում, ո՛չ էլ նախագահներ Զելենսկու և Պուտինի անձնական հանդիպման մեջ։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը դեռևս կարծում է, թե ունի բավարար ռեսուրսներ ճակատում որոշ արդյունքներ արձանագրելու համար, ուստի իրական բանակցությունների Մոսկվան դեռ պատրաստ չէ։

Ռուսաստանը, ըստ պաշտոնական Կիևի, գնդակոծել է Նիկոլաևի մարզում գտնվող ատոմակայանը
please wait

No media source currently available

0:00 0:04:03 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG