- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Սեպտեմբերի 18-ի գիշերը ռուսական զորքերը «Գրադից» և ծանր հրետանուց երեք անգամ կրակել են Նիկոպոլի շրջանի ուղղությամբ, երեք մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտարարել է Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հաղորդում է, որ սակրավորները Բալակլեյա քաղաքի մոտ կամուրջ են ականազերծել՝ վնասազերծելով մոտավորապես 400 կիլոգրամ պայթուցիկ, ինչպես նաև հակատանկային ականներ։
«Բալակլեյայի մուտքի մոտ մենք կամուրջ ենք ականազերծել։ Կամուրջը ականապատված էր 400 կիլոգրամ տրոտիլով, իսկ անցման վրա այսպես կոչված ականների պատնեշ կար՝ խոտերի մեջ թաղված հակատանկային ականներ, որպեզի անցնողները պայթեն», - ասել է Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոն։ Նա նշել է, որ բացի այդ, մինչև հիմա ականազերծվել է 6 հազար 400 պայթյունավտանգ առարկա և 3 տոննա պայթուցիկ։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ Սամարղանդում կայացած հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայի հետ հակամարտությունը ավարտվի, բայց Կիևը հակված է կռվելու։
«Ես գիտեմ ձեր դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության կապակցությամբ, ձեր մտահոգությունները, որ մշտապես արտահայտում եք։ Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ ամենը, որքան հնարավոր է շուտ ավարտվի, ցավոք հակառակ կողմը՝ Ուկրաինայի ղեկավարությունը հրաժարվում է բանակցային գործընթացից, հայտարարելով, թե ցանկանում է իր նպատակներին հասնել ռազմական ճանապարհով, ինչպես իրենք են ասում՝ կռվի դաշտում», - նշել է Վլադիմիր Պուտինը։
Փետրվարի վերջին Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա, հազարավոր զինվորականներ ու խաղաղ բնակիչներ են զոհվել։ Հրետակոծվել են Ուկրաինայի բնակավայրերի մեծ մասը, բայց վերջին շրջանում Ուկրաինական ուժերը Խարկովի մարզում անցնելով հակահարձակման զգալի տարածքներ են ազատագրել, այդ թվում՝ ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքներ։
- Հեղինակ՝ Արտակ Խուլյան
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դեմ։ Պատժամիջոցների ցանկում ներառված են նաև Կադիրովի երեք դուստրերն ու նրա երեք կանայք, նշվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։
Ընդհանուր առմամբ՝ պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է 22 ֆիզիկական և երկու իրավաբանական անձ։ Նրանց թվում են՝ Ռուսաստանի նախագահի օգնական Մաքսիմ Օրեշկինը, Վճարային քարտերի ազգային համակարգի (Mir card operator) գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոմլևը, երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովան և Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի ղեկավարը։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանների օկուպացիոն վարչակազմերի ղեկավարների, Ուկրաինայում կռվող «Ռուսիչ» ծայրահեղ աջական խմբավորման և նրա առաջնորդների նկատմամբ։
Չեչնիայի առաջնորդն ԱՄՆ պատժամիջոցների տակ է հայտնվել դեռ 2017-ին։
- Հեղինակ՝ Արտակ Խուլյան
Ռուսաստանը գնահատում է Չինաստանի «հավասարակշռված դիրքորոշումը» Ուկրաինայի վերաբերյալ, Ուզբեկստանի Սամարղանդում չինացի գործընկերոջ հետ հանդիպմանը հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
«Մենք բարձր ենք գնահատում մեր չինացի ընկերների հավասարակշռված դիրքորոշումը, երբ խոսքն ուկրաինական ճգնաժամին է վերաբերում: Մենք հասկանում ենք ձեր հարցերն ու մտահոգությունն այս առնչությամբ: Այսօրվա հանդիպման ժամանակ մենք, իհարկե, կբացատրենք մեր դիրքորոշումը», - ասել է ՌԴ նախագահը։
- Հեղինակ՝ Արտակ Խուլյան
Վաշինգտոնից Կիևին ավելի մեծ հեռահարության հրթիռների հնարավոր մատակարարումները կնշանակեն հատել կարմիր գիծը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ շեշտելով, թե ԱՄՆ-ը կդառնա հակամարտության անմիջական կողմ, իսկ Մոսկվան այդ դեպքում ստիպված կլինի «համարժեք արձագանք ցույց տալ»։
Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային Անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտնել էր, որ Միացյալ նահանգներն առաջիկայում պատրաստվում է Կիևին ռազմական աջակցության նոր փաթեթ տրամադրել՝ առանց հստակեցնելու, թե ինչպիսի զինատեսակներ են փոխանցվելու Ուկրաինային:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Կիև է ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Ուկրաինայի մայրաքաղաքում նախատեսված է հանդիպում նախագահ Վլադիմիր Զելենսկու և վարչապետ Դենիս Շմիգալի հետ՝ քննարկելու «մեր տնտեսություններն ու ժողովուրդներին մերձեցնելու» հարցերը Ուկրաինայի՝ Եվրամիության անդամակցության ճանապարհին։
Նախօրեին ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Ուկրաինան առաջիկայում կմիանա Եվրամիության ազատ ռոումինգի գոտուն։
Սա Եվրահանձնաժողովի նախագահի երրորդ այցն է Ուկրաինա՝ Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Արևմուտքը հայտարարում է Կիևին նոր օգնություն հատկացնելու մասին։ Սա շատ կարևոր պահ է, ասել է Եվրամիության արտաքին գործերի հանձնակատար Ժոզեպ Բորելը. - «Այժմ չափազանց կարևոր է օգտվել ուկրաինացիների հաջող հակագրոհից։ Նրանք շատ ավելի մեծ հաջողությունների են հասել, քան մենք սպասում էինք, ինչը նշանակում է, որ մեր ռազմավարությունը ճիշտ է։ Այժմ մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը, չհապաղենք»։
Բորելը նաև շեշտել է, որ Եվրոպան պետք է միասնական մնա և տեղի չտա Պուտինի ճնշումներին գազի, ցրտի, բարձր գների պատճառով։
Միացյալ Նահանգները նույնպես հայտարարել է ռազմական օգնության հերթական փաթեթի մասին։ Սպիտակ տան խոսնակն ասել է, որ ԱՄՆ պաշտոնյաները ռազմական կարիքների վերաբերյալ մշտական կապի մեջ են Կիևի հետ:
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դժվարացել է ասել, թե արդյոք Խարկովի մարզում Ուկրաինայի Զինված ուժերի հաջողությունը պատերազմի շրջադարձային կետն էր. - «Այս հարցին պատասխան չկա։ Դժվար է ասել։ Հասկանալի է, որ ուկրաինացիները զգալի առաջընթաց են գրանցել։ Բայց ես կարծում եմ, որ դա երկար պատերազմը դեռ երկար կտևի»։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր այցելել է Խարկովի մարզի այն շրջաններ, որոնք վերջին հակահարձակման ժամանակ ազատագրվել էին ուկրաինական բանակի կողմից։
«Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալության փոխանցմամբ, Զելենսկին այցելել է Իզյում քաղաք, որտեղ հայտարարել է․ - «Գուցե հնարավոր է զավթել մեր երկրի տարածքի մի մասը, սակայն անհնարին է օկուպացնել ուկրաինացի ժողովրդին»։
«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Զելենսկին այսօր այցելել է նաև ռուսական զորքերից վերագրավված Բալակլեյա քաղաք։ Այստեղ նա պետական պարգևներ է հանձնել քաղաքի ազատագրմանը մասնակցած ուկրաինացի զինծառայողներին։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր մեկուկես ժամ տևողությամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում պահանջել է դուրս բերել ռուսական բանակը Ուկրաինայից, հարգել այդ երկրի տարածքային ամբողջականությունը և որքան հնարավոր է արագ գտնել խնդրի դիվանագիտական լուծում։
«Կանցլերն ընդգծել է, որ Մոսկվայի կողմից բռնազավթման նոր փորձերը անպատասխան չեն մնա և չեն ճանաչվի», - ասել է Շոլցի խոսնակը։
Կանցլերը նաև քննարկել է Եվրոպայի ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմակայանի հարցը, հորդորելով Պուտինին հետևել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ցուցումներին՝ կայանի անվտանգությունն ապահովելու համար։