Մատչելիության հղումներ

Բորելն առաջարկում է ստեղծել դատարան և պատժել Ուկրաինայում հանցանքներ կատարած ռուսաստանցիներին


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բուչայում, Կիևի շրջան, 8-ը ապրիլի, 2022թ.
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բուչայում, Կիևի շրջան, 8-ը ապրիլի, 2022թ.

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցող Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, թե անհրաժեշտ է ստեղծել անկախ դատարան, որը պատասխանատվության կենթարկի Ուկրաինայում հանցանքներ կատարած ռուսաստանցիներին: Այդ մասին նա ասել է Politico հանդեսին տված հարցազրույցում:

«Մենք կողմ ենք, որ ռուսաստանցիները պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար: Ռուսաստանը և Ուկրաինան Միջազգային քրեական դատարանի անդամներ չեն, հետևաբար անհրաժեշտ կլինի հատուկ իրավասություն գտնել», - ասել է Բորելը:

Մինչդեռ, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սմիրնովն ասել է, թե Կիևն առաջարկում է «Նյուրնբերգի դատարանի օրինակով կազմավորել միջազգային դատարան, որն Ուկրաինայում կատարած հանցանքների համար պատասխանատվության կենթարկի ռուսաստանցի քաղաքական և ռազմական բարձրաստիճան ղեկավարներին»:

Ռուսաստանը Միջազգային քրեական դատարանի անդամ չէ: 2016 թվականին նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է որոշում, ըստ որի Ռուսաստանը չի միանա Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին, «քանի որ այն չի արդարացրել սպասելիքները և չի դարձել միջազգային արդարադատության հիրավի անկախ հեղինակավոր ատյան»:

Ուկրաինան և արևմտյան մի շարք պետություններ պնդում են, որ ռուսներն Ուկրաինայում, մասնավորապես՝ Բուչայում և մի շարք այլ բնակավայրերում պատերազմի հանցագործություններ են կատարել և պետք է պատասխանատվության կանչվեն:

Ռուսները հերքում են այդ մեղադրանքները և պնդում են, թե ուկրաինացիներն, իբր, կեղծված լուսանկարներ և տեսագրություններ են տարածել:

Այս տարվա ապրիլին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, թե Ռուսաստանը պարտավոր չէ համագործակցել Միջազգային քրեական դատարանի հետ, «բայց ուշադրությամբ կհետևի դրա գործունեությանը»:

XS
SM
MD
LG