- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ԱՄՆ-ը և եվրոպական մի քանի երկրներ Ուկրաինայում տիրող իրավիճակի հարցով օգոստոսի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ են խնդրել, ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը։
«Համապատասխան հարցում է ուղարկվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին»,- ասել է նա:
Սպասվում է, որ այլ հարցերի հետ միասին կքննարկվեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի Ուկրաինա կատարած այցի արդյունքները։
Վերջին անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի նախաձեռնությամբ օգոստոսի 11-ին էր հավաքվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Այն ժամանակ գլխավոր թեման Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակն էր։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Էստոնիայի իշխանություններն այսօր կեսգիշերից դադարեցրել են Էստոնիայի հյուպատոսությունների կողմից տրված շենգենյան վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր։ Որոշումն ընդունել էր Բալթյան հանրապետության կառավարությունը օգոստոսի 11-ին։
Էստոնիայի վարչապետն այս կապակցությամբ ասել էր, որ ռուսները, հաշվի առնելով ուկրաինական իրադարձությունները, պետք է հասկանան, որ ԵՄ մուտք գործելը մարդու իրավունքների և ազատ տեղաշարժի խնդիր չէ, այլ արտոնություն նրանց համար, ում համայնքում պատրաստ են ընդունել որպես հյուր կամ բիզնես գործընկեր:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս ամսվա սկզբին, The Washington Post պարբերականին տված հարցազրույցում, առաջարկել էր ամբողջ Եվրոպայում արգելել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը:
Մոսկվան խիստ է արձագանքել այդ կոչին և դատապարտել է նման հայացքներ արտահայտող եվրոպացի գործիչներին:
Եվրոպայում շարունակվում է քննարկումը պատերազմի ֆոնին ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման հնարավոր արգելքի թեմայի շուրջ։ Լատվիան, Էստոնիան, Լիտվան և Ֆինլանդիան կողմ են համաեվրոպական արգելքին։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ է արտահայտվել ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման արգելքին։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայում Զապորոժիեի իշխանությունները քաղաքացիական պաշտպանության վարժանքներ են անցկացրել այն բանից հետո, երբ ատոմակայանը մի քանի անգամ հրետակոծվել է:
Այդ ԱԷԿ-ն ամենախոշորն է Եվրոպայում: Ռուսները և ուկրաինացիները միմյանց են մեղադրում ԱԷԿ-ի շրջանում մարտական գործողություններ վարելու համար:
Կայանը գտնվում է ռուսական զորքի հսկողության տակ, սակայն աշխատողներն ուկրաինացիներ են: Ռուսները գրավել են Զապորոժիեի շրջանի զգալի մասը, բայց բուն Զապորոժիե քաղաքն ուկրաինացիների ձեռքում է:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի Զինված ուժերի Սևծովյան նավատորմի նոր հրամանատար է նշանակվել փոխծովակալ Վիկտոր Սոկոլովը: Այդ մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նավատորմի կենտրոնական շտաբը գտնվում է Սևաստոպոլ քաղաքում:
«Գլխավոր հրամանատարի հրամանն արձակվել է, փոխծովակալին ներկայացրել են ռազմական խորհրդին, հանրային միջոցառում չի եղել և, հավանաբար, չի լինի Սևաստոպոլում ահաբեկչության վտանգի «դեղին» աստիճանի հռչակման կապակցությամբ»,- ասել է ռուսաստանյան լրատվական գործակալության անանուն աղբյուրը:
Սևծովյան նավատորմի նախորդ հրամանատարը ծովակալ Իգոր Օսիպովն էր, ով այդ պաշտոնը ստանձնել էր 2019 թվականի մայիսին:
Ղրիմում անցած օրերի ընթացքում տեղի են ունեցել հուժկու պայթյուններ, որոնք էական վնաս են հասցրել ռուսական ուժերին:
Ծովակալ Օսիպովին Սևծովյան նավատորմի հրամանատարի պաշտոնից հեռացնելու հրամանագրի ընդունմամբ արձանագրվել է Ռուսաստանում բարձրաստիճան սպայակազմի շրջանում առաջին պաշտոնանկությունը մոտ վեց ամիս տևող այս պատերազմի ընթացքում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Լլոյդ Օսթինը և Օլեքսի Ռեզնիկովը հեռախոսով քննարկել են Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու հարցը, հայտնել է Պենտագոնի մամլո ծառայությունը:
Նշվում է, որ Ռեզնիկովը հեռախոսազրույցի ընթացքում Օսթինին վերջին տեղեկություններն է հայտնել Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների մասին:
Երկու նախարարները նաև անդրադարձել են Ուկրաինային ռազմական ոլորտում սատարելու հարցով միջազգային շփման խմբի կայանալիք նիստի օրակարգին:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ հեռախոսով քննարկել է Կիևին ամերիկյան ռազմական օգնության հեռանկարը, հաղորդում է Պենտագոնի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Ուկրաինային անվտանգության բնագավառում աջակցության «անմիջական և երկարաժամկետ կարիքները»: Նշվում է, որ Ռեզնիկովն Օսթինին տեղեկացրել է պատերազմական գոտում իրավիճակի մասին։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հաջորդ հանդիպման անցկացման թեմային։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարչակազմը հայտնել է, որ Անտոնիու Գուտերեշը ծրագրում է վաղն այցելել Լվով՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Գլխավոր քարտուղարը հինգշաբթի օրը կայցելի Լվով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերով, մասնակցելու եռակողմ հանդիպմանը, որին կմասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Հանդիպումից հետո Գուտերեշը կայցելի Օդեսա՝ այն նավահանգիստներից մեկը, որտեղից մեկնում են ուկրաինական հացահատիկով նավերը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ ՄԱԿ-ի համաձայնագրով։ Թուրքիան որպես միջնորդ է հանդես եկել այս համաձայնագրերի ստորագրման հարցում։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ռուսական ուժերը շարունակում են գերճշգրիտ զենքով հարվածներ հասցնել ուկրաինական թիրախներին: Մինչդեռ, Կիևը հայտնում է, որ ուկրաինացիները կարողացել են ետ մղել ռուսների գրոհները:
Ըստ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության, ռուսները Խերսոնի շրջանում հարվածներ են հասցրել Ուկրաինայի բանակի 46-րդ բրիգադի 3-րդ գումարտակի դիրքերին:
Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնում է, որ ուկրաինացիները ետ են մղել ռուսների գրոհը Սլովյանսկի, Կրամատորսկի և Բախմուտի շտջաններում, իսկ Ավդեևկայի և Զապորոժիեի ուղղությամբ մարտերը դեռ շարունակվում են:
Ուկրաինայի միջուկային էներգիայի պետական ընկերության պաշտոնյաները հայտնել են, որ ռազմական գործողությունները սպառնում են Զապորոժիեի ատոմակայանին, որտեղ հրետակոծությունների հետևանքով կարող են վնասվել ռեակտորները կամ միջուկային թափոնների պահեստները:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսական դատարանը ДДТ ռոք խմբի մենակատար Յուրի Շևչուկին մեղավոր ճանաչեց բանակը վարկաբեկելու համար և նրան վարչական պատասխանատվության ենթարկեց՝ տուգանելով 50 հազար ռուբլով։ Շևչուկը նիստին չէր ներկայացել։
Իրավապաշտպան Պավել Չիկովը Տելեգրամի իր էջում հրապարակել է ճանաչված երգչի հայտարարությունը, որտեղ նա ասում է, թե միշտ դեմ է պատերազմներին և նաև դեմ է Ուկրաինայի ներկայիս պատերազմին։
Մայիսի 18-ին սոցցանցերում տարածվեցից Պերմում կայացած համերգի ժամանակ Յուրի Շևչուկի խոսքերը։ Նա ասել էր, թե «Հայրենիքը նախագահի հետույք չէ, որ ամեն անգամ պետք է համբուրել։ Հայրենիքը կայարանում կարտոֆիլ վաճառող աղքատ տատիկն է»։ Հանդիսատեսը ծափահարություններով էր ընդունել նրա խոսքերը։ Իսկ իրավապահները արձանագրություն էին կազմել։
Դատարանի նիստին մասնակցել է արձանագրության հեղինակ՝ ոստիկանության աշխատակցուհի Կամալովան։ Նա ասել է, թե Շևչուկի կողմից օրինախախտման նշաններ է տեսել «մենք դեմ ենք պատերազմին» խոսքում։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղրիմի հյուսիսում զինամթերքի պահեստի պայթյունը դիվերսիոն գործողության հետևանք է։ Ռազմամթերքի պահեստից բացի վնասվել է նաև երկաթգծի 5 կիլոմետրանոց հատված, էլեկտրակայան, բարձրավոլտ էլեկտրալարերի հենասյուներ, բնակելի տներ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջանկոյի շրջանում զորամասերից մեկի զինամթերքի պահեստում հրդեհ էր բռնկվել, որն առաջացրել էր պայթյուններ ու զիամթերքի դետոնացիա։
Միջադեպի առնչությամբ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։