- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինական նավահանգստից պարենով բեռնված նավը ուղղություն է վերցրել դեպի Աֆրիկա։ Սա Ուկրաինայից Աֆրիկա նավարկող առաջին նավն է ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր։
ՄԱԿ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչներից կազմված համատեղ կոորդինացիոն կենտրոնը ավելի վաղ հավանություն էր տվել նավի երթուղուն։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ընդհանուր առմամբ ուկրաինական նավահանգիստներից 5 նավ է դուրս եկել հացահատիկով ու եգիպտացորենով բեռնված։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Աշխարհի 40-ից ավելի պետություններ կոչ են արել Մոսկվային դուրս բերել զորքերը Զապորոժիեի ատոմակայանի տարածքից։ Հայտարարության տեքստը տեղադրվել է ԵՄ պաշտոնական կայքում։
Մոսկվային ուղղված կոչի տակ ստորագրել են ԵՄ անդամ բոլոր պետությունները, ինչպես նաև Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, մի շարք այլ երկրներ։ Հետխորհրդային տարածքի պետություններից այս կոչին միացել են Վրաստանը և Մոլդովան։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Լեհաստանը դիտարկում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը համաեվրոպական մակարդակով կասեցնելու հնարավորությունը՝ անկախ խոշոր երկրների դիրքորոշումից։ Այս մասին ասել է փոխարտգործնախարար Պյոտր Վավժիկը:
Այժմ այս քայլին դեմ են Գերմանիան, Ֆրանսիան և Նիդերլանդները։ Վավժիկը նշել է, որ Վարշավայի դիրքորոշումը կիսում են նաև Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Չեխիան և Սլովակիան։ Նա հավելել է, որ Լեհաստանն արդեն մի քանի ամիս է, ինչ զբոսաշրջային վիզաներ չի տրամադրում ռուսներին։
Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսն այսօր նաև կոչ է արել վերանայել արդեն տրված կացության թույլտվությունները և վիզաները նրանց համար, ովքեր աջակցում են Ուկրաինա ռուսական ներխուժմանը:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը կարծում է, որ ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրման հնարավոր արգելքը կարող է հանգեցնել Ռուսաստանում անկարգությունների։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ռուսաստանի դեմ ուկրաինական պատերազմի պատճառով Եվրամիության սահմանած պատժամիջոցների պատճառով փետրվարի վերջից 10 ռուսական ինքնաթիռ գտնվում է Գերմանիայի տարբեր քաղաքների օդանավակայաններում:
Գերմանիայի տրանսպորտի նախարարությունը հայտնում է, որ ԵՄ պատժամիջոցների համաձայն՝ սեփականատերերը չեն կարող օգտվել ինքնաթիռներից, արգելվում է օդ բարձրանալ և դրանք այլ վայրեր ուղարկել:
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Այսօր գյուղատնտեսական ապրանքներ տեղափոխող ևս երկու բեռնանավ է լքել Ուկրաինայի տարածքը, հայտարարել է Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը։
Թուրքական ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ Բարբադոսի դրոշի ներքո նավարկող Fulmar S նավը Չերնոմորսկի նավահանգստից Թուրքիայի հարավում գտնվող Իսքանդերուն է տեղափոխում ավելի քան 12 հազար տոննա եգիպտացորեն։ Մարշալյան կղզիներում գրանցված Thoe-ն նույն Չերնամորսկի նավահանգստից ուղղություն է վերցրել դեպի թուրքական Թեքիրդաղ քաղաք։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարում է Ուկրաինայի տարածքում ամերիկյան արտադրության Himars հրթիռային համակարգի ոչնչացման մասին։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ռազմական գերատեսչության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։
«Կրամատորսկ բնակավայրի մերձակայքում ոչնչացվել է մեկ Himars համակարգ և զինապահեստ, որտեղ պահվում էին այդ զինատեսակի համար նախատեսված հրթիռները», - հայտարարել է Կոնաշենկովը։
Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ նաև հայտարարել է Նիկոլաևի մարզում երկու ուկրաինական ուղղաթիռների ոչնչացման, ինչպես նաև Դոնբասի մի շարք շրջաններին հասցված հարվածների մասին։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Ֆրանցիսկոսը աջակցում է Ռուսաստանի դեմ ուկրաինացիների պայքարին։
«Ես բանակցել եմ Հռոմի պապի հետ, երախտագիտություն եմ հայտնել նրան ուկրաինացիներին ցուցաբերած աջակցության համար։ Մենք քննարկել ենք, թե ինչ համատեղ ջանքեր կարող ենք ձեռնարկել մեր խաղաղությունը մեր երկիր վերադարձնելու համար։ Ես տեղեկացրել եմ հովվապետին ռազմաճակատում տիրող իրավիճակի, ինչպես նաև Ռուսաստանի կողմից ահաբեկչության ծավալների մեծացմանն ուղղված ջանքերի մասին։ Հռոմի պապը համաձայն էր ինձ հետ և իր աջակցությունը հայտնեց», - ուրբաթ երեկոյան հեռարձակված ամենօրյա ուղերձում ասում էր Վլադիմիր Զելենսկին։
Խոսելով ռուսաստանցիներին՝ ԵՄ մուտքի վիզաների տրամադրումն արգելելու հեռանկարի մասին՝ Զելենսկին գոհունակություն էր հայտնում, որ այդ գաղափարն արդեն իսկ քննարկվում է պաշտոնական մակարդակում։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր տեսանյութ է հրապարակել` ցուցադրելով ռազմական օդանավերի թռիչքներ Ուկրաինայի երկնքում։
Հաղորդագրությունում նշված է, որ հրապարակված կադրերում հրթիռներ կրող գրոհային կործանիչներ են և մարտական առաջադրանք կատարող Սու-35 օդանավ։
Այսօրվա հրապարակումը հաջորդում է Ղրիմում ռուսական ավիաբազայում տեղի ունեցած պայթյուններին, որի հետևանքով ըստ որոշ լուրերի` շուրջ մեկ տասնյակ ռազմական օդանավ է ոչնչացվել։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Բրիտանիան Ուկրաինային հատկացրել է համազարկային կրակի M-270 հրթիռային համակարգերի հերթական խմբաքանակը։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը «Թվիթերում» գրել է, որ նոր խմբաքանակն արդեն գտնվում է Ուկրաինայում և աջակցության համար շնորհակալություն հայտնել Բրիտանիայի պաշտպանության նախարարին և բրիտանական ժողովրդին։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Արևմտյան երկրները դոնորների համաժողովում խոստացել են ավելի քան մեկուկես միլիարդ եվրո, սարքավորումներ և ուսուցում՝ ուժեղացնելու համար Ուկրաինայի ռազմական ներուժը Ռուսաստանի դեմ պայքարում:
Գումարը խոստացել են 26 երկրներ՝ Կոպենհագենում՝ պաշտպանության նախարարների համաժողովում, լրագրողներին հայտնել է Դանիայի պաշտպանության նախարար Մորտեն Բոդսկովը։
«Բոլոր երկրները, որոնք եկել են Կոպենհագեն, եկել են Ուկրաինային աջակցելու մտադրությամբ»,- մեկօրյա հանդիպման ավարտին ասել է Բոդսկովը։