- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների նոր հանդիպում հնարավոր է միայն Ուկրաինայում ռուսական գործողությունների «նկատելի դեէսկալացիայի» և Մոսկվայի կողմից դիվանագիտությանը անկեղծ հավատարմության դրսևորման դեպքում։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում ասել է Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարել էր, որ չի բացառում իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ նոր դեմ առ դեմ հանդիպման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Ուկրաինային Ռուսաստանի հետ բանակցություններում, նաև աջակցել Կիևի մասնակցությանը այս դիվանագիտական գործընթացին։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուս-ուկրաինական այսօրվա բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահի խորհրդական, ուկրաինական պատվիրակության անդամ Միխայլո Պոդոլյակն ասել է, որ համաձայնագրի նախագիծ է փոխանցվել ռուսական կողմին՝ քննարկման համար։
Նրա ասելով՝ ուկրաինական համաձայնագրի նախագծում հստակ նշված են արդեն մեկ ամսից ավելի ձգվող պատերազմի դադարեցման միջոցները, Ռուսաստանը կուսումնասիրի դրանք և իր առաջարկները կանի։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Այսօր ռուսական ուժերը հրթիռակոծել են Նիկոլաև քաղաքի վարչակազմի շենքը, որի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, 22-ը` վիրավորվել, հայտնում են քաղաքային իշխանությունները։ Վիրավորներից 18-ին փրկարարները դուրս են հանել փլատակների տակից։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը PBS-ին անցած երկուշաբթի տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը միջուկային զենք կօգտագործի միայն Ռուսաստանի գոյությանը սպառնալիքի դեպքում, որպեսզի վերացվի այդ սպառնալիքը։
Նա նշել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության որևէ արդյունք, «իհարկե, առիթ չէ միջուկային զենք օգտագործելու համար»։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական հանդիպումն ավարտվել է մեկնարկից երեք ժամ անց, չնայած նախապես հայտարարվել էր, որ բանակցությունները երկու օր են տևելու։ Դեռևս հայտնի չէ, թե երբ է անցկացվելու հաջորդ փուլը։
Այսօրվա հանդիպումից հետո Ուկրաինայի պատվիրակության անդամները հայտնել են, որ քննարկվել է Ուկրաինայի անվտանգության միջազգային երաշխիքների հարցը՝ երկրի չեզոք կարգավիճակի դեպքում։ Երաշխավոր հանդիսացող երկրները ագրեսիայի դեպքում պետք է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերեն։ Միջազգային երաշխիքները առաժմ չեն տարածվելու Ղրիմի և Ուկրաինայի վերահսկողություից դուրս գտնվող Դոնբասի շրջանների վրա։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հեռախոսային կոֆերանս-կապով անցկացված խորհրդակցության ժամանակ ասել է, որ Ուկրաինայում «ռազմական հատուկ գործողության» առաջին փուլի խնդիրները հիմնականում կատարվել են՝ մարտական գործողությունների 33 օրվա ընթացքում ռուսական օդուժը գերիշխել է Ուկրաինայում, ոչնչացվել է ուկրաինական ռազմական օդանավերի մեծ մասը, մեծ քանակի հակաօդային պաշտպանության համակարգեր, և նրա խոսքերով՝ հիմա ռուսական ուժերը կարող են կենտրոնանալ Դոնբասի «ազատագրման վրա»։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Նախագահներ Պուտինն ու Զելենսկին կարող են հանդիպել խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ժամանակ, այսօր Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցություններից հետո հայտարարել է ռուսական կողմի գլխավոր բանագնաց Վլադիմիր Մեդինսկին։
«Այսօրվա բովանդակալից հանդիպումից հետո համաձայնեցրել ենք և առաջարկում ենք լուծում, որով նախագահների հանդիպումը հնարավոր է՝ համաձայնագրի նախաստորագրման հետ», - ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը։
Ուկարինական պատվիրակության անդամ Դավիդ Արախամիան մինչդեռ պնդել է, թե Կիևը պահանջում է, որ այդ փաստաթուղթը լինի միջազգային և այն ստորագրեն ու վավերացնեն Ուկարինայի անվտանգության բոլոր երաշխավորները։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Ռուսական բանակը որոշել է կտրուկ նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի ու Չեռնիգովի մերձակայքում. ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։
Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին էլ նշել է, թե Մոսկվան քայլեր է անում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Հայտարարությունները հնչել են կողմերի միջև այսօր Ստամբուլում կայացած բանակցություններից հետո։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ գեներալ Իգոր Կոնաշենկովն այսօր ասել է, որ երեկ երեկոյան թևավոր հրթիռների ճշգրիտ հարվածներով Ուկրաինայի Ռովնոյի մարզում ոչնչացվել է վառելիքի մեծ բազա, որտեղից վառելիք էր մատակարարվում Կիևի մարզի ուկրաինական զորքերին։
Նա նաև հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը ուկրաինական ուժերի երեք անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։
Վերջին շրջանում ռուսական ուժերն Ուկրաինայում թիրախավորում են վառելիքի բազաներն ու պահեստները՝ կտրելով ուկրաինական բանակի սնուցման աղբյուրները։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ ուշ երեկոյան իր տեսաուղերձում հայտնել է, որ ուկրաինական ուժերը Կիևի մարզի որոշ շրջաններ հետ են վերցրել։ Իրպեն քաղաքը ազատագրվել է։
«Այսօր մենք լավ լուր ունենք։ Մեր պաշտպանները առաջ են շարժվում Կիևի մարզում՝ վերականգնելով ուկրաինական տարածքների վրա վերահսկողությունը։ Իրպենը ազատագրվել է»,- հայտարարել է նա։
Զելենսկին նշել է, որ Կիևից հյուսիս ընկած շրջանները դեռ գտնվում են ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Չեռնիգովի, Սումիի, Խարկովի մարզերում, Դոնբասում, երկրի հարավում իրավիճակը մնում է լարված և շատ ծանր։