- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ստամբուլում Դոլմաբահչեի նախագահական գրասենյակում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները:
Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ, հանդիպումից առաջ պատվիրակություններին ողջունել է Թուրքիայի նախագահը՝ հայտարարելով, որ շատ գոհ են բանակցությունները հյուրընկալելու և խաղաղության հաստատման ճանապարհին ներդրում ունենալու համար: Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջողություն է մաղթել պատվիրակներին:
Ռոման Աբրամովիչը գտնվում է Դոլմաբահչեի պալատում, որտեղ ընթանում են ռուս-ուկրաինական բանակցությունները։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՄԱԿ-ն առաջարկում է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որպեսզի շտապ պայմանավորվածություն ձեռք բերվի մարդասիրական զինադադարի շուրջ։ Այս մասին երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
ՄԱԿ-ը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հումանիտար զինադադարը հնարավորություն կտա ապահովել անհրաժեշտ մարդասիրական օգնություն, ինչպես նաև ապահովել խաղաղ բնակչության տեղաշարժի անվտանգությունը։ «Դա կփրկի կյանքեր, կկանխի տառապանքները և կպաշտպանի Ուկրաինայի խաղաղ բնակչությանը», - նշել է Գուտերեշը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ընդլայնման մասին, որոնք սահմանվել են Ուկրաինա ներխուժման պատճառով։
Տոկիոյի որոշմամբ՝ ապրիլի 5-ից արգելվում է ճապոնական շքեղ ավտոմեքենաների, մոտոցիկլետների և ալկոհոլային խմիչքների արտահանումը Ռուսաստան։ Բացի այդ, կարգելվի ճապոնական արվեստի, ոսկերչական իրերի, ծխախոտի և կոսմետիկայի, մորթու մատակարարումը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մարիուպոլի պաշարման 27 օրերի ընթացքում զոհվել է 5 հազար բնակիչ, այդ թվում՝ 210 երեխա, հաղորդում է քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն։
Միայն մարտի 16-ին Դրամատիկական թատրոնի ռմբակոծության ժամանակ զոհվել է մոտ 300 մարդ, ովքեր թաքնվել էին նկուղում։
Մարիուպոլում մնում է մոտ 170 հազար բնակիչ․ 140 հազարին հաջողվել է լքել քաղաքը մինչև պաշարումը, ևս 150 հազարին հաջողվել է տարհանել շրջափակված քաղաքից։
Քաղաքի շենքերի 90 տոկոսը վնասված են, 7 հիվանդանոցներից 3-ն ամբողջությամբ ավերվել են, մնացածը մեծ վնաս են կրել։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Այսօր Ստամբուլում բանակցություններ կանցկացվեն Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև։
Սպասվում է, որ կողմերը կբանակցեն հումանիտար հարցերի շուրջ և կփորձեն պայմանավորվել հրադադարի վերաբերյալ։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Գարեջուր արտադրող Heineken և Carlsberg ընկերությունները լքում են Ռուսաստանը՝ միանալով Մոսկվայից արտասահմանյան բիզնեսի արտագաղթին։
Անցած շաբաթներին այդ երկու ընկերությունները դադարեցրել էին իրենց ապրանքանիշերի՝ Heineken-ի և Carlsberg-ի վաճառքն ու արտադրությունը Ռուսաստանում, հրաժարվել նոր ներդրումներից և արտահանումից։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
«Մեծ յոթնյակի» երկրները հրաժարվում են ռուսական գազի համար վճարել ռուբլով։ G7-ի բոլոր նախարարները համակարծիք են՝ դա պայմանագրերի միակողմանի և ակնհայտ խախտում է։
«Ռուբլով վճարումներն անընդունելի են, մենք կոչ ենք անում շահագրգիռ ընկերություններին չենթարկվել Պուտինի այդ պահանջին»,- հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։