Մատչելիության հղումներ

Ավարտվեց ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը՝ Ղրիմ, Դոնբաս, անվտանգության երաշխիքներ


Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական հանդիպումն ավարտվել է մեկնարկից երեք ժամ անց, չնայած նախապես հայտարարվել էր, որ բանակցությունները երկու օր են տևելու։ Դեռևս հայտնի չէ, թե երբ է անցկացվելու հաջորդ փուլը։

Այսօրվա հանդիպումից հետո Ուկրաինայի պատվիրակության անդամները հայտնել են, որ քննարկվել է Ուկրաինայի անվտանգության միջազգային երաշխիքների հարցը՝ երկրի չեզոք կարգավիճակի դեպքում։ Երաշխավոր հանդիսացող երկրները ագրեսիայի դեպքում պետք է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերեն։ Միջազգային երաշխիքները առաժմ չեն տարածվելու Ղրիմի և Ուկրաինայի վերահսկողություից դուրս գտնվող Դոնբասի շրջանների վրա։

Կիևը կարող է համաձայնվի չեզոք, ոչ միջուկային կարգավիճակի հետ, արտասահմանյան ռազմական բազաներ Ուկրաինայի տարածքում չեն տեղակայվի։

Ղրիմի հարցով Ուկրաինան երաշխիքներ է տալու, որ 15 տարի չի փորձի Ղրիմը վերադարձնել ռազմական ճանապարհով, այդ ընթացքում բանակցություններ կանցկացվեն թերակղզու կարգավիճակի հարցով։ Դոնեցկի և Լուգանսկի հարցը առաջարկվում է լուծել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների ուղիղ բանակցությունների միջոցով։

Ռուսաստանի հետ համաձայնագիրը պետք է հանրաքվեի հավանությունը ստանա։ Երաշխավոր պետությունները պետք է օգնեն Ուկրաինային անդամակցելու ԵՄ-ին։

Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին բանակցությունները կառուցողական է գնահատել, ասելով, թե ուկրաինական կողմի դիրքորոշումները կփոխանցվեն Ռուսաստանի նախագահին։

XS
SM
MD
LG