Մատչելիության հղումներ

Հայաստանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման հարց չկա. ԱԳՆ 


Հայաստանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման հարց չկա, այսօր հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Ներկայացնելով պաշտոնական Երևանի դիրքորոշումը ռուս-ուկրաինական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ Արտգործնախարարության ներկայացուցիչն «Ազատությանը» հայտնել է. «Մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ երկու բարեկամ պետությունների միջև առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով` միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Եվ հուսով ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ լարվածության նվազեցման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար»։

Ուկրաինան երախտապարտ է Հայաստանին նման դիրքորոշման համար

Գրեթե անմիջապես արձագանքեց պաշտոնական Կիևը. Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը կեսօրին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ երախտապարտ են Երևանին նման դիրքորոշման համար։

«Շատ դրական ենք [արձագանքում Հայաստանի այդ դիրքորոշմանը]։ Երախտապարտ ենք։ Ինձ մոտ է այդ տեքստը։ Պարոն Հունանյանը հնչեցրել է Հայաստանի դիրքորոշումը։ [Հայաստանի] ինքնիշխան իրավունքն է ընդունել համապատասխան որոշումներ։ Ցանկություն է հնչել հակամարտության կարգավորմանը հասնել դիվանագիտական երկխոսության, բանակցությունների միջոցով՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։ Ցավոք, ինչպես ի սկզբանե ասացի, Ռուսաստանի Դաշնության համար միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի կանոնադրությունը դադարեցին գոյություն ունենալ, քանի որ դադարեցին գոյություն ունենալ մինսկյան համաձայնությունները»։

Երկու օր առաջ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։

Ավտոնոմովի խոսքով` եթե որևէ այլ պետություն ճանաչի նշված կազմավորումները, ապա կշահի միայն Կրեմլը։ Դիվանագետը նաև ընդգծեց՝ նման պարագայում Ուկրաինան համապատասխան արձագանք ցույց կտա՝ չմանրամասնելով, սակայն, թե ինչի մասին է խոսքը։

Դենիս Ավտոնոմովին հիշեցրեցին Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի երեկվա խոսքերը, թե պաշտոնական Երևանը առնվազն չպետք է դեմ արտահայտվի Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչմանը՝ ելնելով արցախյան հիմնահարցից։

«Այո, ծանոթ եմ պարոն Մինասյանի բարձրացրած հարցին։ Կրկնեմ, եթե որևիցե երկիր ճանաչի այդ կազմավորումները, որևէ օգուտ չի ստանա, կօգտվի միայն Ռուսաստանը։ Կա [Հայաստանի] արտգործնախարարության պաշտոնական դիրքորոշումը, որի մասին խոսեցիք։ Մեզ հայտնի է դաշնակների դիրքորոշումը։ Մի ժամանակ նրանք եկել էին մեր դեսպանատուն, բորշչով լի ապակե տարաներ էին նետում։ Կարծում եմ` հայկական ավանդական, հին կուսակցության համար, որը շատ բան է արել հայկական պետականության կայացման գործում, Հայ յեղափոխական դաշնակցության համար սա պատվաբեր չէ», - արձագանքեց նա։

Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու հրամանագրերը ստորագրելուց առաջ՝ երկուշաբթի երեկոյան, Ռուսաստանի նախագահը հանդես եկավ ընդարձակ տեսաուղերձով, ուր հայտարարեց, թե բոլշևիկների առաջնորդ Լենինն է ստեղծել Ուկրաինան։

Պուտինը գործում է ինչպես Հիտլերը

Հայաստանում Ուկրաինայի ներկայացուցչին այսօր հարցրեցինք՝ արդյո՞ք Պուտինն այլևս հրապարակավ հրաժարվում է ճանաչել Կիևի և հետխորհրդային այլ երկրների ինքնիշխանությունը՝ արդեն երեսնամյա պետությունները համարելով արհեստական կազմավորումներ։

«Նա աշխատել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում՝ ՊԱԿ-ի ներկայացուցչությունում։ Կարծում եմ` ինքնըստինքյան, քաջածանոթ է Ադոլֆ Հիտլերի ստերծագործությանը՝ «Իմ պայքարը»։ Այդ գրքույկի առանցքային ուղերձներից մեկն է, որ Ավստրիան պետություն չէ, և ազգը չի կարող բաժանված լինել։ Այսինքն` ուղղակի կրկնություն է՝ Ուկրաինան պետություն չէ, ազգը չի կարող բաժանված լինել», - պատասխանեց նա։

Նկատի ունե՞ք, որ Ռուսաստանի նախագահը նույն քայլերն է անում, ինչ Երկրորդ աշխարհամարտից առաջ Հիտլերը՝ խնդրեցինք մանրամասնել Ավտոնոմովին։

Դենիս Ավտոնոմովն արձագանքեց. «Այո։ Անշլյուսը, Մյունխենը, Ավստրիայի անշյլուսը, Սուդեթները, Ուկրաինան, Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսիան։ Որտեղ կարողանում է, մի կտոր է կծում-պոկում, իսկ հետո մեծ պատերազմ է սկսում։ Թե ինչով այն ավարտվեց, հանրահայտ է»։

Դենիս Ավտոնոմովն ընդգծեց՝ պաշտոնական Կիևը դատապարտում է Ռուսաստանի որոշումը ճանաչել Ուկրաինայի բռնազավթված տարածքներում ստեղծված «այսպես կոչված` հանրապետությունները»։

2014թ. Ղրիմի բռնազավթման հետ միաժամանակ Ռուսաստանը օկուպացրեց նաև Ուկրաինայի արևելյան երկու՝ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի մոտ մեկ քառորդը՝ ընդհանուր առմամբ մոտ 16 հազար քառակուսի կիլոմետր կամ Հայաստանի Հանրապետության տարածքի կեսից ավելին։ Այդ տարածքում բնակվում է շուրջ 3.5 միլիոն մարդ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG